Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:28

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Բայց Ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով կնոջ վրա նայում է ցանկասիրությամբ, արդեն իր սրտում շնություն է գործում նրա հետ»։
   
   Բացահայտելով առաջին պատվիրանն իր ամբողջ խորությամբ և այն հոգևոր կյանքի բարձրագույն սկզբունքին հասցնելով՝ Փրկիչն աստիճանաբար անցնում է երկրորդ պատվիրանին՝ նաև այս դեպքում հետևելով հին օրենքի պատվիրանների հերթականությանը։ Բայց, գուցե, ինչ-որ մեկը կասի, որ սա երկրորդը չէ, այլ երրորդ պատվիրանն է։ Իսկ «մի´ սպանիր» պատվիրանը նույնպես ինքնին առաջինը չէ։ Առաջին պատվիրանն է՝ «դուք ունեք Մեկ Հայր, Որը երկնքում է»։ Սա նկատի ունենալով` կարելի է հարցնել, թե Փրկիչն ինչու Իր ուսմունքը չսկսեց հենց այս պատվիրանից։

   Եվ այսպես, ուրեմն, ինչու՞։ Որովհետև, եթե Նա սկսեր առաջին պատվիրանից, ապա ստիպված կլիներ այն բացահայտել ավելի մեծ խորությամբ և, հետևաբար, հարկ կլիներ խոսել նաև Իր իսկ մասին։ Մինչդեռ Իր մասին մանրամասն ուսմունք թելադրելու ժամանակը դեռևս չէր հասունացել։
Բացի այդ, որոշակի ժամանակաշրջանում Հիսուս առաջարկում էր միայն բարոյական ուսմունք՝ ցանկանալով նախ Իր խրատներով և հրաշքներով համոզել ունկնդիրներին, որ Ինքն Աստծու Որդին է։ Հակառակ դեպքում, եթե Նա նախքան բարոյական ուսմունք տալը և հրաշքներ կատարելն ասեր` «դուք լսել եք, թե ինչ ասվեց ձեր նախնիներին. Ես եմ քո Տեր Աստված, և Ինձնից բացի այլ Աստված չկա. իսկ Ես ձեզ ասում եմ, որ Ինձ նույնպես պետք է նույն երկրպագությունը մատուցեք, ինչպես Նրան», ապա այդ պարագայում բոլորին «ստիպած» կլիներ Իրեն նայել որպես խելագարի։ Եթե նույնիսկ Քրիստոսի քարոզներից և բազմաթիվ նշաններից հետո էին Նրան խելագար (դիվահար) անվանում` այն դեպքում, երբ Նա նույնիսկ գաղտնիորեն խոսում էր Աստծո հետ Իր համահավասարության մասին, ապա ինչե՞ր ասես, որ չէին ասի, ինչե՞ր չէին հորինի, եթե Նա հենց սկզբից որոշեր Իր մասին խոսել` իբրև Աստծու մասին։ Մինչդեռ, պահպանելով Իր Աստվածության մասին ուսմունքը մինչև պատեհ ժամանակը, այդպիսով Քրիստոս այդ ուսմունքը շատերի համար հեշտությամբ ընդունելի դարձրեց։
   Ահա թե ինչու Փրկիչը սկզբում լռեց դրա մասին։ Նա նախ Իր ունկնդիրներին տրամադրեց այդ լուրին նշաններով և բարձրագույն բարոյական ուսմունքով, իսկ հետո բացահայտ արտահայտեց այդ ուսմունքը խոսքերով։ Եվ այսպես, այժմ էլ Հիսուս այն բացահայտում է քիչ-քիչ՝ նշաններ կատարելով և ուսմունքի ձևով։ Իր աստվածային իշխանությամբ պատվիրաններ սահմանելով և օրենքը լրացնելով` Նա դրանով ուշիմ և խոհեմ ունկնդրին աստիճանաբար բարձրացնում էր դեպի Իր Աստվածության մասին դավանանքի (դոգմայի) ընկալումը։ Ավետարանիչն ասում է, որ ունկնդիրները զարմանում էին Հիսուսի ուսմունքի վրա, քանի որ Նա ուսուցանում էր ոչ այնպես, ինչպես նրանց դպիրները (Մատթ. 7:29, Մարկ. 1:22)։ Եվ այսպես, սկսելով մեր գլխավոր կրքերից, այսինքն՝ բարկությունից և ցանկասիրությունից (քանի որ այդ կրքերն ավելի ուժեղ են ներազդում մեզ վրա և մեզ ավելի բնորոշ են, քան մյուսները), Փրկիչը, օրենսդրին հարիր մեծ հեղինակությամբ, ուղղեց դրանց մասին պատկերացումները և ամենայն ճշգրտությամբ սահմանեց դրանց էությունը։
   Իրոք որ, Հիսուս չասաց, որ միայն շնացողն է պատժվում. այլ այն, ինչ Նա ասել էր «մարդասպանի» մասին, ասում է նաև այստեղ՝ պատիժ սահմանելով նաև ցանկասեր հայացքի համար, որպեսզի ցույց տա, թե որն է Իր գերազանցությունը դպիրների նկատմամբ։ «Ամեն ոք, ով կնոջ վրա նայում է ցանկասիրությամբ, արդեն իր սրտում շնություն է գործում նրա հետ», այսինքն՝ ով սովոր է տարվել մարմնական գեղեցկությամբ, որսալ գայթակղիչ հայացքները, իր հոգին հիացնել այդպիսի տեսարանով և աչքերը չհեռացնել գեղեցիկ դեմքերից, նա արդեն իսկ շնանում է։ Քրիստոս եկավ չար գործերից ազատելու ոչ միայն մարմինը, այլև, առավել ևս, հոգին։ Քանի որ Սուրբ Հոգու շնորհը մենք ընդունում ենք սրտում, ուստի Փրկիչը նախ և առաջ մաքրում է այն։ Բայց ինչպե՞ս է հնարավոր, - կասես դու, - ազատվել ցանկասիրությունից։ Եթե միայն ցանկանանք, ապա շատ հնարավոր է այն մեռցնել և անզոր դարձնել։
   Այնուամենայնիվ, Քրիստոս այստեղ արգելում է ոչ թե ամեն ցանկություն, այլ այն ցանկությունը, որ ծնվում է կանանց նայելուց։ Ով սիրում է նայել գեղեցիկ դեմքերին, նա ինքն է առավելապես բորբոքում իր մեջ կրքի բոցը և, հոգին դարձնելով կրքի գերի, շուտով անցնում է նաև ցանկության իրականացմանը։ Այդ պատճառով Քրիստոս չասաց՝ ով ցանկանում է, արդեն իսկ շնանում է, այլ՝ «ով կնոջ վրա նայում է ցանկասիրությամբ»։ Երբ Հիսուս խոսում էր բարկության մասին, Նա որոշակի սահմանափակում էր մտցնում «իզուր» և «զուր տեղը» բառերով։ Իսկ ահա ցանկասիության մասին խոսելիս Հիսուս նման սահմանափակում չկիրառեց, այլ ամբողջությամբ արգելեց ցանկասիրությունը, թեև բարկությունն ու ցանկությունը հավասարապես բնածին են մեզ համար, և ոչ առանց նպատակի են մեզ տրված, մասնավորապես՝ բարկությունը տրված է, որպեսզի մենք պատժենք չարագործներին և ուղղենք անկարգ վարքով ապրողներին, իսկ ցանկությունը՝ որպեսզի մենք երեխաներ ծնենք և այդպիսով սերնդեսերունդ պահպանենք մեր ցեղը։
   Այսպիսով, Փրկիչն ինչու՞ այստեղ ևս սահմանափակում չկիրառեց։ Եթե խորությամբ ուշադրություն դարձնենք հարցին, ապա այստեղ ևս կգտնենք մի շատ մեծ սահմանափակում։ Իրոք, Նա պարզապես չասաց՝ ով ցանկանում է, — քանի որ կարելի է ցանկանալ նաև լեռներում նստած ժամանակ, — այլ՝ «ով կնոջ վրա նայում է ցանկասիրությամբ», այսինքն՝ ով ինքն է բորբոքում իր մեջ ցանկությունը, ով առանց որևէ հարկադրանքի այդ գազանին ներմուծում է իր հանգիստ սիրտը։ Սա այլևս բնությունից չէ, այլ անփութությունից։ Նման ցանկությունն արգելվում է նաև Հին Կտակարանում, երբ ասվում է. «Մի նայիր օտարի գեղեցկությանը» (Սիր. 9:8
   Ավելին, որպեսզի ոչ ոք չասի՝ ի՞նչ վնաս, եթե ես նայեմ, բայց չտարվեմ կրքով, ուստի Քրիստոս պատժով է սպառնում նաև այդպիսի հայացքի համար, որպեսզի դու, չափից ավելի վստահելով ինքդ քեզ, հետո չընկնես մեղքի մեջ։ Բայց, կասես, մե՞ծ մեղք է, եթե ես նայեմ և ցանկանամ, բայց որևէ չարիք չգործեմ։ Ո´չ, չի կարելի, քանի որ այդ դեպքում նույնպես դու հավասարվում ես շնացողներին։ Այդպես է որոշել Օրենսդիրը, և դու այլևս չպետք է ավելի հետաքրքրասիրություն դրսևորես։ Երբ դու այդպես նայես մեկ, երկու, երեք անգամ, գուցե դեռ կարողանաս հաղթահարել կիրքը, բայց եթե անընդհատ դա անես և բորբոքես կրքի բոցը, ապա անպայման կպարտվես դրանից, որովհետև հակառակն անելը մարդկային բնությունից վեր է։ Ինչպես մենք, տեսնելով դանակ ունեցող երեխային, որն այն բռնել է` թեև առանց որևէ մեկին վնասելու, սակայն, այդուհանդերձ, դրա համար պատժում ենք նրան և արգելում ենք հետագայում կրկին դիպչել դանակի, այդպես էլ Աստված է արգելում կրքոտ հայացքը` նույնիսկ մինչև իրական հանցանք կատարելը, որպեսզի մենք երբեք չընկնենք բուն այդ հանցանքի մեջ։
   Ով մեկ անգամ իր մեջ բորբոքել է կրքի բոցը, նա նույնիսկ նախկինում իր տեսած կնոջ բացակայության դեպքում էլ անդադար ամոթալի արարքների պատկերներ է կերտում իր երևակայության մեջ, իսկ այդ պատկերներից էլ հաճախ անցնում է նաև իրական գործողության։ Ուստի Քրիստոս արգելում է նաև սրտի շնաբարո ընթացքը։ Եվ այսպես, ի՞նչ կասեն նրանք, ովքեր իրենց երևակայության մեջ անդադար աղջիկների են սիրահետում։ Նրանք, օրենքի սահմանմամբ, մեղավոր են անթիվ շնությունների մեջ, քանի որ ամեն օր կանանց վրա են նայում ցանկասիրությամբ։ Այդ պատճառով էլ օրհնյալ Հոբը իր համար որպես գլխավոր օրենք էր սահմանել` իրեն երբեք չթույլատրել նման հայացքներ գցել (տե´ս Հոբ 31:1)։ Իսկապես, երբ նայում ես կնոջ վրա, ավելի դժվար է դառնում քեզ զսպելն այդ ցանկալի կնոջը մերձենալուց։ Ընդ որում, հայացքից ստացվող հաճույքն այնքան մեծ չէ, որքան մեծ է այն վնասը, որ կրում ենք աճող ցանկության հետևանքով. այդպիսով, մենք ինքներս ենք զորացնում մեր հակառակորդին, ավելի մեծ ազատություն տալիս սատանային, այնպես որ այլևս չենք կարողանում դիմակայել նրան, երբ նրան ներս ենք թողնում և բացում մեր սիրտը նրա առջև։ Այդ պատճառով էլ Փրկիչն ասում է՝ «մի՛ շնացիր աչքերով, և այդ դեպքում չես շնանա նաև սրտով»։ Կարելի է կանանց նայել նաև այլ կերպ՝ այնպես, ինչպես նայում են պարկեշտները։ Ահա թե ինչու Փրկիչը բոլորովին չարգելեց նայել կանանց, այլ միայն արգելեց նրանց ցանկասիրությամբ նայելը։ Իսկ եթե Քրիստոս այդպիսի մտադրություն չունենար, պարզապես կասեր՝ «ով նայի կնոջ վրա»: Մինչդեռ Նա այդպես չասաց, այլ՝ «ով կնոջ վրա նայում է ցանկասիրությամբ», այսինքն՝ ով նայում է իր հայացքով հաճույք ստանալու համար։ Աստված աչքերը քեզ չի տվել, որպեսզի դրանք դարձնես շնության գործիք, այլ որպեսզի, նայելով Նրա ստեղծագործություններին, խոնարհվես Արարչի առջև։ Ինչպես հնարավոր է զուր տեղը բարկանալ, այդպես էլ կարելի է և ապարդյուն նայել, ու դա հենց այն հայացքն է, երբ նայում ես ցանկասիրությամբ։
   Եթե ցանկանում ես նայել և հաճույք ստանալ հայացքով, ապա անընդհատ նայիր քո կնոջը և սիրիր նրան. դա ոչ մի օրենքով չի արգելվում։ Իսկ եթե դու նայես օտար գեղեցկությանը, ապա կվիրավորես և´ քո կնոջը՝ աչքերդ նրանից հեռացնելով, և´ այն կնոջը, ում նայում ես, քանի որ դիպչում ես նրան՝ օրենքին հակառակվելով։ Նույնիսկ եթե դու ձեռքով չես դիպչում նրան, բայց դիպչում ես քո աչքերով։ Ահա թե ինչու է նման վարվելակերպը համարվում շնություն և, նախքան գալիք տանջանքները, ներկա կյանքում ևս մարդուն ենթարկում է ոչ փոքր պատժի։ Իրոք, այդժամ մարդում ամբողջ ներքին էությունը լցվում է անհանգստությամբ և խռովքով, բարձրանում է մեծ փոթորիկ, առաջանում է սարսափելի հիվանդություն, և այս բոլոր տառապանքները կրող մարդու վիճակը ոչնչով չի տարբերվում գերիների և շղթայվածների վիճակից։ Ընդ որում, հաճախ այն կինը, որն արձակում է մահաբեր նետը, հեռանում է վիրավորվածից, բայց վերքը երկար է մնում, կամ, ավելի ճիշտ, ոչ թե նա է քեզ վիրավորում նետով, այլ դու ինքդ ես քեզ մահացու վերք հասցնում՝ ցանկասեր աչքերով նայելով։ Ես սա ասում եմ, որպեսզի արդարացնեմ պարկեշտ կանանց։ Բայց եթե նրանցից ոմանք զարդարում են իրենց՝ հանդիպող տղամարդկանց հայացքները գրավելու համար, նմանատիպ կանայք, թեև իրենց գեղեցկությամբ ոչ ոքի չվնասեն էլ, մեծագույն պատժի կենթարկվեն։ Այդպիսի կինն արդեն պատրաստել, լուծել է թույնը, բայց դեռ չի հաջողեցրել որևէ մեկին մատուցել թունավորված բաժակը, կամ, ավելի ճիշտ, այդ կինն արդեն մատուցել է այդ մահաբեր բաժակը, բայց դեռևս այն խմել ցանկացող ոչ ոք չի գտնվել։ Ինչու՞ է, որ, - կհարցնես դու, - Քրիստոս Իր խոսքերում չի անդրադառնում նաև կանանց։ Որովհետև ամենուր Նա սահմանում է ընդհանուր օրենքներ, թեև, կարծես, դրանք ուղղում է միայն տղամարդկանց. խրատելով գլխին` Հիսուս միաժամանակ խրատ է տալիս նաև ամբողջ մարմնին։ Քրիստոս գիտե, որ ամուսինն ու կինը մեկ էակ են, ուստի Նա որևէ տեղում տարբերակում չի մտցնում
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:27
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

իսկ ես ձեզ ասում եմ. ամեն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:27
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17