Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
16-18. «Նաև, երբ ծոմ եք պահում, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների պես, որովհետև նրանք իրենց երեսները խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն արդեն ստացել են»։ «Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ»: «Որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ քո Հորը, Որը ծածուկ է, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես»։
Այս խոսքերին ականջալուր լինելով` մեզ մնում է ծանրորեն հառաչել և դառնապես ողբալ։ Մենք ոչ միայն ընդօրինակում ենք կեղծավորներին, այլ նաև գերազանցում ենք նրանց։ Ես գիտեմ շատերին, որոնք ոչ միայն ծոմ պահելիս են դա անում ի ցույց մարդկանց, այլ նաև, առհասարակ, ծոմ չպահելով՝ ծոմ պահողներին հատուկ դեմքի արտահայտություն են ընդունում և որպես դրա արդարացում ներկայացնում են մի պատճառաբանություն, որն ավելի վատթար է, քան ինքը` մեղքը։ «Ես դա անում եմ, - ասում են նրանք, - որպեսզի մյուսներին չգայթակղեցնեմ»։ Բայց այդ ի՞նչ ես ասում։ Ծոմ պահելու հրամանը քեզ տալիս է Աստծու օրենքը, իսկ դու վկայակոչում ես գայթակղությա՞ն հավանականությունը։ Ու մի՞թե կարծում ես, որ այդ օրենքը առերես կատարելով՝ գայթակղեցնում ես ուրիշներին, իսկ այն խախտելով՝ գայթակղություն չե՞ս առաջացնում։ Ի՞նչը կարող է ավելի վատթար լինել, քան նմանօրինակ արդարացումը։ Մի՞թե դու ցանկանում ես կեղծավորներից էլ ավելի վատը լինել, որ կրկնակի կեղծավորություն ես անում և ծայրահեղ ամբարտավանություն ես մտմտում։ Մի՞թե քեզ ամոթահար չի անում Փրկչի գործածած արտահայտության պերճությունը։ Հիսուս չասաց, թե նրանք միայն կեղծավորություն են անում, այլ, ցանկանալով էլ ավելի խստորեն հանդիմանել նրանց, այսպես ասաց. «Նրանք իրենց երեսները խոժոռում են», այսինքն՝ աղավաղում, խեղաթյուրում են իրենց դեմքերը։ Եթե նույնիսկ հանուն սնապարծության գունատ երևալն էլ նշանակում է դեմքը խեղել, ապա ուրեմն ի՞նչ կարող ենք ասել սպիտակեցնող միջոցների ու կարմրաներկերի մասին, որոնցով կանայք խեղաթյուրում են իրենց դեմքերը՝ կրքասեր երիտասարդներին կորստյան մատնելու համար։ Առաջին դեպքում այդ կեղծավորները վնաս են պատճառում միայն իրենք իրենց, իսկ այս վերջին պարագայում՝ և՛ իրենք իրենց, և՛ նրանց, ովքեր նայում են նրանց։ Հնարավոր բոլոր ջանքերը գործադրե´ք այս երկու վերքերից խույս տալու համար։
Փրկիչը մեզ պատվիրում է ոչ միայն չցուցադրել մեր բարի գործերը, այլ նաև խնամքով թաքցնել դրանք, ինչպես որ Ինքն էլ վարվեց նախքան այդ պատվիրանը տալը։ Ինչ վերաբերում է ողորմությանը, ապա այդ մասին Հիսուս պարզապես չասաց. «Ձեր ողորմությունը մի՛ արեք մարդկանց առաջ», այլև ավելացրեց. «…որպեսզի նրանք տեսնեն ձեզ» (Մատթ. 6:1)։ Ծոմապահության և աղոթքի մասին Քրիստոս այս նույն կերպ չարտահայտվեց։ Ինչո՞ւ. որովհետև բոլորովին գաղտնի կերպով ողորմություն տալն անհնար է, մինչդեռ աղոթելն ու ծոմ պահելը լիովին հնարավոր է։ Այսպիսով, երբ Հիսուս ասում էր. «Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աջն ի՛նչ է անում» (Մատթ. 6:3), այդժամ Նա խոսում էր ոչ թե բուն ձեռքերի, այլ ա´յն մասին, որ պետք է ձեռքի գործերը խնամքով թաքցնել բոլորից: Նա այդ նույնն ի նկատի ուներ նաև այն ժամանակ, երբ հրամայեց մտնել սենյակ` աղոթելու, և ո´չ թե այն, որ անպայմանորեն կամ գերադասաբար հենց փակ դռներով սենյակո´ւմ պետք է աղոթք անել։ Նմանապես նաև այստեղ, հրամայելով օծել գլուխը, Հիսուս այդպիսով չպատվիրեց, որ մենք անպայմանորեն օծենք մեզ, այլապես մենք բոլորս այդ պատվիրանը խախտողներ կլինեինք, և առաջին հերթին սա կվերաբերեր անապատականների համայնքներին, որոնք, հեռանալով լեռները, գերադասաբար ջանում են պահպանել ծոմապահության վերաբերյալ պատվիրանը։
Այսպիսով, Փրկիչը դա չէ, որ պատվիրեց մեզ Իր այս խոսքերով։ Հին ժամանակներում սովորություն կար, որ մարդիկ օծեին իրենց ուրախության և որևէ տոնակատարության ժամանակ, ինչպես երևում է Դավթի ու Դանիելի օրինակներից։ Քրիստոս նույնպես այստեղ պատվիրում է օծել գլուխը ոչ թե նրա համար, որ մենք անպայմանորեն այդպես վարվենք, այլ որպեսզի ամենայն խնամքով ջանանք թաքցնել մեր ծոմապահությունը, որն իրականում մեր ձեռքբերումն է։ Եվ որպեսզի դու համոզվես այս ճշմարտության իրավացիությանը, Հիսուս Ինքն Իր պատվիրանը կատարում է սեփական գործով, երբ քառասուն օր ծոմ է պահում ու դա անում է գաղտնաբար, չի օծում իր գլուխը և չի լվանում դեմքը, բայց նաև, այդ ամենը չանելով, միաժամանակ ամեն ինչ կատարում է առանց որևէ սնապարծության։ Փրկիչն այս նույնը պատվիրում է նաև մեզ. հիշատակելով կեղծավորների մասին և երկու պատվիրաններ ներկայացնելով Իր ունկնդիրներին` Նա Իր այդ հիշատակությամբ, այսինքն՝ «կեղծավորներ» անվանմամբ, մատնացույց է անում նաև մեկ այլ բան. մասնավորապես, Հիսուս մեզ հեռու է պահում չար ցանկություններից ոչ միայն նրանով, որ կեղծավորի արարքը ծաղրի արժանի և խիստ վնասակար է համարում, այլև նրանով, որ կեղծավորի խաբեությունը կարող է ծածուկ մնալ միայն մի որոշ ժամանակ։ Իրոք որ, դերասանը միայն այնքան ժամանակ է հանճարեղ թվում, քանի դեռ ներկայացումը շարունակվում է, և նույնիսկ այդ դեպքում էլ դա ոչ բոլորի համար է այդպես. հանդիսատեսի մեծ մասը գիտի, թե նա ով է և ում դերն է խաղում։ Բայց երբ ներկայացումն ավարտվում է, այդժամ նա բոլորի համար բացահայտվում է այնպիսին, ինչպիսին որ կա իրականում։ Այս նույն ճակատագրին անպայմանորեն ենթարկվում են նաև սնապարծները։ Եվ եթե արդեն այստեղ՝ երկրի վրա, շատերին հայտնի է, որ նրանք (սնապարծները) այնպիսին չեն, ինչպիսին թվում են, այլ միայն որոշակի դիմակներ են կրում, ապա առավել ևս նրանք կբացահայտվեն ավելի ուշ, երբ «բոլորը կլինեն մերկ և բացահայտ»։
Մյուս կողմից էլ, Փրկիչն Իր ունկնդիրներին հեռու է պահում կեղծավորներին ընդօրինակելուց նաև Իր պատվիրած պատգամի դյուրակատարությամբ։ Նա չի պատվիրում երկարատև ծոմապահության մեջ լինել, չի հրամայում բազմիցս ծոմ պահել, այլ միայն պատգամում է, որ զգույշ լինենք, որպեսզի չզրկվենք ծոմապահության համար նախատեսված պսակից։
Այսպիսով, այն, ինչ դժվարին է ծոմապահության մեջ, ծանրություն է, որ ընկած է և´ մեզ վրա, և´ կեղծավորների վրա, քանի որ նրանք նույնպես ծոմ են պահում։ «Իսկ ահա ամենադյուրին գործը, այսինքն՝ ջանքեր գործադրելը` պահեցողների համար նախատեսված պարգևը չկորցնելու համար, ոչ այլ ինչ է, բացի միայն` Իմ պատվիրանի պահպանությունը», - ասում է Փրկիչը։ Եվ այսպես, Քրիստոս ոչ մի կերպ չի ավելացնում մեր չարչարանքները, այլ միայն պահպանում է մեզ համար նախատեսված պարգևի անկորնչելիությունը` չցանկանալով, որ մենք հեռանանք առանց պսակի արժանանալու, ինչպես տեղի է ունենում կեղծավորների պարագայում։ Վերջիններս չեն ցանկանում վարվել այնպես, ինչպես վարվում են Օլիմպիական խաղերում մրցող մարզիկները, որոնք, մեծաքանակ ժողովրդի և նշանավոր անձանց ներկայությամբ, ջանում են հաճոյանալ միայն նրա´ն, ով իրենց պսակում է հաղթանակի համար, թեկուզ եթե այդ պսակողը համեմատաբար ցածր դիրք ունեցող մարդ էլ լինի։ Դու կրկնակի խթաններ ունես ջանքեր գործադրելու և Տիրոջ աչքերի առաջ հաղթանակած դուրս գալու համար. Նա Ինքն է, որ պսակելու է քեզ, և Նա անհամեմատ բարձր է այս աշխարհի թատերաբեմում եղող յուրաքանչյուր մեկից, մինչդեռ դու ցանկանում ես քո «հաղթանակի» մասին հայտարարել հասարակ մարդկանց, որոնք ոչ միայն չեն կարող քեզ որևէ օգուտ բերել, այլև նույնիսկ կարող են մեծ վնաս պատճառել քեզ։
«Այնուամենայնիվ, Ես դա նույնպես չեմ արգելում, - ասում է Նա. եթե ցանկանում ես երևալ մարդկանց աչքի առջև, ապա սպասի´ր: Ես դա էլ կտամ քեզ լիարժեքորեն և քո օգտի համար։ Ներկայումս քո այդ ցանկությունը քեզ կզրկի Իմ կողմից շնորհվող փառքից, քանի որ այդ ամենի (երկրային փառքի) անտեսումը քեզ միավորում է Ինձ հետ, բայց այն ժամանակ (երկնային կյանքում) դու այդ ամենը կվայելես լիակատար ապահովության մեջ»։ Նույնիսկ դրանից (երկնային կյանքից) առաջ էլ` դեռևս այստեղ (երկրային կյանքում), դու փոքր պտուղ չես ստանա՝ մարդկային փառքն արհամարհելով: Այլ, ընդհակառակը, դու կազատվես մարդկանց ստրուկը լինելու տաժանագին պարտավորությունից և կդառնաս առաքինության անկեղծ բարեկամը: Իսկ եթե հակառակը գործես` սիրելով մարդկային փառքը, ապա, թեկուզ անապատ էլ հեռանաս, առաքինություն ձեռք չես բերի հենց միայն այն պատճառով, որ հանդիսատես չես ունենա։ Մտածի´ր. դու քո այդ քայլով վիրավորում ես բուն առաքինությանը, երբ այն կատարում ես ոչ թե հենց իսկ հանուն նրա (առաքինության), այլ հանուն ինչ-որ պարանագործի, դարբնի և վաճառականների ամբոխի: Ի՞նչ է, ցանկանում ես, որ քեզնով հիանան նաև վա՞տ մարդիկ, որոնց համար առաքինությունը կողմնակի (երկրորդական նշանակության) մի բան է: Եվ դրա համար դու պատրաստ ես նույնիսկ առաքինության թշնամիների՞ն ի մի հավաքել, որպեսզի նրանց ցույց տաս քո այս կամ այն առաքինությունը, ինչպես դա կանեին բեմում լինելով։ Սա նման է այն օրինակին, որ ինչ-որ մեկը ցանկանա մաքրաբարո կյանք վարել ոչ թե հանուն սրբության հանդեպ ակնածանքի, այլ որպեսզի իր այդ վարմունքը ցուցադրի պոռնիկների առաջ: Ճիշտ այդպես էլ նաև դու չէիր ընտրի առաքինությունը, եթե ցանկություն չունենայիր փառավորվելու առաքինության թշնամիների´ առաջ, մինչդեռ հարկ էր առաքինության հանդեպ ակնածանք ցուցաբերել նաև ա´յն պատճառով, որ այդ առաքինությունը գովաբանում են նույնիսկ նրա թշնամիները։
Այսպիսով, մենք պետք է պատվենք առաքինությունը ոչ թե հաչս այլոց, այլ հենց իսկ հանուն այդ առաքինության։ Եվ ավելին, մենք ինքներս ենք մեզ վնաս պատճառում, երբ «թույլ» ենք տալիս, որ մեզ սիրեն ոչ թե «հանուն մեզ» (հանուն այն բանի, թե ով ենք մենք), այլ ուրիշների «շնորհիվ»։ Նույն կերպ խորհիր նաև առաքինությա´ն մասին. մի´ սիրիր առաքինությունը` ուրիշների աչքին հաճոյանալու համար, մի´ հնազանդվիր Աստծուն` «մարդկանց համար», այլ Աստծո´ւ համար հնազանդվիր մարդկանց…Եթե դու այլ կերպ ես վարվում, ապա, թեև առաջին հայացքից կարծես սիրում ես առաքինությունը, իրականում, սակայն, բարկացնում ես Աստծուն նույնքան, որքան նա´, ով ընդհանրապես չի հետևում առաքինության շավիղներին։ Ինչպես այդ վերջինը (նա, ով չի ընթանում առաքինության ճանապարհով) չի հնազանդվում Աստծուն, քանի որ առաքինի գործեր չի կատարում, այնպես էլ դո´ւ ես խախտում Աստծո օրենքը, քանի որ անօրինաբար ես առաքինություն գործում։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
«Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:
Եվ երբ պահեցողություն անեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների պես, ովքեր այլայլում են իրենց դեմքը, որպեսզի մարդկանց ցույց տան, թե պահքի մեջ են: Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. հենց դա է նրանց վարձը:
Շատերն են այս կրքով բռնված, ովքեր կեղծավորաբար ցույց են տալիս, թե [պահեցողություն են անում], ոչ միայն երբ պահքի մեջ են, այլև երբ չեն, ինչն ավելի չար է, քան մեղանչելը, և երբ ճշմարիտ [քրիստոնյաներից] հանդիմանվում են, պատճառ են կարկատում՝ ասելով. «Որպեսզի ոչ ոքի չգայթակղեցնենք»: Նրանց արժե ասել. ո՛վ անմիտ, մարդկանց շահում ես աստվածային օրենքը ոտնահարելո՞վ, որն արգելք է դնում՝ ասելով. «Մի՛ եղեք կեղծավոր փարիսեցու նման տրտմերես»: Եվ սրանով չի բավարարվում, այլ է՛լ ավելի կսկծեցնում՝ ավելացնելով. «Ովքեր այլայլում են իրենց դեմքը»: «Դեմքի այլայլություն» է կոչում կամ տրտմությունը, որովհետև դեմքը սրտի հայելին է. [կեղծավոր մարդը] մտքի կիրքը, որ տրտմությունն է, դեմքին արտացոլել է տալիս՝ միտքն այլայլում և արտաքուստ էլ դեմքը մռայլեցնում, կամ էլ «այլայլություն» է կոչում դեմքի եղծումն ու խանգարումը, երբ չարից սովորելով՝ [մարդիկ], փառասիրության ախտից դրդված, իրենց դեմքը ներկերի միջոցով գունատ են դարձնում: Ուրեմն՝ եթե սրանք, որ հանուն պահքի են սա գործում, այսպիսի մեծ պատիժների են ենթակա, ապա ի՞նչ պատիժներ չեն կրի նրանք, ովքեր ծարույրով ու սնգույրով են [իրենց դեմքը ներկում]՝ տեսնողներին ցանկասիրաբար հրապուրելու համար:
«Այլայլում են իրենց դեմքը, որպեսզի մարդկանց ցույց տան, թե պահքի մեջ են»: Արտաքին տեսքը առանց էության կերպարանք է, ինչպես որ օդում էլ արևից կամ լուսնից հաճախ փայլմունք է լինում, որը «ծիածան» ենք կոչում և որն էություն չունի, ինչ պատճառով և դյուրափոփոխ ու վաղանցուկ է: Կամ էլ ինչպես որ այն հարցուկը 1 Սամվելի դեմքով դևին ցույց տվեց Սավուղին (Ա Թագ. 28։3-25), այդպես էլ սրանք են, ասում է, սուտ կերպարանքով չեղածը ստեղծում, որով կրկնակի են մեղանչում՝ նախ՝ իրենց հոգու հանդեպ, ապա՝ տեսնողների:
«Ճշմարի՛տ եմ ասում ձեզ. հենց դա՛ է նրանց վարձը»: Ի՞նչը: Այն, որ նրանց կեղծ դիմակը կհեռացնեմ և նրանց խայտառակ կանեմ, որովհետև թեպետ սուտը միառժամանակ առաջ է ընթանում, բայց մշտնջենական լինելու բնություն չունի՝ ըստ այսմ. «Եգիպտացիների կարծեցյալ կուռքերից վրեժխնդիր կլինեմ» (հմմտ. Ելք 14։12): Կամ էլ՝ Ինձնից վարձ չեն ստանա այդպիսիները, այլ միայն գովաբանողներից, և [այս կյանքի] ավարտի հետ գովեստներն էլ կլռեն: Թվում է՝ սրանով [Տերը] ծաղրում է նրանց, թե այս [կյանքի] անցավոր [բաներն] են փափագում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
«Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:
«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են...»
[Տերը] նախ սովորեցնում է ողորմության, ապա՝ աղոթքի և այնուհետև՝ պահքի մասին: Եվ իրավամբ պահպանվեց կարգը, քանի որ ողորմությունը մեծ է, քան աղոթելը, իսկ աղոթելը մեծ է, քան պահեցողությունը:
Եվ այս հայտնի դարձավ մաքսավորի [պատմությունից], ով ամբողջ սրտով աղաչեց և ավելի արդար եղավ, քան փարիսեցին, որ պահքով էր պարծենում: Նույնպես և հայտնի դարձավ Աննայի՝ Սամվել մարգարեի մոր [պատմությունից] (Ա Թագ. 1): Նաև Մանասեից, որ այնպիսի դառը մեղքերից և անօրենություններից միայն աղոթքներով փրկվեց և դարձյալ արժանացավ թագավորության (Դ Թագ. 21):
Բայց հարց կա պահքի կապակցությամբ, թե արդյոք ո՞ր պահքն է հրամայում պահել. հրաժարվելը տեսանելի կերակուրներից, թե՞ հոգու պահքը՝ հեռանալը այնպիսի կերակուրներից, որոնք աղտոտում են հոգիները: Կարծում եմ, որ երկուսի մասին էլ ասվում է՝ և՛ երևելիի, և՛ աներևույթի: Քանի որ միայն երևելի կերակուրներից մեկուսանալը չի կարող շատ բաներով նպաստել առաքինությանը: Եվ այս մասին վկայում է Եսայի մարգարեն՝ այսպես ասելով. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար», և ժողովուրդը ասում էր Աստծուն. «Մեզ ենթարկեցինք զրկանքների, և Դու չտեսար»:
Որին Աստծու կողմից մարգարեն պատասխանում է այսպես. «Քանի որ ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ և ընդունելի օր: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ Ես ընտրեցի: Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը»:
«Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր: Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. և մինչդեռ աղաչանքի խոսքերը ավարտած չլինես, Նա պիտի ասի, թե «ահա հասել եմ» (Ես․ 58։3-9): Սրանք են պահքի պատվիրանները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
«Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: