Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

17-18. «Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղներ է տալիս, իսկ վատ ծառն էլ վատ պտուղներ է տալիս»։ «Լավ ծառը չի կարող վատ պտուղներ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղներ տալ»։
   
    Այս խոսքերն իրենցում մեջ բովանդակում են հետևյալ իմաստը. այն մարդիկ, որոնց մասին խոսվում է, ո´չ հեզության նշույլ ունեն իրենց մեջ, ո´չ քաղցրաբարոյություն, ու միայն մորթով են նրանք ոչխարներ, և այդ իսկ պատճառով էլ շատ հեշտ է ճանաչել նրանց: Եվ որպեսզի դու բնավ չտատանվես, Քրիստոս այն, ինչ այլ կերպ լինել չի կարող, համեմատում է բնական անհրաժեշտության հետ: Այս մասին է խոսում նաև Պողոսը. «Քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է...որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, և նա ոչ իսկ կարող է» (Հռոմ. 8:6–7):

    Չնայած որ Փրկիչն այստեղ երկու անգամ ասես նույն բանն է ասում, սակայն այստեղ կրկնաբանություն չկա: Որպեսզի ինչ-որ մեկը չասի, թե չար ծառը, թեև չար պտուղներ է տալիս, բայց կարող է նաև բարի պտուղներ տալ, և այս երկակի պտղաբերության դեպքում դժվար է լավը վատից տարբերակել, ուստի Փրկիչը, այս տեսակետին հակադարձելու համար ասում է, որ դա անհնարին է, որ վատ (չար) ծառը միայն վատ (չար) պտուղներ է տալիս, բայց լավ (բարի) պտուղներ երբեք չի տա, և նույն կերպ նաև՝ հակառակ դեպքում: Ինչպե՞ս ուրեմն, մի՞թե բարի մարդը չի կարող չարանալ, և հակառակը: Մարդկային կյանքը լի է նման օրինակներով: Դա այդպես է, սակայն Քրիստոս չի ասում, թե վատ մարդու համար անհնարին է փոխվելը, կամ թե` բարի մարդու համար անհնար է սայթաքելը, այլ ա´յն է ասում, որ մարդը չի կարող բարի պտուղ տալ, քանի դեռ վատ կյանքով է ապրում: Վատ մարդը կարող է ոտք դնել առաքինության ճանապարհի վրա, բայց քանի դեռ նա մնում է վատը (չարը), այնքան ժամանակ չի կարող բարի պտուղներ տալ: Իսկ ինչպե՞ս եղավ, որ Դավիթը, բարի լինելով, չար պտուղներ տվեց: Նա դա արեց ոչ թե առաքինության վիճակում գտնվելով, այլ արդեն իսկ փոխած լինելով իր ուղին, այնպես որ Դավիթն այդպիսի պտուղ չէր տա, եթե միշտ մնար այնպիսին, ինչպիսին որ կար: Իսկապես որ, առաքինի մնալով, նա չէր համարձակվի անել այն, ինչ արեց:

    Այս խոսքերը Փրկիչն ասաց նաև ա´յն բանի համար, որպեսզի փակի անմտաբար զրպարտողների բերանները և զսպի չարախոսների լեզուները: Իր այս խոսքերով Քրիստոս ցանկանում էր ամեն տեսակի արդարացումից զրկել ա´յն չար մարդկանց, որոնց պատճառով կասկածում են նաև բարիներին: Այսուհետ դու այլևս չես կարող ասել՝ «ես խաբվեցի, չկարողացա ճիշտ կռահել», որովհետև Փրկչի կողմից քեզ առաջարկվել է ամենաարդյունավետ միջոցն արատավոր մարդկանց ճանաչելու համար, այսինքն՝ քեզ պատգամված է քննել նրանց արարքները, և ոչ թե անմտորեն ամեն ինչ իրար խառնել:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

17-18. Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս: Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ:
   
    Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառը՝ չար պտուղ: Բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, և ոչ չար ծառը՝ բարի պտուղ:

    [Տերը] բնության ընձեռած օրինակներով է Իր ասածը հաստատում: Թեպետ [կեղծավորը] խոսքով արդար է ձևանում, գործով չի կարող, և եթե [արդար] է երևում, այնքան ժամանակ, քանի դեռ պտուղ չի տալիս, բայց երբ պտուղը երևում է, հայտնի է դառնում նաև ծառի բնությունը, թե ինչպիսին է: Որովհետև իսկապես բարին՝ երկնավոր Հոր կողմից մշակվածը, բարի գործեր է դրսևորում, իսկ չար վերակացուի կողմից արմատացածն ամբարշտության գործեր է առաջ բերում: Միմյանցից շատ հեռու և ներհակ բաները, նկատի ունեմ՝ չարն ու բարին, նույն տեղում հարմարվելու բնություն չունեն, քանզի ի՞նչ միաբանություն կա լույսի և խավարի կամ արդարության և անիրավության միջև, [նրանցից] յուրաքանչյուրն իր սեռի հետ է հաղորդակցվում: Բայց «չի կարող»-ը վճիռ չէ, թե [հակառակն] անհնար է ծառերի բնության պես, որովհետև սա բանական [բնություն ունի], իսկ նա՝ անբան. էլ չեմ ասում, որ մարդիկ ծառերի անբան բնությունն էլ են կարողանում փոփոխել, օրինակ՝ արհեստականորեն քաղցրացնում են նռան թթվությունը կամ անուշացնում նուշի դառնությունը. նշված ծառերի արմատներին ժպերկես  1 բևեկնու փայտ են մուրճով խրում և [նրանց] բնությունը փոխում: Որքա՛ն ավելի մարդն անձնիշխան կամքով [կարող] է փոխվել՝ համաձայնելով [Սուրբ] Գրքի խրատին. «Թողե՛ք ամբարշտությունը, որպեսզի փրկվեք» (հմմտ. Առակ. 9։6): Որովհետև ինչպես որ դյուրին է բարուց դեպի չարն ընթանալ, այդպես էլ՝ չարից դեպի բարին, քանի որ Քրիստոսը չասաց, թե [մարդն իր ընթացքը] չի կարող փոխել, այլ թե քանի դեռ չարության մեջ է, չի կարող բարի գործեր կատարել, ինչպես և ով բարության մեջ է, չի կարող չարիք գործել: Եվ փոխվածների շատ օրինակներ կան: Նաև «չի կարող»-ն արտահայտում է բազմաթի՛վ իմաստներ ու ժամանակներ. այստեղ [այն նշանակում] է չկամենալ, ինչպես այս [խոսքում]. «[Հիսուսը] չկարողացավ այնտեղ զորություններ գործել» (հմմտ. Մարկ. 6։5), որը [նշանակում է]՝ չկամեցա՛վ՝ նրանց անհավատության պատճառով:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս:
   
    «Ծառ՝ բարի և չար» անվանեց մարդկանց:

    «Բարի ծառ»՝ բարի մարդուն, որ բերում է առաքինության պտուղը: «Չար ծառ»՝ չար մարդուն, որ բերում է հետին վարդապետության սուտ և չար պտուղը:

    Իսկ եթե մեկն ասի, թե բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, ոչ էլ չար ծառը՝ բարի պտուղ (Մատթ. 7։18), [այդ դեպքում] ինչպե՞ս Մովսեսը «հակառակության ջրի» մոտ անհավատ եղավ (Թվեր 20։10), իսկ Դավիթը՝ բարի ծառը, սպանելով Ուրիային՝ հափշտակեց նրա կնոջը (Բ Թագ. 11։9-27): Նաև ուրացավ Պետրոսը (Ղուկ. 22։57), և բարիներից շատերը չար եղան, ինչպես [Եղիսե մարգարեի սպասյակ] Գեեզին (Դ Թագ. 5։20-27), [Հակոբի որդի] Հուդան (Ծննդ․ 38։16) և շատ ուրիշներ:

    Այս հարցին պետք է պատասխանել [այսպես], թե [նրանք] հանցանք գործելիս  չունեին  բարու  պտղաբերության  զորությունը,  այլ  չարից հրապուրվելով՝ պտղաբերեցին չարություն՝ հարձակման ենթարկվելով կամակոր մտքերից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1