Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:23

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ այն ժամանակ նրանց կհայտնեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ»»։
   
    Եթե Քրիստոս Ինքը Դատավորը չլիներ, ապա ինչպե՞ս կասեր Իր ունկնդիրներին. «Եվ այն ժամանակ նրանց կհայտնեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք», - այսինքն` ոչ միայն դատաստանի ժամանակ, այլև նույնիսկ այն ժամանակ, երբ դուք հրաշքներ էիք գործում: Դրա համար էլ Հիսուս Իր աշակերտներին ասում է. «Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ հոգիները ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (հմմտ. Ղուկ. 10:20):

    Եվ ամենուր Փրկիչը հրամայում է մեծ խնամքով վերաբերվել Կյանքին (խոսքը հավիտենական, երկնային Կյանքի մասին է): Անհնար է, որ առաքինի կյանք վարող և բոլոր կրքերից զերծ մարդը երբևէ արհամարհվի: Չնայած կարող է պատահել, որ նա սխալվի, սակայն Աստված նրան անմիջապես դեպի ճշմարտություն է բերում: Ոմանք, սականյ, ասում են, որ Փրկչի հիշատակած մարդիկ փրկության չեն արժանանա ա´յն պատճառով, քանի որ նրանք կեղծավորաբար են խոստովանում Տիրոջը: Եթե այդպես է, ապա Փրկիչն Իր խոսքերով հակասում է Իր իսկ նպատակին: Իսկապես որ, Հիսուս այստեղ կամենում է ցույց տալ, որ հավատն առանց գործերի ոչինչ է: Էլ ավելի զարգացնելով այս միտքը` Քրիստոս հավելում է նաև հրաշքների մասին՝ մատնանշելով, որ ոչ միայն հավատը, այլև նույնիսկ հրաշքները ոչ մի օգուտ չեն բերում նրան, ով դրանք գործում է` առանց առաքինություն ունենալու: Իսկ եթե այդ մարդիկ, որոնց մասին այստեղ խոսվում է, հրաշքներ գործած չլինեին, Քրիստոս այս համարում բնավ չէր հիշատակի հրաշքների մասին, իսկ մյուս կողմից էլ՝ հիշյալ անօրենները դատաստանի ժամանակ չէին իսկ համարձակվի Հիսուսի հետ խոսել իրենց գործած հրաշքների մասին:

    Ե´վ նրանց տրված պատասխանը, և´ այն, որ նրանք Հիսուսին դիմում են հարցի տեսքով, ցույց է տալիս, որ այդ մարդիկ իրոք հրաշքներ են գործել: Նրանք տեսնում են իրենց վախճանը, որը բոլորովին հակառակ է իրենց սպասումներին, և այն բանից հետո, երբ այստեղ (երկրի վրա) իրենց գործած հրաշքներով բոլորի համար հիացմունքի առարկա էին եղել, այնտեղ (երկնքում` դատաստանի ժամանակ) հանկարծ ականատես են լինում իրենց պատժին, և այդժամ ասես զարմանքով և հիացմունքով ասում են. «Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք…Ուրեմն ինչպե՞ս ես Դու հիմա մերժում մեզ: Ի՞նչ է նշանակում այս տարօրինակ և անսպասելի վախճանը…»: Բայց թող նրանք զարմանան, որ այդքան հրաշքներ գործելուց հետո էլ պատժի են ենթարկվելու, իսկ դու մի՛ զարմացիր: Այդ ամբողջ շնորհը ոչ այլ ինչ էր, քան Պարգևատուի պարգևը, որին նրանք, ցավոք, իրենց կողմից ոչինչ չավելացրին, ուստի արդարացիորեն պատժվում են, քանի որ երախտամոռ և անզգա դարձան Աստծու հանդեպ, Նրա´, Ով իրենց այդպիսի պատվի էր արժանացրել, Նրա´, ով չնայած իրենց անարժան լինելուն` հրաշքներ գործելու շնորհն էր պարգևել իրենց:

    «Այդ ինչպե՞ս էր, որ նրանք, - կասես դու, - ամբարշտություններ գործելու հետ մեկտեղ՝ միաժամանակ նաև հրաշքներ էին գործում»: Սրա վերաբերյալ ոմանք ասում են, որ հիշյալ անօրենները հրաշքներ գործելու ժամանակ դեռևս ամբարշտություններ չէին գործում, այլ հետո են սկսել ապականվել և հանցանքներ գործել: Բայց սա նույնպես բոլորովին հակառակ է Փրկչի մտադրությանը. Նա ցանկանում էր ցույց տալ, որ ո´չ հավատը, ո´չ էլ հրաշքները ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ` ոչ առաքինի կյանքով ապրելու պարագայում: Նույնն է ասում նաև Պողոսը. «Եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա Կորնթ. 13:2):

    Այս ովքե՞ր են նրանք, - կհարցնես դու, - ում Հիսուս Քրիստոս, չնայած նրանց գործած հրաշքներին, ներկայացնում է որպես տանջանքի (պատժի) արժանի մարդիկ: Մեծ թվով այն հավատացյալները, որոնք շնորհների էին արժանացել: Այդպիսին էր նա, ով դևեր էր հանում՝ չլինելով Հիսուս Քրիստոսի հետևորդ: Այդպիսին էր նաև Հուդան, որովհետև նա նույնպես, չար լինելով հանդերձ, ուներ հրաշքներ գործելու շնորհը:

    Նույնը, այսինքն՝ այն, որ շնորհը հաճախ գործում էր անարժանների մեջ՝ հանուն մյուսների բարօրության, կարելի է գտնել նաև Հին Կտակարանում: Քանի որ ոչ բոլորն էին ընդունակ ամեն տեսակի հրաշքներ գործելու, այլ ոմանք անարատ կյանք էին վարում, բայց չունեին հրաշագործելու համար անհրաժեշտ հավատ, իսկ մյուսներն էլ, ընդհակառակը, ուստի Տերն առաջիններին վերջինների միջոցով հորդորում էր մեծ հավատ ցուցաբերել, իսկ վերջիններին այդ անզուգական շնորհով կոչում էր ուղղվելու:

    Ահա թե ինչու Տերն այսպիսի առատությամբ էր պարգևել այդ շնորհը: «Շատ հրաշքներ գործեցինք», - ասում են նրանք: «Եվ այն ժամանակ նրանց կհայտնեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել»»: Այսինքն՝ «այժմ նրանք իրենց համարում են Իմ բարեկամները, բայց այն ժամանակ (երբ տեղի ունենա դատաստանը) կիմանան, որ Ես նրանց որևէ շնորհ չեմ տվել որպես Իմ բարեկամների»: Եվ ի՞նչ զարմանալի բան կա նրանում, որ Քրիստոս շնորհներ էր պարգևել այն մարդկանց, որոնք հավատացել են Իրեն, սակայն այդ հավատին համապատասխան կյանքով չեն կենցաղավարել. չէ՞ որ Աստծու շնորհը գործում էր նաև նրանց մեջ, ովքեր չունեին ո´չ մեկը, ո´չ մյուսը: Այդպիսին էր, օրինակ, Բաղաամը, որը թե´ հավատին էր օտար, և թե´ հեռու էր առաքինի կյանք վարելուց: Այդուամենայնիվ, սակայն, Աստծու շնորհը նրա մեջ գործում էր ուրիշների փրկության համար: Փարավոնը նույնպես այդպիսին էր և, այդուհանդերձ, Աստված նրան նույնպես ցույց տվեց ապագան (տե´ս Ծննդ. 41): Նաբուգոդոնոսորին` ամենաանօրեն մարդուն, Տերը նույնպես բացահայտեց այն, ինչ պետք է տեղի ունենար բազմաթիվ սերունդներ անցնելուց հետո: Նաբուգոդոնոսորի որդուն նույնպես, որն իր անօրինություններով անգամ գերազանցեց հորը, Տերը բացահայտեց ապագան, - և այս ամենն Իր աստվածային նախախնամությանը հատուկ հրաշասքանչ ու մեծամեծ գործերի համար (տե´ս Դան. 2):

    Ահա թե ինչու, քանի որ այն ժամանակ` ավետարանական քարոզչության սկզբնահատվածում, Քրիստոսի զորության բազմաթիվ ապացույցներ էին անհրաժեշտ, ուստի անարժաններից շատերն էլ պարգևներ ստացան: Այնուամենայնիվ, այդպիսի հրաշքներից նրանք իրենց համար ոչ մի օգուտ չքաղեցին, այլ միայն ավելի մեծ պատիժ «ժառանգեցին»: Այս իսկ պատճառով էլ Փրկիչը նրանց վերաբերյալ արտասանում է այսքան սարսափելի այս խոսքը. «Ես երբեք ձեզ չեմ ճանաչել»: Այսպիսով, Քրիստոս արդեն իսկ այստեղ ցույց է տալիս շատերի հանդեպ Իր բացասական վերաբերմունքը և նախքան դատաստանն էլ մերժում է նրանց:

    «Եվ այն ժամանակ նրանց կհայտնեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ»» - Քանի որ այս անօրենները միայն հրաշքներ էին գործել` առանց որևէ մի բարի գործ անելու, ուստի Հիսուս ասում է. «Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ»: Բայց եթե Դու (դիմում է Փրկչին) նրանց չես ճանաչում, ինչպե՞ս գիտես, որ նրանք անօրենություններ են գործել: Քրիստոս այսկերպ արտահայտվեց, որպեսզի դու իմանաս, որ «Ես երբեք ձեզ չեմ ճանաչել» խոսքերը ոչ թե անտեղյակություն են նշանակում, այլ վտարում և ատելություն: «Ես երբեք ձեզ չեմ ճանաչել»: Ինչո՞ւ, ասա´ ինձ: «Չէ՞ որ Քո անունով դևեր հանեցինք…»: Հիսուս պատասխանում է. «Ես ձեզանից հեռու եմ և ատում եմ ձեզ ա´յն պատճառով, քանի որ դուք, նույնիսկ շնորհներ ստանալով հանդերձ, ավելի լավը չդարձաք, և քանի որ դուք, այդպիսի պատիվների արժանանալով, նույն ամբարշտության մեջ մնացիք: «Ինձանից հեռացե՛ք. Ես ձեզ երբեք չեմ ճանաչել»:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»:
   

    Այդ ժամանակ կասեմ նրանց. «Ես երբեք ձեզ չեմ ճանաչել»:

    [Տերը] հայտնում է դատապարտության պատճառը, թե ո՛չ փառքը, ո՛չ մարմնի զորեղությունը, ո՛չ ունեցվածքի առատությունը չեն կարող համեմատվել առաքինության հարստության հետ, որով են [մարդիկ] ճանաչվում Աստծո կողմից: Ոչ իսկ հրաշքներն [են կարող համեմատվել նրա հետ], ինչ պատճառով և [Տերն] այս խորհուրդով, [Իրենից] ճանաչվելու համար, առաքյալներին թելադրեց ոչ թե մեռելներին հարություն տալ և դևերին հալածել, այլ մեծ սեր ունենալ: Ինչո՞ւ. որովհետև Աստված Ինքն ամբողջապես գործ է. նրա կամքը գործ է, խոսքը՝ գործ, ուստիև նմանությամբ է նմանին ճանաչում, ինչպես գրում է Պողոսը. «Այնքան ճանչեցինք, որքան ճանաչվեցինք Նրա կողմից» (հմմտ. Գաղ. 4։9), և թե՝ «Ունեցվածքը չի օգնում բարկության օրը, արդարությունն է փրկում մահվանից» (Առակ. 11։4): Նաև որպեսզի չկարծեն, թե խաբեութամբ են շնորհը ստացել, ասում է՝ նախքան ձեր ծնվելն էլ գիտեի, որ դուք Իմ կամարարները չեք, բայց շնորհ տվեցի, որպեսզի, [արդարանալու] պատճառ չունենալով, դատվեք: Նաև ա՛յլ կերպ. գիտեմ, ասում է, որ ձեր հրաշքներն Իմ փառքի համար չեն գործվել, այլ ձեր կրքերի բավարարման և մարդկանց հաճոյանալու համար, որոնցից էլ ձեր վարձն [արդեն] ստացել եք:

    Հեռացե՛ք Ինձնից ամենքդ, որ անօրե նություն էիք գործում:

    Սրանց հանդգնության մասին Ղուկասն առավել ընդարձակորեն է խոսում, քանի որ մի անգամ [արդեն] հեռացված լինելով իրենց անօրեն գործերի պատճառով՝ նրանք սկսեցին ծանոթություն ցույց տալ, թե՝ «Մեր փողոցներում սովորեցրիր, կերանք Քո առաջ (հմմտ. Ղուկ. 13։26) և Քեզնից շնորհներ ընդունեցինք»: Որովհետև կարծում էին, թե ինչպես որ այս կյանքում հանդգնաբար կենցաղավարեցին, այդպես այնտեղ էլ կարող են առաջ գնալ: [Ուստի Տերը] սաստելով կրկնում է. «Հեռացե՛ք Ինձնից»՝ կիրառելով մարգարեական արտահայ տությունը (Ես. 52։11), որը դեռ վաղնջական ժամանակներից էր սպառնալիքով ասվել նրանց՝ ութերորդ աներեկո օրվա վերաբերյալ  1, բայց նրանք օգուտ չստացան: Ասես ասում է [Տերը]. «Հենց դո՛ւք ձեր անօրեն գործերով բաժանվեցիք Ինձնից. ուրեմն ինչ որ ընտրեցիք ինքներդ, նույնն էլ գործնականորե՛ն ժառանգեք»: Բայց ո՞ւր գնացին [այսպիսիք]. պարզ է, որ դեպի անգյուտ կորուստը՝ ըստ այսմ. «Ովքեր իրենց հեռացրին Քեզնից, կկորչեն. կսատակվեն ամենքը, որ ապստամբեցին» (հմմտ. Սաղմ. 72։27):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1