Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերա՛նը հանիր և այդ ժամանակ կտեսնես, թե ինչպե՛ս եղբորդ աչքից շյուղը հանես»։
Այստեղ Փրկիչը ցանկանում է ցույց տալ Իր խորը բարկությունը նրա´նց հանդեպ, ովքեր դատում են իրենց մերձավորներին: Իսկապես որ, ամեն անգամ, երբ Հիսուս ցանկանում է ցույց տալ որևէ մեղքի ծանրությունը, դրա համար սահմանված պատժի մեծությունն ու Իր բարկությունը, այդժամ Նա Իր խոսքը սովորաբար սկսում է հանդիմանությամբ: Օրինակ, նրան, ով [իր ընկերոջից] պահանջում էր հարյուր դինար, Քրիստոս վրդովմունքով ասում է. «Չա՛ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի» (Մատթ. 18:32): Նույն կերպ նաև այստեղ էլ Հիսուս օգտագործում է «կեղծավոր» բառը: Մերձավորի նկատմամբ կայացրած խիստ դատաստանը ցույց է տալիս ոչ թե մարդու բարեհաճությունը, այլ ատելությունը դիմացինի հանդեպ, և թեև այս դատողը մարդասիրության դիմակ է կրում, բայց իրականում լի է ծայրահեղ չարությամբ, քանի որ իր մերձավորին ենթարկում է անտեղի խայտառակության և մեղադրանքների, ինչպես նաև հավակնում է զբաղեցնել ուսուցչի տեղը՝ այն դեպքում, որ ինքը նույնիսկ աշակերտի տեղում լինելուն արժանի չէ:
Ահա թե ինչու Քրիստոս նրան կոչեց «կեղծավոր»: Եթե դու ուրիշների նկատմամբ այնքան խիստ ես, որ նկատում ես նրանց նույնիսկ ամենափոքր սխալները, ապա ինչո՞ւ ես այդքան անուշադիր ինքդ քո նկատմամբ, որ չես նկատում նույնիսկ քո մեծամեծ մեղքերը: «Նախ քո աչքից գերա՛նը հանիր»: Տեսնո՞ւմ ես, որ Փրկիչը չի արգելում դատելը, այլ նախ հրամայում է հանել գերանը սեփական աչքից, և միայն այդ ժամանակ ուղղել ուրիշների մեղքերը: Ի վերջո, յուրաքանչյուրն իր սեփական մեղքերն ավելի լավ գիտի, քան դա կարող է իմանալ օտարը, և ավելի լավ է տեսնում մեծ սխալը, քան փոքրը, և վերջապես, ավելի շատ է սիրում ինքն իրեն, քան իր մերձավորին: Հետևաբար, եթե դու դատում ես ուրիշներին՝ նրանց բարիք ցանկանալով, ապա նախ այդ բարիքը ցանկացիր ինքդ քեզ համար, քանի որ դու ունես քո սեփական մեղքերը, և դրանք առավել ակնհայտ և առավել մեծ են: Իսկ եթե անտեսում ես ինքդ քեզ, ապա անտարակույս, քո եղբորը դատում ես ոչ թե նրա հանդեպ բարեհաճությունից ելնելով, այլ ատելությունից և նրան խայտառակելու ցանկությունից դրդված:
Իսկ եթե դիմացինդ պետք է դատվի, ապա թող նրան դատի նա, ով նման բանում չի մեղանչել, և ոչ թե դու: Քանի որ Փրկիչը սահմանել է կյանքի այս վսեմագույն և բարձր կանոնները, ուստի, որպեսզի ոչ ոք չասի, թե միայն խոսքերով այդպես փիլիսոփայելը դյուրին է, Հիսուս պատմեց այս առակը՝ ի ցույց Իր այն լիակատար ազատության, որով կարող էր Ինքն Իր մասին ասել, որ Անձամբ չի սխալվել Իր իսկ սահմանած կանոններից գեթ մեկի դեմ, այլ բոլորն էլ լրիվությամբ կատարել է: Թեև հետագայում Քրիստոս Ինքը պետք է դատեր և ասեր` «Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ և փարիսեցիներիդ» (Մատթ. 23:23), սակայն Ինքը բնավ մեղավոր չէր այն ամենի մեջ (և, առհասարակ, մեղավոր չէր), ինչում մեղադրում էր ուրիշներին: Նա ո´չ փուշ էր հանում ուրիշի աչքից, ո´չ էլ գերան ուներ Իր սեփական աչքի մեջ: Հիսուս ազատ էր թե´ մեկից, թե´ մյուսից, և այդպիսով ուղղում էր բոլորի մեղքերը: Հիսուս ասես ասում է. «Ուրիշներին դատելու իրավունք չունի նա, ով ինքն է մեղանչում նույն մեղքով:
Իսկ դու զարմանո՞ւմ ես, որ Հիսուս սահմանեց այս օրենքը` այն դեպքում, որ նույնիսկ խաչի վրա գտնվող ավազակը ճանաչեց այն և Քրիստոսի այս նույն միտքն արտահայտեց մյուս ավազակին ուղղված իր այս խոսքերով. «Աստծուց չե՞ս վախենում, դո´ւ, որ նույն պատիժն ես կրում» (Ղուկ. 23:40): Մինչդեռ դու ոչ միայն չես հանում քո աչքի գերանը, այլ նույնիսկ չես էլ տեսնում այն: Դեռ, ընդհակառակը, դիմացինիդ աչքի փուշը ոչ միայն տեսնում ես, այլև դատո´ւմ ես նրան և ջանում ես հանել փուշը՝ նման այն մարդուն, որն ինքը, ծանր ջրային ախտով կամ մեկ ուրիշ անբուժելի հիվանդությամբ տառապելով, անտեսում է սեփական հիիվանդությունը, սակայն դիմացինին մեղադրում է փոքր հիվանդությունն անտեսելու մեջ: Եթե սեփական մեղքերին ուշադրություն չդարձնելը վատ է, ապա կրկնակի կամ եռակի վատ է ուրիշներին դատելը՝ սեփական աչքի մեջ գերան ունենալով և դրանից ոչ մի ցավ չզգալով հանդերձ: Չէ՞ որ, վերջիվերջո, մեղքը գերանից էլ ծանր է:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար:
Կեղծավո՛ր, նախ գերանը հանի՛ր աչքիցդ և հետո՛ կնայես՝ հանելու շյուղը եղբորդ աչքից:
Այս նույնը նաև ավազակը սովորեցրեց իր ընկերոջը՝ սաստելով. «Աստծուց չե՞ս վախենում, որ նույն պատիժն ես կրում. բայց մենք՝ արդարացիորեն..., իսկ սա ոչ մի ապիրատ բան չի արել» (Ղուկ. 23։40): Այս պատճառով էլ [Տերը] պատշաճ անուն է տալիս այսպիսի [մարդուն]. «կեղծավոր» Է կոչում: Հիրավի՛. որովհետև այդպիսինի նպատակը հոգատարությունը չէ, այլ մարդատեցիկ բարքով՝ բարեկամի դեմք Է ցույց տալիս, բայց թշնամու գործ անում:
Ուրիշ կերպ ևս [կարելի է մեկնել այս խոսքը]: Ով իրենը ջանում է ծածկել և բարեկամինը շտապում բանալ, որպեսզի դրանով իրենը ծածկի, իսկական կեղծավոր է. նրան խրատում է [Տերը]. «Նախ գերանը հանի՛ր [աչքիցդ]»: Որովհետև ոչ միայն չես հանում, այլև չես էլ տեսնում, իսկ [եղբորդ շյուղը] ոչ միայն տեսնում ես, այլև հանել հանդգնում: Նախ քո՛ մեղքի բորոտությունը մաքրիր և հետո ուրիշների ուղղիչը կլինես: [Սրանով Տերը] ցույց է տալիս, որ մեղքը հետսամուտ է և ո՛չ բնական, այլ որպես շյուղ, չարի քամուց քշվելով, կամ գերան, բանսարկուի կողմից քարշ տրվելով, [ներս է ընկնում] և մտքի տեսողությունը խանգարում:
Մաղաքիա արք. Օրմանյան
Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: