Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
11-12. «Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ կնստեն Երկնքի արքայության մեջ»: «Իսկ արքայության որդիները կգցվեն արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց»։
Քրիստոս ոչ միայն խոսքով գովեց հարյուրապետին, այլև վերջինիս ունեցած հավատի համար նրան վերադարձրեց հիվանդին` առողջ վիճակում: Հիսուս հարյուրապետի համար պայծառ պսակ հյուսելով և մեծ պարգևներ խոստանալով՝ ասաց. «Արևելքից ու արևմուտքից շատերը կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ կնստեն Երկնքի արքայության մեջ»: Իսկ արքայության որդիները կգցվեն արտաքին խավարը»:
Հենց որ հարյուրապետը մեծ հավատ և խոնարհություն ցույց տվեց, Քրիստոս իսկույն նրան շնորհեց երկինքը և, բացի դրանից, վերադարձրեց նաև հարյուրապետի ծառայի առողջությունը: Եվ ոչ միայն սրանով պատվեց հարյուրապետին, այլև այն վկայությամբ, ըստ որի` նա հնարավորություն է ստանում մուտք գործելու Արքայություն, մինչդեռ շատերն էլ դուրս են նետվելու այնտեղից: Այստեղից Քրիստոս բոլորի համար արդեն իսկ հայտնի է դարձնում, որ փրկությունը հավատից է, այլ ոչ թե օրենքի գործերից: Ուստի այդ պարգևն առաջարկվելու է ոչ միայն հրեաներին, այլև հեթանոսներին, և վերջիններին՝ ավելի, քան առաջիններին: «Մի՛ կարծեք, - ասում է Քրիստոս, - որ այդպես պատահեց միայն հարյուրապետի հետ. նույնը լինելու է նաև ամբողջ աշխարհի հետ»: Այստեղ Հիսուս մարգարեաբար խոսում է հեթանոսների մասին և նրանց բարի հույս է շնորհում: Փրկչին հետևողների մեջ կային նաև հեթանոսական Գալիլեայի բնակիչներ: Ուստի Հիսուս սա ասում էր այն բանի համար, որպեսզի հեթանոսներին էլ հուսահատության մեջ չթողնի և որպեսզի խոնարհեցնի հրեաների հպարտությունը: Բայց որպեսզի Իր խոսքերով չվիրավորեր ունկնդիրներին և նրանց հակառակության որևէ առիթ չտար, Քրիստոս հեթանոսների մասին խոսք է բացում ոչ թե հենց սկզբում, այլ երբ հարյուրապետն է առիթ տալիս դրա համար: Եվ Հիսուս ոչ ուղղակիորեն է արտահայտում հեթանոսների անունը: Նա չասաց՝ «հեթանոսներից շատերը», այլ՝ «արևելքից և արևմուտքից շատերը», ինչը, իհարկե, մատնանշում է հեթանոսներին: Եվ այդպիսով Հիսուս չվիրավորեց Իր ունկնդիրներին, քանի որ ասվածը քողարկված էր:
Դարձյալ, Քրիստոս ոչ միայն այս կերպ է մեղմացնում Իր ուսմունքի կարծեցյալ նորահայտությունը, այլ նաև նրանով, որ Արքայության փոխարեն հիշատակում է Աբրահամի գոգը: Իսկ այդ անունը, անշուշտ, անծանոթ չէր հրեաների համար, սակայն, Աբրահամի մասին հիշեցումն էլ ավելի խիստ էր խայթում նրանց: Այդ իսկ պատճառով էլ Հովհաննեսը սկզբում ոչինչ չասաց գեհենի մասին, այլ ասաց այնպիսի խոսքեր, որոնք հրեաներին առավելապես էին վիրավորում. «Եվ մի՛ հավակնեք ասել դուք ձեզ, թե՝ Աբրահամը մեր հայրն է» (Մատթ. 3:9): Միաժամանակ, Քրիստոս Իր մտքում ուներ նաև մեկ այլ բան, մասնավորապես այն, որ հրեաների աչքին չերևար, թե Ինքը հակասում է հին օրենքի կանոններին: Իրոք որ, ով հիանում է հայրապետերով և նրանց գիրն անվանում է բարեպաշտների ժառանգություն, նա բոլորովին վերացնում է այդպիսի կասկածը: Ուրեմն, ոչ ոք չպետք է կարծի, որ այստեղ միայն սպառնալիք է հնչեցվում: Հրեաներին հայտարարվում է կրկնակի պատիժ, հեթանոսներին՝ կրկնակի ուրախություն: Առաջիններին՝ որովհետև նրանք ոչ միայն հեռացան, այլև հեռացան այն ամենից, ինչ իրենցն էր, իսկ վերջիններին՝ որովհետև նրանք ոչ միայն ստացան, այլև ստացան այն, ինչ չէին ակնկալում: Սրան գումարվում է նաև երրորդ հանգամանքը. վերջինները (հեթանոսները) ստացան այն, ինչ պատկանում էր առաջիններին (հրեաներին): Փրկիչն «Արքայության որդիներ» է անվանում նրանց, ում համար պատրաստված էր Արքայությունը: Սա հատկապես ծանր վիրավորանք էր հրեաների համար, քանի որ մատնացույց անելով, որ ըստ խոստումի նրանք մնում են Աբրահամի գրկում, անմիջապես հետո էլ նրանց բացառում է այդ ցնծությունից: Ավելին, քանի որ այս խոսքը դատավճիռ էր, ուստի Քրիստոս այն հաստատում է նշանով, ինչպես նաև` նշանն էլ հաստատում է մարգարեությամբ, որն իրականացավ հետագայում:
Ուրեմն, ով չի հավատում այդժամ տեղի ունեցած ծառայի բժշկությանը, ապա թող որ հավատա դրան՝ հիմնվելով մարգարեության վրա, որն այժմ արդեն իսկ կատարվել է: Իրոք որ, մարգարեությունը նախքան կատարումն իսկ բոլորի համար բացատրվեց այսժամ տեղի ունեցած նշանի միջոցով: Այդ պատճառով էլ Փրկիչը նախ հիշատակեց մարգարեությունը, ապա բժշկեց անդամալույծին, որպեսզի ապագան հաստատվի ներկայով, և փոքրը՝ մեծով: Այն, որ առաքինիները վայելում են բարիքներ, իսկ չարերը կրում են դժբախտություններ, սա ոչ մի անհամապատասխանություն չի ենթադրում, այլ համապատասխան է և՛ բանականությանը, և՛ օրենքների զորությանը: Իսկ անդամալույծի զորացումը և մեռյալի հարությունը բնական ուժերից ավելի վեր են:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
11-12. Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ.իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»:
Ասում եմ ձեզ, որ շատերն արևելքից և արևմուտքից կգան ու կբազմեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ երկնքի արքայության մեջ, իսկ արքայության որդիներն արտաքին խավարը կելնեն. այնտեղ կլինեն լաց և ատամների կրճտում:
Հրաշքներից հետո մեծ համարձակությամբ է խոսում և Իրեն որպես արքայության տեր հայտնում՝ Աբրահամի գոգն արքայության փոխարեն ներկայացնելով (Ղուկ. 16։22): «Շատերն արևելքից և արևմուտքից»,- ասում է, այսինքն՝ բնական և գրավոր օրենքների լույսից արդարացածներից, նաև մեղավորներից ու ամբարիշտներից, Նրան հավատալու դիմաց դառնալու են նահապետների ժառանգորդները: Եվ Աբրահամին հիշատակելով մորմոքեցնում է [հրեաներին], որովհետև հավատով հավասարապես արդարանալու պատճառով օտարներին է ժողովում՝ ըստ Մկրտչի խոսքի, թե՝ «Կարող է Աստված այս քարերից էլ Աբրահամի որդիներ հանել» (Մատթ. 3։9), իսկ Աբրահամի որդիներն անհավատության պատճառով արտաքին խավարը կելնեն: Կրկնակի, նույնիսկ եռակի՛ վիշտ. առաջին՝ որ օտարներն են ժառանգելու նրանցը. երկրորդ՝ որ իրենք, ում համար և նախկինում պատրաստվել էր փառքը, զրկվելու են [դրանից]. և երրորդ՝ որ ուղարկվելու են արտաքին խավարը: «Արտաքին»-ով [Տերը] ցույց է տալիս, որ կա նաև ներքին [խավար], և կամ որ ծանր ու շոշափելի է խավարը՝ այս նյութական խավարից դուրս, որովհետև բնավ չի լուսավորվում լույսով: Կամ էլ այս աշխարհից դուրս՝ եզրին, կրակի հավաքված մրուրում անլույս տեղ [կա]՝ սատանային և նրա յուրայիններին տանջելու համար՝ ըստ այսմ. «Ո՞րն է խավարի տեղը. տանում ես ինձ նրանց սահմանը» (հմմտ. Հոբ 38։19-20):
«Այնտեղ կլինեն լաց և ատամների կրճտոց»: Արդարացիորե՛ն կպատժվեն սրանցով, որովհետև սառել էին Աստծո և ընկերների հանդեպ սիրուց, ուստի չարությամբ բորբոքված՝ լալու են ծխից և ատամները կրճտացնելու ցրտից, որոնք գոյանալու են, երբ տարրերի ավելի անարգ մասերը մի վայրում հավաքվեն՝ մեղավորներին տանջելու համար: Որովհետև կրակի ջերմությունն անջատվում է լույսից՝ Տիրոջ ձայնի միջոցով՝ ըստ մարգարեի (Սաղմ. 28։7), և ցուրտը՝ ջրից, խավարը՝ օդից, և տիղմը՝ հողից, և [սրանք] չարչարելու են նրանց, ինչպես արդեն ասվեց: Նաև քանի որ [մեղավորներն] իրենց ատամները կրճտացնում էին սրբերի վրա, դրանք կրճտալու են նաև անշեջ կրակում՝ նրանց դիվահարված լինելու պատճառով:
Ստեփանոս Սյունեցի (†735)
11-12 Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն 907 արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»:
«Բայց ասում եմ ձեզ, որ արևելքից և արևմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայության մեջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, իսկ արքայության որդիները պիտի ելնեն արտաքին խավար»:
[Տերը] հարյուրապետի՝ հեթանոս մարդու մեջ գտնելով այնպիսի հավատ, որը չգտավ Իսրայելում, ասաց. «Հեթանոսներից շատերը, կմտնեն արքայություն, իսկ արքայության որդիները կելնեն» (Մատթ. 8։12):
Արքայության որդիները իսրայելցիներն էին, և նրանցից, ովքեր չհավատացին Քրիստոսին՝ Աստծու Որդուն, պիտի ելնեն արտաքին խավարը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:5
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: