Ծննդոց գրքի մեկնություն 8:21

Սրբ. Եփրեմ Ասորի

Եւ Տէր Աստուած հոտոտեց անուշ բոյրը: Տէր Աստուած իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է: Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպէս արեցի: 

   

   «Եվ Տեր Աստված, - ասում է, - հոտոտեց անուշ բույրը» (Ծննդ. 8:21), և հիշեց Աբելին ու երդվեց: Այսինքն, որովհետև ցույց է տալիս և հայտնի դարձնում, եթե միայն Նոյը բավական էր, ապա որքա՞ն ավելի բազմաթիվ արդարները բավական էին ջրհեղեղը կասեցնելու համար: Արդ, հոտոտեց ոչ թե մատուցված զոհերից, այլ՝ Նոյի բարի գործերի խորհուրդներից, իբրև այն, որ ասում է. «Հաճո կլինես, կառնեմ, կընդունեմ»:

   

Ա. Լոպուխին

Եվ Տեր Աստված հոտոտեց անուշ բույրը։ Եվ Տեր Աստոված իր մտքում ասաց. «Մարդկանց (չար արարքների) պատճառով ես երկիրն այլևս չեմ անիծի, որովհետև մարդկանց սրտի խորհուրդները մանկությունից չար են։ Եվ Ես այլևս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպես արեցի։ (Սինոդական թարգ․)[21]
   

   Եւ Տեր Աստված հոտոտեց անուշ բույրը... «Մի՛ գայթակղվիր կոպիտ արտահայտությամբ,- ասում է այս առիթով Ոսկեբերանը,- այլ, տվյալ բառերի մեջ իբրև ներողամտության և բարեհաճության պատճառ, ընդունելով քո սեփական տկարությունը՝ հասկացիր, որ արդարի մատուցած զոհը հաճելի եղավ Աստծուն...»: Ահա, թե ինչու նաև Պողոս առաքյալն իր ուղերձում ասաց. «...քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծո առաջ՝ փրկվածների մեջ ապրենք, թ՛ե կորստեան մատնվածների մեջ. ոմանց թվում է թե մեր կյանքը մահաբույր է և տանում է դեպի մահ, իսկ ոմանց համար մեր կյանքը կենդանութեան բույր է, որ տանում է դեպի կյանք...» (Բ Կորն. 2:15–16): «Անուշ բույր» բառերը, (րիահ հաննիխոախ) եբրայերենից առավել ճշգրիտ մոտեցմամբ, պետք է թարգմանել՝ «գոհունակության, հանգստության բույր», ընդ որում, այս բառակապակցության վերլուծության մեջ գտնում են նմանություն Նոյի անվան հետ, որը նշանակում է «հանգստություն» (Ծննդ. 5:29) և տեսնում են նաև այն մարգարեության իրականացումը, որը ամփոփված էր նրան տրված անվան մեջ: Նոյի այս զոհաբերությունը, որը նման է Աբելի կողմից ավելի վաղ արված զոհաբերությանը, անկասկած, հաճելի էր Աստծուն ոչ թե ընծայված նյութի հատկություններով, այլ այդ զոհաբերության մեջ արտահայտված հավատի, բարեպաշտության և խոնարհ հնազանդության զգացումներով: Նույն ձևով նվիրյալների աղոթքին ու ողորմածությանը վերագրում են քաղցր համ (անուշ բույր) (Փիլիպ. 4:18, Հտ. 5:8, 8:3–4, Սաղմ. 140:2):

   Եվ Տեր Աստոված իր մտքում ասաց. «Մարդկանց (չար արարքների) պատճառով ես երկիրն այլևս չեմ անիծի, որովհետև մարդկանց սրտի խորհուրդները մանկությունից չար են ... Այս բառերի մեջ, ակնհայտորեն, տրված է Աստծու կողմից նմանատիպ համաշխարհային պատժի (ամբողջ մարդկության և կենդանի արարածների համար համընդհանուրության իմաստով) չկրկնվելու հանդիսավոր հավաստիացումը: Սակայն դրա հիմնավորումը, առաջին հայացքից, մի փոքր անհասկանալի է թվում: Ըստ երևույթին, դա այն հիմնավորման կրկնությունն է, որը ջրհեղեղի գլխավոր պատճառը դարձավ (Ծննդ. 6:5, 12–13), սակայն այստեղ նույն փաստը վերցվում է իբրև հիմնավորում աշխարհի նկատմամբ հակառակ վերաբերմունքի համար: Սակայն խոսքի ամբողջական հատվածների հիման վրա կատարված այս երկու զուգահեռների առավել ուշադիր համեմատումը, ի հայտ է բերում էական տարբերություն դրանց միջև: Առաջին դեպքում ասված է առավել ընդհանուր և ուժեղ, այն է՝ նրանց բոլոր մտքերն ու սրտի խորհուրդները շարունակ չար էին (Ծննդ. 6:5): Դրանով բնութագրվում է ոչ այնքան ժառանգական, որքան, գլխավորապես, անձի մեղսական տրամադրվածության տևականությունը, որը, ինչպես երևում է տեքստից, վերածվում է բոլոր բարոյական հիմքերը գոռոզաբար ոտնահարելու և համառորեն չզղջալու իրողության (Ծննդ. 6:4, 11): Իսկ մեր կողմից քննարկվող համարում խոսքը գնում է բացառապես ժառանգական մեղքի վնասակարության մասին, որի համար մարդը համեմատաբար ավելի քիչ է պատասխանատու, քան գիտակցական, անձնական մեղքի դեպքում: Զոհ մատուցելով, ինչի վերաբերյալ սրանից առաջ խոսվում էր, մարդը լավագույնս ապացուցեց, որ իր անձնական տրամադրվածությունը զգալիորեն բարելավվել է, թեև նա իր մեղսական բնության տկարության պատճառով շարունակում էր մեղք գործել, բայց տարբեր զոհաբերությունները դարձան մարդու անկման գիտակցության, դրա խոր վշտի զգացման և Աստծուն ուղղված ողորմածության խնդրանքի արտահայտությունները: Մարդկային սրտում տրամադրության այսպիսի փոփոխությունը բավարար հիմքեր էր ստեղծում նաև նրա հանդեպ աստվածային վերաբերմունքի փոփոխման համար: «Առաջ Աստծո արդար դատաստանը հայտնվում էր ընդհանուրին, իսկ ողորմածությունը՝ յուրահատուկ գործիչներին (ջրհեղեղի և Նոյի պատմությունը): Այսուհետ արդարատատությունն ի հայտ կգա մասնավոր կերպով, ինչպես օրինակ՝ Սոդոմի, փարավոնի պարագային, իսկ ողորմածությունը՝ ընդհանուրին» (սբ. Ֆիլարետ): Այստեղից միանգամայն բնական և հասկանալի է դառնում մարդու ժառանգական մեղքի վնասաբերությունը՝ իբրև հիմնավորում նրա մեղսունակության հանդեպ ներողամիտ վերաբերմունքի, որի դեմ մարդը ցանկություն է արտահայտում (զոհաբերությունների միջոցով) պայքարել իր թույլ ուժերի ներածին չափով:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Եւ Տէր Աստուած հոտոտեց անուշ բոյրը: Տէր Աստուած իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է: Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպէս արեցի:
(Արարատ թարգ․) Տերը հոտոտեց անուշ հոտը, և Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը չար է՝ իր մանկությունից սկսած: Այլևս բնավ չեմ պատուհասի ոչ մի կենդանության շունչ ունեցողի, ինչպես արեցի:
(Գրաբար) Եւ հոտոտեցաւ Տէր Աստուած ի հոտ անուշից։ Եւ ասէ Տէր Աստուած, ածեալ զմտաւ. Ո՛չ ևս յաւելից անիծանել զերկիր վասն գործոց մարդկան։ Զի միտք մարդկան հաստատեա՛լ են ի խնամս չարի ի մանկութենէ իւրմէ։ Արդ՝ ո՛չ ևս յաւելից հարկանել զամենայն մարմին կենդանի որպէս արարի։