Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:25

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ ժամանակ աշակերտները, Նրան մոտենալով, արթնացրին Նրան ու ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կորչում ենք»»։
   
    Այսպիսով, երբ փոթորիկ է բարձրանում, և ծովը խիստ ալեկոծվում է, աշակերտներն արթնացնում են Նրան՝ ասելով. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կորչում ենք»: Փրկիչը, նախքան ծովը հնազանդեցնելը, հանդիմանանքով դիմում է նրանց՝ Իր աշակերտներին:

    Փոթորիկը, ինչպես ասացի, թույլատրվեց` աշակերտներին սովորեցնելու համար. սա նրանց սպասվող փորձությունների նախապատկերն էր, քանի որ նաև դրանից հետո Փրկիչն Իր աշակերտներին հաճախ թույլ էր տալիս ընկնել ամենածանր դժբախտությունների մեջ և դրանով իսկ ամրացնում էր նրանց ոգին: Այդ պատճառով էլ Պողոսն ասում էր. «Եղբայրնե՛ր, չենք ուզում, որ դուք անգիտության մեջ մնաք այն նեղության մասին, որը մեր կարողությունից ավելի ծանր տարանք, մինչև իսկ կյանքից մեր հույսը կտրելու աստիճան» (հմմտ. Բ Կորնթ. 1:8): Եվ հետո առաքյալը կրկին ասում է. «Որ այդպիսի մահվանից փրկեց մեզ» (Բ Կորնթ. 1:10):

    Ուրեմն, Հիսուս նախ հանդիմանում է Իր աշակերտներին՝ դրանով իսկ ցույց տալով, որ պետք է քաջ լինել նույնիսկ ամենաուժգին փոթորիկների ալեկոծության մեջ, և որ Նա այդ ամենը թույլատրում է աշակերտների բարիքի´ համար: Այդպես նույնիսկ աշակերտների խռովքն օգուտ բերեց նրանց, քանի որ հրաշքը նրանց համար շատ ավելի կարևոր թվաց, և այդ դեպքն ընդմիշտ մնաց նրանց հիշողության մեջ: Երբ Աստված մտադիր է ինչ-որ զարմանալի բան անել, Նա նախապես շատ բան է կարգավորում, որպեսզի այն ամրապնդվի մարդկանց հիշողության մեջ, որպեսզի նրանք չմոռանան Իր կողմից կատարված հրաշքը: Այդպես նաև Մովսեսը նախ վախենում է օձից, և վախենում է ոչ թե մի պարզ վախով, այլ մեծ խռովքով, ու հետո միայն տեսնում է կատարվող հրաշքը: Այդպես նաև աշակերտներն էլ նախ սպասում էին իրենց կործանմանը, իսկ հետո` ստանում փրկությունը, որպեսզի, վտանգի մեջ ընկնելով, ճանաչեն հրաշքի մեծությունը:

    Ահա թե ինչու Փրկիչը քնով անցավ: Իրոք որ, եթե փոթորիկը տեղի ունենար Նրա` արթուն եղած ժամանակ, ապա աշակերտները կա՛մ չէին վախենա, կա՛մ չէին խնդրի Նրան, կա´մ էլ, գուցե, նույնիսկ չէին էլ մտածի, որ Հիսուս կարող է նման հրաշք գործել: Այդ իսկ պատճառով էլ Քրիստոս ննջեց, որպեսզի աշակերտներին ժամանակ տար վախը զգալու և ստիպելու ավելի խորապես ըմբռնել կատարվողը: Մարդն այլ կերպ է նայում այն բանին, ինչ պատահում է ուրիշ մարդկանց հետ, և այլ կերպ` նրան, ինչ պատահում է իր հետ: Քանի որ աշակերտները տեսնում էին, որ մյուս բոլոր մարդիկ բարեգործության էին արժանանում, իսկ իրենք ոչ մի բարիք չէին ստացել, և նաև անհոգ էին դրա համար (նրանք, ի վերջո, ո´չ կաղ էին, և ո´չ էլ նմանատիպ այլ հիվանդություն ունեին), հետևաբար, նրանք պետք է սեփական զգացողությամբ զգային Փրկչի բարերարությունները, ուստի Նա թույլ է տալիս, որ փոթորիկ բարձրանա, և աշակերտները, դրանից փրկվելով, առավել խորապես զգան իրենց Վարդապետի բարերարությունը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»:
   
    Աշակերտները մոտեցան, արթնացրին Նրան և ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կորստյան ենք մատնվում»:

    Սա նշանակում է, որ Նրա մասին պատշաճորեն չէին մտածում. որովհետև շատ լավ գիտեին, որ վեր կկենա և կսաստի [ալեկոծությանը], բայց որ ննջելով էլ կարող է սաստել՝ չգիտեին: Սակայն իրավամբ դիմեցին Նրան՝ ըստ այսմ. «Տե՛ր, նեղության մեջ հիշեցինք Քեզ» (Ես. 26։16): Սա նաև ցույց է տալիս [նրանց] վստահությունը [Տիրոջ հանդեպ], թե ինչպես Նրան քնից արթնացնել համարձակվեցին նրանք, ովքեր չէին համարձակվում սամարացի կնոջ մասին հարցնել Նրան (Հովհ. 4։27). ինձ թվում է՝ կատարելության մեջ աճել էին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8։23