Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:32

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

32-33. «Եվ Նա նրանց ասաց. «Գնացե՛ք»: Եվ նրանք, դուրս գալով, խոզերի երամակի մեջ գնացին։ Եվ ահա, խոզերի ամբողջ երամակը դարավանդից դեպի ծովը վազեց, և խեղդվեցին ջրի մեջ»։ «Իսկ խոզարածները փախան և, քաղաք գնալով, պատմեցին ամեն ինչ, նաև այն մասին, ինչ որ պատահել էր դիվահարների հետ»։
   
    Այն, դևերը մեզ` մարդկանցս, ավելի շատ են ատում, քան անխոս կենդանիներին, դա բոլորին հայտնի է: Հետևաբար, եթե դևերը խոզերին չխնայեցին, այլ մի ակնթարթում բոլորին գցեցին անդունդը, ապա առավել ևս դա կանեին իրենց կողմից բռնված մարդկանց հետ, որոնց դևերը քարշ էին տալիս և տարուբերում անապատներով: Դա կանեին, եթե, սակայն, չլիներ Աստծու նախախնամությունը, որը նույնիսկ ամենադաժան տանջանքների ժամանակ զսպում ու սահմանափակում էր դևերի հետագա ձգտումները:

    Բայց ինչո՞ւ դևերը կործանեցին խոզերին: Դևերը մշտապես ջանում են մարդկա´նց հուսահատության մեջ գցել և մշտապես ուրախանում են մարդկա´նց կործանմամբ: Այդպես սատանան վարվեց նաև Հոբի հետ: Թեև այստեղ Աստված թույլ տվեց տանջել արդար Հոբին, բայց դա թույլ տվեց ոչ թե այն պատճառով, որ «տարհամոզվել» էր սատանայի կողմից, այլ որպեսզի էլ ավելի փառավորեր Իր ծառային, իսկ սատանայից էլ խլեր իր գործած անամոթությունների արդարացման բոլոր հնարավորությունները և արդարի (Հոբի) դեմ ուղղված նրա (սատանայի) գործողություններն իր իսկ դեմ շրջեր:

    Ճիշտ այդպես էլ, դևերի ցանկությանը հակառակ, տեղի ունեցավ այս պարագայում: Հանդիսավորաբար հռչակվեց և´ Քրիստոսի զորությունը, և´ դևերի չարությունը, որից Հիսուս ազատեց դևերի կողմից բռնվածներին, ու այդպիսով առավել պարզորոշ բացահայտվեց և երևաց, որ առանց Ամենակարող Աստծու թույլտվության դևերը նույնիսկ խոզերին չեն կարող դիպչել:

    Ոչ ոքի բնավ չի արգելվում այս պատմությունը խորհրդավոր իմաստով հասկանալ: Թեև սա իրական պատմություն է, բայց պետք է գիտենալ, որ խոզերին նմանվող մարդիկ նույնպես դյուրությամբ են ընկնում դևերի ազդեցության տակ, և դևերից տառապողները հաճախ կարող են հաղթել նրանց, եթե միայն նրանք «նմանվեն» մարդկային ճշմարիտ բնույթին: Բայց երբ մարդիկ բոլորովին նմանվում են խոզերին, ապա ոչ միայն բռնվում են դևերի կողմից, այլ նաև գլորվում են անդունդը: Բացի այդ, որպեսզի ոչ ոք այս դեպքը առասպել չանվանի, այլ բոլորովին հավատա դևերի դուրս գալուն, դրա համար սա ապացուցվում է խոզերի կորստյամբ:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին:
   

    Ասաց նրանց՝ գնացե՛ք: Եվ դուրս եկան գնացին խոզերի երամակի մեջ, ամբողջ երամակն այդ դարից դեպի ծովը դիմեց, և սատկեցին ջրում:

    Թույլ տալով՝ [Տերը] ոչ թե նրանց կամքը կատարեց, այլ [այդպես արեց], որպեսզի դրանով շատ բաներ ուսուցաներ: Նախ՝ որ ստույգ չիմանային Նրա աստվածությունը, ինչպես որ փորձության ժամանակ էլ նրանց զորագլխին չհայտնեց [այդ մասին] և հաղթանակ տարավ: Այդպես էլ [չհայտնեց] նրա զորքին, որին խեղդեց ջրում, ուստի ասաց՝ գնացե՛ք, որպեսզի տարակույսների մեջ ընկնելով՝ չարչարվեին: Երկրորդ՝ սա նրանց դեմ դուրս եկավ. որովհետև երբ [Տերը] թույլ տվեց, որ խոզերի մեջ մտնեն, ծովի անդնդում խեղդվեցին, ինչը չէին կամենում: Երրորդ՝ որպեսզի չար բռնատերերից ազատվելով՝ [դիվահարները] հասկանային, թե ինչ չար բան էին [դևերը] մտածում նրանց [անել], որովհետև ավելի չար բան կպատահեր նրանց, քան խոզերին, եթե Աստծո խնամքը չարգելեր. ովքեր միանգամից բոլոր [խոզերին] ջրասույզ արեցին, նույնը նաև մարդկանց էին կամենում [անել], եթե կարողանային: Չորրորդ՝ [այդ դիվահարներից յուրաքանչյուրի] զգաստության համար, որովհետև Աստված ոչ միայն ընդհանուրի մասին է խնամք տանում, այլև յուրաքանչյուրի՝ ըստ այսմ. «Ձեր գլխի բոլոր մազերն իսկ հաշվված են» (Մատթ. 10։30), որպեսզի [դիվահարը] հասկանար, որ եթե [դևերը] խոզերի հետ դա արեցին, ապա իրեն, ում երկար ժամանակ անապատում շրջեցնում էին, ի՞նչ էին պատրաստվում անել, եթե Աստծո տեսչությամբ չպահպանվեր: Հինգերորդ՝ որպեսզի սրանով այդ երկրի բնակիչներն իմանային Արարչի զորությունը, որովհետև ուր Նրա անունը հայտնի էր, Նա մեծ հրաշքներ ցույց չէր տալիս, իսկ այնտեղ, ուր չգիտեին և տակավին անմտության մեջ էին, [հրաշքներով] ավելի պայծառ էր փայլում: Վեցերորդ՝ [դևերը] խոզերին ծովի մեջ խեղդեցին, որովհետև ամենուրեք ջանում են տրտմություն բերել և ուրախանում են մարդկանց կորստյան վրա, և [մտածում էին], որ [խոզերի կորստյան համար] զայրանալով՝ այդ երկրի բնակիչները կելնեն և կքշեն [Հիսուսին] իրենց սահմաններից, սակայն հակառակը եղավ. Քրիստոսի վարդապետությունը պայծառացավ, իսկ դևերի չարությունը խայտառակվեց: Եվ յոթերորդ՝ քանի որ գերգեսացիները, օտարատյաց լինելով, ընդառաջ չելան [Հիսուսին], [Վերջինս] խեղդեց նրանց խոզերի երամակը՝ դևերին դրանց մեջ ուղարկելով, որպեսզի [գերգեսացիները] ստիպված դուրս գային, երկրպագեին Նրա զորությանը և լսեին Նրա վարդապետությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:28