Սրբ. Եփրեմ Ասորի
եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 9:24
Ա.Լոպուխին
25-27. և ասաց. «Անիծյալ լինի ստրուկ Քանանը և ծառա՝ իր եղբայրներին»: [25] Եվ ավելացրեց. «Օրհնյալ լինի Տերը՝ Սեմի Աստվածը. իսկ Քանանը թող լինի նրա ծառան. Աստված թող բարգավաճ դարձնի Հաբեթին, նա թող բնակվի սեմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»: (Սինոդական թարգ․)
Այդ երեք համարներում ամփոփված է Նոյի ոգեշունչ մարգարեությունը, որը ելնելով փաստերից, որոնք ի հայտ են բերում նրա որդիների հակումներն ու վարքագիծը, կանխորոշում է նրանցից յուրաքանչյուրի ու նաև նրանց հետնորդների ապագա ճակատագիրը:
Անիծյալ լինի ստրուկ Քանանը….Այն հարցին, թե ինչու այս անեծքն իր ողջ ուժով ծանրացավ ոչ թե Քամի` իբրև գլխավոր մեղավորի, այլ նրա որդու` Քանանի վրա, կան քիչ թե շատ արժանահավատ կռահումներ: Այսպես` Օրիգենը, հետևելով հրեական ավանդույթին, սա բացատրրում է այն բանով, որ գուցե թե պատանի Քանանը առաջինն է նկատել անվայելուչ վիճակով քնած պապին և տեսածի մասին հայտնել է իր հորը. այս բացատրությունը, սակայն, չի դիմանում քննադատությանը, հենց միայն այն պատճառով, որ երբեք չի կարելի նույն արարքի համար առավել պատասխանատու համարել պատանուն քան հասուն տղամարդուն: Այդ մասին կա առավել խորը ու հիմնավոր մեկ այլ բացատրություն, որ առաջարկում է Ոսկեբերանը. «Սուրբ Գիրքը Քամի որդու մասին հիշատակում է ո’չ առանց նպատակի, ո’չ էլ զուր տեղը, այլ նվիրական մի պատճառով: Նոյը կամենում էր և’ Քամին պատժել նրա արարքի և իրեն հասցրած վիրավորանքի համար, և’ միաժամանակ չխախտել Աստծո կողմից տրված օրհնությունը: Ասված է. Օրհնեց Աստված Նոյին ու նրա որդիներին, երբ նրանք դուրս եկան տապանից» (Ծննդ. 9:1): Ոսկեբերանը հետո հանգամանորեն պարզաբանում է, որ անիծելով Քանանին, որը առավել քան մնացածը մարմանվորում էր իր հոր առանձնահատուկ վարքագծերը և այդ պատճարով էլ հոր համար հոգեհարազատ ու թանկագին էր, Նոյը դրանով իսկ առավել ցավոտ է պատժում հենց Քամին: Վերջապես իմաստից զուրկ չէ նաև մեր կողմից վերը նշված, Իսրայելի հետագա պատմության մեջ քանանացի տոհմերի ունեցած բացառիկ դերի մասին նկատառումը, որի մարգարեական պայծառատեսության ոգով էլ տոգորված Նոյն իր նզովքն ուղղում է միմիայն Քանանի հետնորդներին` չդիպչելով Քամի մյուս զավակներին:
ԵՎ ծառա՝ իր եղբայրներին…Սա հրեական լեզվում որևէ միտք շեշտելու սովորական ձև է (գերադրական աստիճան), ինչը նկարագրորեն առավել ճշգրիտ թարգմանությամբ կհնչի այսպես. «Քանանի սերունդները թող լինեն լիակատար ստորադասության-ենթակայության և ամենակատարյալ ստրկության մեջ Սեմի և Հաբեթի սերունդներից»: Եվ պատմությունը իսկապես որ արդարացրեց այս մարգարեությունը: Այսպես` Քանանի հետնորդները հրեաների կողմից բնաջնջվեցին ու ստրկության մատնվեցին Նավեի որդու Հեսուի օրոք, ավետյաց երկիրը գրավելու ընթացքում (Նավ. 9:23): Հետագայում ևս բազմիցս անգամներ, և հատկապես Դավիթի ու Սողոմոնի օրոք, քանանի հետնորդները իրենց վրա զգացել են Սեմի սերունդների ծանր լուծը և ծառայել նրանց (3Թագ.9:20-21): Իսկ քամի մյուս ճյուղերը` փյունիկացիները և հատկապես եթովպիացիները, հնազանդեցվել են հենց Հաբեթից սերված ազգերի, այն է` պարսիկների, հույների, հռոմեացիների կողմից:
Օրհնյալ լինի Տերը՝ Սեմի Աստվածը…Սեմին տրված մարգարեությունը նախորդի լիակատար հակապատկերն է, եթե առաջինն սկսվում էր անեծքով, ապա սա` օրհնանքով, նախորդը կանխատեսում էր ստրկություն, սա` ավետում է իշխանություն: Ինքնին հենց ձևակերպումը` Օրհնյալ լինի Տերը, որտեղ օրհնանքն ուղղված է Աստծուն, նշանակում է փառաբանություն և գոհունակություն առ Աստված (Եփ.1:3), բայց ամենասքանչելին այն է, որ հայտնության Աստվածը՝ Եհովան, այստեղ առաջին անգամ անվանվում է հատկապես Սեմի Աստված: Սա նշանակում է, որ Սեմի սերունդները Աստծո հետ կունենան հատուկ և բացառիկ մերձավոր հարաբերություններ` որպես աստվածընտիր հրեա ժողովրդի նախահայրեր, և նրանցից կծնվեն նահապետներն ու մարգարեները` Աստծո սպասավորները երկրի վրա, և վերջապես, նրանց սերնդից կծնվի ինքը` Քրիստոս Փրկիչը:
Իսկ Քանանը թող լինի նրա ծառան….Հասկանալի է, որ սա ստորադաս-վասալական այն հարաբերության մասին է, որում հայտնվեցին քանանացիները հրեաների մոտ Նավեի որդի Հեսուի դարաշրջանում և հրեա թագավորների օրոք:
Աստված թող բարգավաճ դարձնի Հաբեթին…Բնագրի մեջ այստեղ յուրահատուկ բառախաղ է (յաֆտ էլոհիմ լեյեֆետ) կամ հասկացությունների զուգադրում, քանի որ հենց Հաբեթ անունը նշանակում է «լայնորեն տարածված-սփռված», ուստի այս միջոցով էլ Հաբեթին կանխատեսվում էր ամենալայն տարածվածությունը երկրի վրա: Եվ, իրավամբ, ի դեմս Կովկասյան ժողովուրդների նա բնակեցրել է Ասիայի մեծ մասը, գրեթե ամբողջ Եվրոպան ու Ամերիկան, ավելորդ է արդեն նշելը, որ հաբեթի սերունդներն են կազմել Հին ու Նոր աշխարհների մնացած երկրների բնակչության գերակշռող մասը: Մեկնաբաններն ուշադրություն են դարձնում երկու համարներում առկա Աստծո անվանումների տարբերությանը. Սեմի օրհնանքում Աստված կոչվում է Եհովա՝ այսինքն ուխտի և հայտնության Աստված, մինչդեռ Հաբեթի օրհնության մեջ կոչվում է Էլոհիմ` որպես աշխարհի համապարփակ Տեր և Արարիչ: Հաբեթի սերունդների քանակական տարածվածությունը, նրանց մտքի գերազանցությունն էլ է ակնհայտ դարձնում. Հնդկաստանի մետաֆիզիկան, Հունաստանի փիլիսոփայությունը, Հռոմի ռազմավարությունն ու ժամանակակից համաշխարհային քաղաքակրթությունը իրենց գոյության և բարգավաճման համար գլխավորապես պարտական են հաբեթի սերունդների հանճարին:
Նա թող բնակվի սեմի տանը… Խոսքն այստեղ ոչ թե Աստծո մասին է, ինչպես թյուրիմացաբար կարծում են ոմանք (Փիլոն, Թեոդորիտ, Օնքելոս), այլ Հաբեթի, ում հետզհետե կանխավիճակված էր գերիշխող դեր մինչև անգամ Սեմի սերունդների նկատմամբ: Եվ, հիրավի, այս մարգարեությունն էլ արդարացվեց` երկու իմաստով. քաղաքական առումով այն ի կատար ածվեց, երբ հռոմեացիները` Հաբեթի հետնորդները, հպատակեցրին հրեաներին, ավերեցին Երուսաղեմը, իսկ կրոնական իմաստով, երբ իսրայելացիների հետ Քրիստոսի եկեղեցին ընդունեցին նաև հեթանոսները (Եփ. 2:11-15): «Ինձ //Ա. Լոպուխինին// թվում է`Սեմին և Հաբեթին տրված այս օրհնությունների միջոցով նա (Նոյը) կանխագուշակեց երկու ժողովուրդների կոչումը, այն է` Սեմի գծով` հրեաների կոչումը, քանի որ նրանից առաջացավ նահաապետ Աբրահամն ու հրեա ժողովուրդը, իսկ Հաբեթի գծով` հեթանոսների կոչումը» (սուրբ Հովհ. Ոսկեբերան, զրույց 30):
Քանանն էլ ծառա լինի նրա մոտ…Սույն մարգարեության իրագործումը կարելի է համարել գլխավորապես սևամորթ ցեղի ստրկակության աճը սպիտակամորթերին և նրանց նկատմամբ վերջինների ունեցած բազմակողմանի գերիշխանությունը:
Ամփոփելով Նոյի մարգարեության մանրամասն մեկնաբանությունը, մենք պետք է ասենք, որ դա մեկն է այն ամենանշանակալի կանխասացություններից, որ իր մեջ ընդհանուր գծերով ընդգրկում է ողջ մարդկության հետագա պատմության գլխավոր ուղղությունները, մարմնավորված Նոյի երեք որդիների ճակատագրերով, որպես հետագա մարդկության նախահայրերի. այստեղ և’ Նոյի սիրելի առաջնեկ Սեմն է, ում կանխորոշվում է աստվածային առանձնահատուկ օրհնություն, այստեղ և’ ապերախտ Քամն է, ում համար ազդարարվում է մերժում, ստրկություն, այստեղ և’ կրտսեր որդին է` Հաբեթը, ում ճակատագրում կատարվեց ավետարանական այն մարգարեությունը, թե` վերջիններն առաջիններ կդառնան (Մաթ.19:30,Մարկոս 10:31),առաջիններ` ինչպես պատմամշակութային, այնպես էլ քրիստոնեական-կրոնական առումով:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»:
(Արարատ թարգ․) Ասաց. «Անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա լինի իր եղբայրներին»:
(Գրաբար) Եւ ասէ. Անիծեալ Քանան մանուկ, և եղիցի ծառա՛յ եղբարց իւրոց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: