Եզեկիելի մարգարեության մեկնություն 10։14

Ա. Լոպուխին

«Եվ կենդանի էակներից ամեն մեկը չորս երես ուներ. առաջինի երեսը քերովբեի երես էր, երկրորդ երեսը մարդու երես էր, երրորդը՝ առյուծի երես, և չորրորդը՝ արծվի երես»։ [14] (Սինոդական թարգ․)
   

   Եզեկելի մարգարեության սույն 10:14-րդ համարը համարժեք է 1:6-րդ և 10-րդ համարներին։

   «Առաջինի երեսը քերովբեի երես էր» - այստեղ խոսքը ոչ թե մեկ քերովբեի, այլ տարբեր քերովբեների դեմքերի մասին է։ Չգիտես ինչու՝ ոչինչ չի ասվում առաջին քերովբեի դեմքի նմանության մասին, այլ միայն այն է նշվում, որ նա ուներ քերովբեին հատուկ սովորական դեմք, մյուսը՝ մարդու դեմք։ Մարգարեի կողմից նկատված երրորդ դեմքը (որը թե հատկապես ո՛ր քերովբեին էր պատկանում՝ չի ասվում), առյուծի դեմք էր, չորրորդը՝ արծվի երես։ Այս արտահայտությունը և հատկապես այն տեսքով, որով այն հանդես է գալիս եբրայեցերեն տեքստում և դրա սլավոներեն թարգմանության մեջ, չի բովանդակում այն անհրաժեշտ գաղափարը, համաձայն որի՝ յուրաքանչյուր քերովբե ուներ մեկ երես և մյուսներից տարբերվող դեմք, մի իրողություն, որի մասին խոսվում է Հայտնության 4։7-րդ համարում։ Մարգարեն գիտեր, որ ընթերցողը, կարդալով այս նկատառումը, կհասկանար հենց այն, ինչ քերովբեների դեմքերի մասին ասվել էր 1:10-րդ համարում, որում յուրաքանչյուր քերովբեին հատկացված էր 4 երես: Եթե ​​այստեղ յուրաքանչյուր քերովբեի համար հատկանշվում է միայն մեկ դեմք, ապա դա պայմանավորված է նրանով, որ այդ դեմքերը հաշվվում են այլ կարգով, իսկ դա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ մարգարեն այդ տեսիլքին ականատես է լինում մեկը մյուսից տարբեր իրապայմաններում: Այս պարագայում մարգարեն ինչ-ինչ պատճառներով, գուցե ինչ-որ հեռավորության և տաճարի շենքի կողմից տեսադաշտ չունենալու պատճառով քերովբեներից յուրաքանչյուրի վրա մեկից ավելի դեմք չտեսավ: Մարգարեին ամենամոտը և նրա համար ամենից տեսանելին այն քերովբեն էր, որն ածուխ էր տալիս հրեշտակապետին․ մարգարեն այդ քերովբեին կարող էր տեսնել իր բոլոր դեմքերով հանդերձ, ինչպես որ նա բոլոր քերովբեներին տեսավ Քոբարի վրա։ Այդ իսկ պատճառով էլ մարգարեն չի ասում, թե այս քերովբեն ինչ դեմքով էր դարձել դեպի իրեն։ Սրանից հետո ամենամոտ և ամենալավ տեսանելի քերովբեն մարգարեին երևացել է մարդու դեմքով, և այդպես շարունակ։ Այսպիսով, առաջին քերովբեն մարգարեին երևաց եզի դեմքով․․․

   Այսպիսով, մարգարեն պարզորոշ տեսավ միայն առաջին և երկրորդ քերովբեների դեմքերը, իսկ ահա երրորդ և չորրորդ քերովբեների պարագայում, որոնք «ծածկված» էին տաճարի շենքի հետևում և, հավանաբար, հազիվ տեսանելի էին միայն տաճարի շենքի տանիքից (եթե մարգարեի տեսիլքը սավառնում էր օդում), մարգարեն ավելի շատ կարող էր կռահել, քան տեսնել, թե ինչպիսի դեմքերով էին այդ քերովբեները նայում դեպի նա։ Այստեղից էլ գալիս է 3-րդ և 4-րդ դեմքերը բնորոշող արտահայտությունների տարբերությունը 1-ին և 2-րդ դեմքերի համեմատությամբ․․․Հունարեն շատ ձեռագրերում այս համարը բացակայում է՝ հաշվի առնելով իր այս ոչ միանշանակությունը և 1:10-րդ համարի հետ ունեցած երևակայական հակասությունը, որը դեռևս չի ստացել իր բացատրությունը (եզի դեմքի բացթողումը բացատրվել է, օրինակ, նրանով, որ 1-ին գլխում՝ աստվածային տեսիլքում, նմանատիպ դեմքի առկայությունը կարող էր գայթակղություն առաջացնել, ինչից մարգարեն ինքն էլ վախեցավ և շտապեց վերացնել դրա հնարավորությունը)։ Այս բոլոր հանգամանքները ստիպեցին կասկածել համարի վավերականության հարցում և տարատեսակ «ուղղումներ» կատարել դրա մեջ։ Օրինակ՝ որոշ մեկնաբաններ (Կրեչմար) առաջարկեցին «քերուբ»՝ «քերովբե»  բառի փոխարեն տարընթերցել կառուցվածքային առումով շատ նման «պառ»՝ «ցուլ» անունը, որը հատկորոշում է «եզ» ընդհանուր անվանումը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ քերովբէներից ամէն մէկը չորս դէմք ունէր. մէկը քերովբէի դէմք էր, երկրորդը՝ մարդու, երրորդը՝ առիւծի, իսկ չորրորդը՝ արծուի:
(Արարատ թարգ․) Եվ ամեն մի քերովբե չորս երես ուներ. մի երեսը քերովբեի երես էր, երկրորդ երեսը մարդու երես էր, երրորդը՝ առյուծի երես, և չորրորդը՝ արծվի երես։
(Գրաբար) Եւ չորք դէմք միոյ դէմք միոյն դէմք եզին դէմք երկրորդին՝ դէմք մարդոյ. և դէմք երրորդին դէմք առիւծու. և դէմք չորրորդին՝ դէմք արծուոյ”։