Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։24

Ա. Լոպուխին

«Դու քեզ համար պոռնկատեղիներ կառուցեցիր և ամեն հրապարակում քեզ համար բարձրավայրեր պատրաստեցիր»։ [24] (Սինոդական թարգ․)
   

   «Պոռնկատեղիներ» - սլավոներենում ավելի ճշգրիտ՝ «պոռնկության տաճար», այսինքն՝ կրոնական այլասերվածության տաճարներ։

   «Բարձրավայրեր», այսինքն՝ զոհասեղանների պես մի բան՝ բացօթյա և բարձրադիր վայրերում․ դրանք պիտի ծառայեին միևնույն պիղծ նպատակին՝ հեռվից տեսանելի լինելով ամենքի կողմից (Հերոնիմոս Երանելի): Այս բառը եբրայեցերեն երկու բառերի՝ նախընտրելի համարված թարգմանությունն է։ Եբրայեցերեն այդ բառերից առաջինի իմաստը հայտնի չէ («գաի»՝ «բարձունք, կամար» բառի արմատից, ինչպես որ լատիներեն «fornicare» բառն է ծագում «fornix»՝ «քարանձավ» բառից, որը մի վայր էր, որ հնում ծառայում էր որպես պոռնկության համար նախատեսված սովորական վայր), Համաձայն եբրայեցերեն բառի երկրորդ իմաստի՝ այն նշանակում է «բլուր», «բարձունք»՝ զոհասեղանի համար, կամ էլ այդ բառով մատնացույց է արվում հենց զոհասեղանը: Հետևաբար, եթե եբրայեցերեն առաջին բառն իր նշանակությամբ կարող է արտահայտել նաև «պոռնկություն» իմաստը, ապա «պոռնկատեղիներ» ասելով էլ կարելի է հասկանալ, առհասարակ, հեթանոսական տաճարները, որոնք այդպես են անվանվել ա՛յն պատճառով, քանի որ Իսրայելը դրանց մեջ է դավաճանել ու դրժել Յահվեի հետ կնքած ուխտը։ Այսպիսի ընկալումն ավելի հավանական է թվում նաև այն պատճառով, քանի որ թեև անբարո պաշտամունքներն (օրինակ՝ Աստարտի կամ գուցե նաև Իսիդոսի) իրենց համար հետևորդներ գտան Իսրայելում, բայց Երեմիայի մարգարեությունից և Թագավորաց գրքերից այն տպավորությունը չի ստեղծվում, որ Հրեաստանում դրանք հասել էին այն աստիճան զարգացման, ինչպիսին որ կարելի է ենթադրել այստեղ գործածված արտահայտությունների բառացի իմաստից։

   «Ամեն հրապարակում» - այստեղ մենք ականատես ենք լինում քաղաքային, նույնիսկ գերակշռող առումով՝ մայրաքաղաքային կռապաշտությանը, մինչդեռ նախկինում այն ուներ ​​գավառական բնույթի ընդրգունություն։ Այս արտահայտությունը հիշեցնում է Պողոս առաքյալի խոսքն Արեոպագոսում՝ Աթենքի բազմաթիվ զոհասեղանների վերաբերյալ։ Օտար պաշտամունքների նկատմամբ չափից ավելի մեծ հակումը դրսևորմում է համազգային քայքայման (անկումի) ժամանակաշրջանում: Մարգարեն գլխավորաբար նկատի ունի Հուդայի թագավորության վերջին հարյուրամյակը (Աքազից սկսած), սակայն այս արտահայտությունը կարող է ընդգրկել նաև նախորդող շրջանը։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Քեզ համար պոռնկութեան տուն շինեցիր, բագիններ կանգնեցրիր բոլոր հրապարակներում,
(Արարատ թարգ․) դու քեզ համար բարձրահարթակ կառուցեցիր և ամեն հրապարակում բարձրավայր պատրաստեցիր քեզ համար։
(Գրաբար) Եւ շինեցե՛ր դու քեզ տուն պոռնկութեան, և արարեր քեզ բագինս յամենայն հրապարակս քո: