Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։4

Ա. Լոպուխին

«Քո ծննդյան օրը՝ այն օրը, երբ դու ծնվեցիր, քո պորտը չկտրեցին, և ջրով չլվացվեցիր՝ մաքրվելու համար, և աղով չաղվեցիր ու խանձարուրով չփաթաթվեցիր»։[4] (Սինոդական թարգ․)
   
   Իսրայելն իր գոյության սկզբում նման էր մի լքված մանկան, որը դուրս էր հանվել իր մոր արգանդից՝ զրկված լինելով կյանքի պահպանության համար առաջնային կարևորություն ունեցող անհրաժեշտ պայմաններից։ Երեխան, որի պորտալարը «կտրված չէ» կամ վատ է կտրված, կարող է մահանալ, երբ ընկերքը սկսի քայքայվել: Յոթանասնից թարգմանությունն այս բնական և զորեղ մտքի փոխարեն մի «տարօրինակ» (Կրեչմար) ընթերցում է առաջարկում․ «քո կուրծքը չկտրեցին» (հնարավոր է, որ այստեղ պորտալարն այդպես է կոչվել՝ նկատի ունենալով պտղի կերակրման գործում ունեցած նշանակությունը):

   «Ջրով չլվացվեցիր՝ մաքրվելու համար» - վերջին արտահայտությունը հին եբրայեցերեն «լեմիշյա» բառի նախընտրելի թարգմանությունն է: Այդ արտահայտությունը բացակայում է հունարեն ձեռագրում, սակայն առկա է սլավոնական թարգմանության մեջ՝ փոխադրված ըստ Ակիլլայի, Թեոդոտիոնի և Վուլգաթայի թարգմանությունների, որոնցում ասվում է․ «փրկության համար», այսինքն՝ կյանքի պահպանության համար։

   «Աղով չաղվեցիր» - քանի դեռ նորածին երեխաների նրբազգաց մարմինները պահպանում են իրենց մոր արգանդի ջերմությունը և առաջին լացով արձագանքում են դժվարություններով լեցուն կյանքի սկզբնավորությանը, այդ ընթացքում մանկաբարձները սովորաբար աղով աղում են նրանց մարմինները, որպեսզի դրանք ավելի չորանան և սեղմվեն» (Հերոնիմոս Երանելի): Գալենի կողմից հիշատակված այս սովորույթը ներկայումս նույնպես կիրառվում է Արևելքում. ֆելլահները կարծում են, որ երեխաները դրա միջոցով ուժեղանում և կոփվում են (Nowack. Archaol, I, § 28): Բացի դիետիկ նշանակությունից՝ այն կարող էր ունենալ նաև խորհրդանշական նշանակություն՝ ծառայելով որպես նորածնի առողջ կենսուրախության արտահայտություն կամ էլ մատնացույց անելով նրա մուտքն Աստծո հետ ուխտի մեջ, որը Հին Կտակարանում երբեմն անվանվում է «աղի ուխտ» ( Ղևտ․ 2։13, Թվ․ 18։19, Բ Մնաց․ 13։5)։ Ինչ վերաբերում է Իսրայելին առնչվող այս այլաբանության իմաստին, ապա պետք է նշել, որ, նախևառաջ, այս խոսքում ամեն մի մանրուք չէ, որ պետք է ունենա խորհրդանշական իմաստ և մի որևէ գաղափար բովանդակի։ Այդպես նաև Իսրայելի սկզբնական ճակատագրին վերաբերող այս պատկերում կարող է գոյություն ունենալ միայն այն ընդհանուր գաղափարը, որ Իսրայելն իր պատմության առաջին շրջաններում, օրինակ, եգիպտական ստրկության ժամանակ, ավելի անօգնական էր, քան մյուս ժողովուրդները, և եթե Աստված Իսրայելին Իր խնամքի տակ չառներ, ապա այդժամ Իսրայելը կմահանար ճակատագրից լքված երեխայի նման: Սա կարող է վերաբերել նաև այն ժամանակներին, երբ Իսրայելը դեռևս Հակոբի ընտանիքի մի մասն էր, ա՛յն ընտանիքի, որը մի կերպ փրկվեց սովամահ լինելուց։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Քո ծննդի ժամանակ, այն օրը, երբ ծնուեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց. քեզ սնուցող ստինքը չամրացրին. ջրով չլուացուեցիր՝ փրկուելու համար, ոչ էլ աղով աղուեցիր. խանձարուրների մէջ չփաթաթուեցիր:
(Արարատ թարգ․)Իսկ քո ծնունդիդ՝ քո ծնված օրը, պորտդ չկտրվեց, և մաքրվելու համար ջրով չլվացվեցիր և աղով չշփվեցիր ու խանձարուրով չփաթաթվեցիր։
(Գրաբար) և ծնունդն քո յորում աւուր ծնար՝ ո՛չ ոք եհար զպորտ քո, և ո՛չ պնդեցին զստինս քո. և ջրով ո՛չ լուացար 'ի փրկութիւն, և աղիւ ո՛չ յաղեցար, և' ի խանձարուրս ո՛չ պատեցար: