Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։61

Ա. Լոպուխին

«Ու դու պիտի հիշես քո ճանապարհները և պիտի ամաչես, երբ քեզնից մեծ, ինչպես նաև քեզնից փոքր քույրերիդ ընդունես քեզ մոտ, և երբ Ես նրանց քեզ տամ իբրև դուստրեր, թեև ոչ քեզ հետ ունեցած ուխտովս»։ [61] (Սինոդական թարգ․)
   

   Աստված խոստանում է Երուսաղեմին, որ նրա հոգևոր ազդեցությանը պիտի հնազանդեցնի տարբեր ժողովուրդների (հմմտ․ Ես․ 60-րդ գլուխ), որոնք ավելի մեծ կլինեն, քան Սամարիան է, և ավելի փոքր, քան Երուսաղեմը, ինչպիսին էր, օրինակ, Սոդոմը։ Միայն այդ իրողությունն այն աստիճան կամաչեցնի Իսրայելին, որ կնշանավորի նրա շտկվելու սկզբնավորումը։ Բայց այդ ամենը տեղի չի ունենա Իսրայելի հետ Աստծո կողմից նախորդիվ կնքված ուխտի շրջանակներում («ոչ քեզ հետ ունեցած ուխտովս», սլավոներենում՝ «բայց ոչ քո ուխտից ելնելով»), որի պարտավորությունների մեջ ներառված չէր այսօրինակ անսահման ողորմածությունն Աստծո կողմից։
--------------------------------
[61](Էջմիածին թարգ․) Յիշելու եմ նաեւ քո ընթացած ճանապարհը, եւ դու ամօթահար ես լինելու, երբ միտքդ բերես քոյրերիդ՝ աւագներին ու կրտսերներին: Նրանց տալու եմ քեզ փորձութեան համար եւ ոչ թէ որպէս դաշնակից:
(Արարատ թարգ․) Ու պիտի հիշես քո ճանապարհները և ամաչես, երբ մեծ քույրերիդ և փոքրերին ընդունես, ես նրանց քեզ պիտի տամ իբրև դուստրեր, թեև ոչ քեզ հետ ունեցած ուխտովս։
(Գրաբար) և յիշեցից զճանապարհսն քո՝ և անարգեսցիս, յորժամ զմտա՛ւ ածիցես զքորսն քո՝ զերիցունսն հանդերձ կրսերօքն. և տաց զնոսա քեզ 'ի փորձ, և ո՛չ' ի դաշնաւորս: