Եզեկիելի մարգարեության մեկնություն 2։3

Ա․ Լոպուխին

«Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, Ես քեզ ուղարկում եմ Իսրայելի որդիների մոտ, անհնազանդ մարդկանց մոտ, որոնք ըմբոստացան Իմ դեմ. նրանք և նրանց հայրերը դավաճաններ են Իմ առջև մինչև այս իսկ օրը»։(Սինոդական թարգ․)[3]

   

   Երբ երկնային ձայնը բարյացակամությամբ քաջալերեց մարգարեին, և Եզեկիելը հանդարտվեց այն սկզբնական վախի վիճակից, որով նա համակվել էր հայտնության տեսարանի առջև, այդժամ նա կանչվեց մարգարե լինելու («ուղարկում եմ» - արդեն Եսայու մարգարեության մեջ սա տեխնիկական նշանակություն ունեցող մի եզրույթ է 6:8) Իսրայելի համար (Յոթանասնից թարգմանությունը «որդիներ» բառի փոխարեն «առաջարկում» է գրությամբ այդ բառին շատ նման «տուն» բառը․ եբրայեցերեն՝ «բենեի –բեթ»)։ Սակայն, ցավոք սրտի, Իսրայելը հազիվ թե արժանի է կոչվելու «աստվածապաշտի» այս վեհ անվամբ, այլ ավելի շուտ հավակնում է կրելու համառորեն անհնազանդ «հեթանոսներ» կոչումը («մարդկանց»․ եբրայեցերեն՝ «գօիմ», Եզեկիելի ժամանակաշրջանում այս եզրույթն իր նախկին՝ էթնոլոգիական իմաստի փոխարեն պետք է ընդուներ բարոյա-կրոնական նշանակություն, այդ իսկ պատճառով էլ Յոթանասնից թարգմանությունը, հնարավոր է, միտումնավոր է զանց առել այդ արտահայտությունը): Այնուամենայնիվ, Իսրայելն իր գոյության ամենասկզբից իսկ (այստեղ «հայրերը» բառը գործածված է իր ամենալայն իմաստով) և մինչև օրս էլ աչքի չի ընկել իր հավատարմությամբ։ Համաձայն Եզեկիելի վկայության՝ ի տարբերություն, օրինակ, Երեմիա մարգարեի «տեսակետի» (Երեմ․ 2:2), Իսրայելը փչացած է մինչև իսկ իր նախարմատներով հանդերձ (Եզեկ․ 16:3):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ու լսում էի, որ նա խօսում էր հետս ու ասում. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկելու եմ այդ դառնացուցիչ Իսրայէլի տունը. նրանք իրենք եւ նրանց հայրերը դառնացրել են ինձ, անարգել են ինձ մինչեւ այսօր:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայելի որդիների մոտ, ըմբոստ ազգերի մոտ, որոնք ըմբոստացան իմ դեմ. նրանք և նրանց հայրերը հանցանք գործեցին իմ դեմ մինչև այս իսկ օրը։
(Գրաբար) և ասէր. Որդի՛ մարդոյ՝ ես առաքեցից զքեզ առ դառնացուցիչ տունդ Իսրայէլի. որք դառնացուցին զիս, ինքեանք և հա՛րք իւրեանց, անարգեցին զիս մինչև ցա՛յսօր։