Եզեկիելի մարգարեության մեկնություն 2։6

Ա․ Լոպուխին

«Իսկ դու, մարդո՛ւ որդի, նրանցից մի՛ վախեցիր և ո՛չ էլ վախեցիր նրանց խոսքերից, թեկուզ եթե դրանք քեզ համար տատասկներ ու փշեր էլ լինեն, և դու կարիճների հետ ապրես. նրանց խոսքերից մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր նրանց դեմքերից, թեև նրանք ապստամբ տուն են»։ (Սինոդական թարգ․)[6]

   

   Մարգարեն ականատես է լինում Իսրայելի կողմից դրսևորվող մեկից ավելի դավաճանության: Իսրայելը մարգարեին անմիջականորեն ոչ քիչ թվով անախորժություններ է պատճառում։

   «Բայց դու, մարդո՛ւ որդի, նրանցից մի՛ վախեցիր» - Աստված երեք անգամ կրկնում է մարգարեին ուղղված Իր այս խաղաղեցնող խոսքը՝ մասնավորապես նշելով, որ նա չպիտի վախենա «նրանց խոսքերից», ինչի միջոցով միայն գերության սահմանափակ պայմաններում մարգարեի հայրենակիցները, որոնք, ընդ որում, շատ հնարավոր է, որ ավելի փափկասիրտ էին դարձել, կարող էին վնաս հասցնել Եզեկիելին։ Հետևաբար այս համատեքստում է պետք դիտարկել նաև տատասկների ու փշերի՝ ստորև կիրառված պատկերները (Յոթանասնից թարգմանությունը, այս բառերը տարընթերցելով ոչ թե որպես գոյականներ, այլ որպես բայեր, հետևյալ կերպ է թարգմանում միտքը․ «Նրանք կզայրանան և կհարձակվեն»)։ Իսկ ահա կարիճների պատկերը՝ իրենց վնասակար խայթոցով հանդերձ, լավագույնս մատնացույց է անում այն վտանգը, որը սպառնում է անմիջապես հենց «խոսքերի» կողմից: Մարգարեն չպիտի շփոթության մատնվի նրանց այդ թշնամական խոսքերի պատճառով, որովհետև Իսրայելն ապստամբության տուն է։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, նրանցից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետեւ զայրանալով պիտի զայրանան ու քեզ վրայ պիտի յարձակուեն, քանի որ կարիճների մէջ բնակուելիս պիտի լինես դու: Նրանց խօսքերից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետեւ դառնացնողների տուն են:
(Արարատ թարգ․) Իսկ դու, մարդո՛ւ որդի, նրանցից մի՛ վախեցիր, ո՛չ էլ վախեցիր նրանց խոսքերից, թեկուզ մոտդ տատասկներ ու փշեր էլ լինեն, և դու կարիճների վրա նստես. նրանց խոսքերից մի՛ զարհուրիր, ոչ էլ նրանց դեմքերից, թեև նրանք ապստամբների տուն են։
(Գրաբար) Եւ դո՛ւ որդի մարդոյ՝ մի՛ երկնչիցիս ‘ի նոցանէ, և մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի զայրանալով զայրասցին և յարիցեն ‘ի վերայ քո. զի ‘ի մէջ կարճաց բնակեալ ես դու՝ մի՛ երկնչիցիս ‘ի բանից նոցա, և յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես, զի տուն դառնացողա՛ց են։