Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։9

Ա. Լոպուխին

«Գեբաղի ավագները ու նրա մասնագետները քեզ հետ էին, որպեսզի փակեին քո ճաքերը։ Ծովի բոլոր նավերը և նրանց նավաստիները քեզ հետ էին քո առևտուրն անելու համար»։ [9] (Սինոդական թարգ․)
   

    «Ավագները» - սլավոներենում՝ «երեցները», իսկ Վուլգաթայում, ավելի ստույգ, «senes»՝ հատուկ եզրույթ՝ մատնանշելու համար այն խորհրդի անդամներին, որը կառավարում էին ծովափնյա սեմական քաղաքների մեծ մասին (Renan, La miss. d. Phoen. 453)։

   «Գեբաղ» - սլավոներենում՝ «Վիվլիստիի», հունարենում՝ «Βιβλιων» - «Բիբլոս» (ասորերենում՝ «Գուբլու», «Կուբլու»)։ Այս քաղաքը մեծապես հայտնի էր Ադոնիսի պաշտամունքով։ Ներկայիս Ջեբել քաղաքն է, որ գտնվում է Տրիպոլիի և Բերիթի միջև։

   «Մասնագետները» - սլավոներենում ավելի ստույգ՝ «իմաստունները», ինչպես որ 9-րդ համարում ասվում էր Տյուրոսի մասին։ Իմիջիայլոց, Բիբլոսը հայտնի էր որպես գիտության քաղաք․ Բիբլոսից էին Փիլոնը, Սանհունիաթոնը:

   «Փակեին քո ճաքերը» - բառացիորեն՝ «ջրի ճանապարհները»։ Հետևաբար, այդպիսի մի մասնագիտություն իսկապես գոյություն ուներ նավերի անձնակազմերի մեջ։ Սլավոներենում՝ «Կապրապնդեմ քո խորհուրդը», ըստ որի՝ մատնացույց է արվում Փյունիկիայի ծովափնյա քաղաքների վերոհիշյալ «ավագների խորհուրդը»։ 9բ համարից սկսվում է Տյուրոսի մասին ուղղակի (ոչ փոխաբերական) խոսքը. մնում է միայն Տյուրոսի համեմատությունը նավի հետ։

   «Քեզ հետ» - Տյուրոսի նավահանգստում։

   «Քո առևտուրն անելու համար» - բառացիորեն՝ «փոխանակման ենթակա առարկաների փոխանակման համար»։ Այստեղ կիրառված «ապրանքներ» բառը եբրայեցերեն «մաարաբ» բառն է՝ «փոխանակել» արմատից (միայն այստեղ և 27-րդ ու 34-րդ համարներում է այս բառը գործածվում հստակորեն «ապրանքներ» իմաստով, բայց հնագույն շրջանի թարգմանիչները տատանվում էին դրա իմաստի հարցում։ Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է՝ «արևմուտքից դեպի արևմուտք», այսինքն՝ նավարկում էին դեպի ամենահեռավոր արևմուտք։ Սիմմաքոսի թարգմանության մեջ՝ «επιμιξια» - «քննարկում», «դիմում»; Վուլգաթայում՝ «negotiatio»): Սույն արտահայտությունը հստակորեն հիշեցնում է այն մասին, որ սկզբնապես առևտուրն ապրանքների փոխանակություն էր ենթադրում միայն։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) ծեր մատենագէտներն ու իմաստունները, որ ապրում էին քո մէջ, նրանք են զօրացրել քեզ քո խորհուրդներում: Ծովի բոլոր նաւերն ու դրանց նաւավարները են քեզ առաջնորդել մինչեւ ծայրագոյն արեւմուտք:
(Արարատ թարգ․) Գեբաղի երեցներն ու նրա ճարտար մարդիկ քո մեջ էին, նավերիդ ճաքերը փակողներն էին, ծովի բոլոր նավերը և նրանց նավաստիները քո մեջ էին քո ապրանքների առևտուրն անելու համար։
(Գրաբար) Եւ ծերքն մատենագէտք, և իմաստունք նոցա որ էին 'ի քեզ, նոքա զօրացուցանէին զխորհուրդս քո. և ամենայն նաւք ծովուն և նաւավարք նոցա եղեն քեզ երթալ յարևմուտս արևմտից: