Ա. Լոպուխին
16-21․ «Յոթ օրից հետո Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [16] «Մարդո՛ւ որդի, Ես քեզ դետ եմ կարգել Իսրայելի տան վրա, և դու խոսք պիտի լսես Իմ բերանից, և նրանց պիտի խրատես Իմ անունից»։ «Երբ ես ամբարիշտին ասեմ. «Մահով պիտի մեռնես», իսկ դու նրան չխրատես և չխոսես՝ ամբարիշտին զգուշացնելով իր անօրեն ճանապարհից, որպեսզի նա ապրի, ապա այդ ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, և Ես նրա արյունը քո ձեռքերից կպահանջեմ»։ «Իսկ եթե դու խրատես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր անօրեն ճանապարհից, ապա նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կփրկես քո հոգին»։ «Եվ եթե արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, երբ Ես գայթակղություն դնեմ նրա առաջ, և նա մեռնի, ապա, քանի որ դու նրան չես խրատել, նա իր մեղքի համար կմեռնի, և նրա արդար գործերը, որոնք նա գործել է, չեն հիշվի, և Ես նրա արյունը քո ձեռքերից կպահանջեմ»։ «Բայց եթե դու խրատես արդարին, որպեսզի արդարը չմեղանչի, և նա էլ չմեղանչի, ուրեմն նա կապրի, որովհետև նա խրատվել է, և դու էլ կփրկես քո հոգին»։ (Սինոդական թարգ․)
Նոր պարզաբանումներ մարգարեական կոչման վերաբերյալ։ Մարգարեին հաղորդված նոր հայտնությունը, որը գուցե միայն Աստծո ներքին ձայնի տեսքով էր հնչել, այլ ոչ թե լսելի էր եղել արտաքնապես, ինչպես նախորդ տեսիլքի ժամանակ (դա երևում է 2-րդ գլխի 1-2-րդ համարներից), վերաբերում էր նրա մարգարեական գործունեության ավելի մոտակա խնդիրներին՝ կապված իր ժամանակակիցների հետ հարաբերությունների հաստատմանը, մինչդեռ մարգարեական կանչի ժամանակ ավելի լայնընդգրկուն խնդիրներ էին արծարծվում, որոնք վերաբերում էին ամբողջ «Իսրայելի տանը»։ Տեսիլքից և մարգարեական կանչից յոթ օր հետո մարգարեին հաղորդված այս հայտնությունը կարող էր լինել Աստծո պատասխանը մարգարեի այն մտածումներին, թե նա ինչպե՞ս պետք է սկսի իր դժվարին ծառայությունը, թե ինչի՞ց պիտի սկսի: Անհրաժեշտ է սկսել ոչ թե ամբողջ ժողովրդից առհասարակ, այլ առանձին անհատներից՝ ամբարիշտ մեղավորներից և սայթաքող արդարներից: Ժողովրդին՝ որպես ամբողջություն, առժամանակ կարելի էր «կորսված» համարել, ուստի և հարկ էր ծայրահեղ դեպքում գոնե անհատ անձանց փրկել։ Միևնույն ժամանակ մարգարեին տրված այս վերջին հայտնությունը նրան խաղաղեցրել էր իր հետագա գործունեության ակնհայտ անհաջողության տեսանկյունից՝ ծայրահեղ դեպքում «ապահովագրելով» գոնե իրեն։ Եթե մարգարեն իր հանդիմանությամբ չփրկեր հանդիմանվածներին, գոնե իր սեփական հոգին կփրկեր։ Իսկ ահա նրա լռությունը կկործաներ թե՛ մեղավորներին, թե՛ հենց իրեն:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Եօթը օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ յոթ օրից հետո Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւեղև յետ եւթն աւուրն, եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: