Ա. Լոպուխին
«Եվ եթե արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, երբ Ես գայթակղություն դնեմ նրա առաջ, և նա մեռնի, ապա, քանի որ դու նրան չես խրատել, նա իր մեղքի համար կմեռնի, և նրա արդար գործերը, որոնք նա գործել է, չեն հիշվի, և Ես նրա արյունը քո ձեռքերից կպահանջեմ»։ (Սինոդական թարգ․)[20]
«Երբ Ես գայթակղություն դնեմ նրա առաջ» - այսինքն՝ «ցանկալի ձգտում (սլավոներենում՝ «տանջանք», հունարենում՝ «basanon» - «քննություն փորձության միջոցով»): Այստեղ նկատի է առնվում, այսպես կոչված, Աստծո «թույլտվությունը» գայթակղության համար, քանի որ այն բառի բուն իմաստով չի կարող գալ Աստծո կողմից (Հոբ 1:12, Հակ․ 1:13):
«Քանի որ դու նրան չես խրատել, նա իր մեղքի համար կմեռնի» - Ամբարշտի վերաբերյալ նմանատիպ եզրահանգում չի կատարվել (հմմտ․ 18-րդ և 19-րդ համարներ), քանի որ մեղավոր արդարի պարագայում ճիշտ ժամանակին անհրաժեշտ եղող հանդիմանության բացակայությունը կարող է լինել նրա հոգևոր մահվան միակ պատճառը, մինչդեռ ամբարիշտ մեղավորը հազվադեպ դեպքերում է փրկվում հանդիմանության ենթարկվելու արդյունքում։
«Եվ նրա արդար գործերը․․․չեն հիշվի» - Ծանր մեղքն ունակ է այնպե՜ս ապականել արդար մարդուն, որ նրա բոլոր նախկին առաքինությունները կարող են ջնջվել նրա հոգուց ՝ առանց որևէ հետք իսկ թողնելու: Բացի այդ, Եզեկիել մարգարեն՝ որպես հինկտակարանյան մարդ, ավելի շատ խոսում է արդարների և մեղավորների երկրայի՛ն ճակատագրի մասին, քան թե գերեզմանից անդին կյանքի մասին, որտեղ յուրաքանչյուր ոք վարձատրվում է ըստ իր գործած արարքների:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 3:16
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եւ երբ արդարն էլ իր արդար գործերից շեղուի ու յանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ եմ բերելու. ինքը մեռնելու է, որովհետեւ նրա կատարած արդար գործերը չեն յիշուելու: Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արիւնը քեզնից եմ պահանջելու:
(Արարատ թարգ․) Եվ երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, և ես գայթակղություն դնեմ նրա առաջ, նա կմեռնի. քանի որ դու նրան չզգուշացրիր, նա իր մեղքի համար կմեռնի, և նրա գործած արդարությունը չի հիշվի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։
(Գրաբար) Եւ յորժամ դարձցի՛ արդարն յարդարութեանց իւրոց՝ և արասցէ յանցանս, արկից տանջանս զգլխով նորա. ինքն մեռցի. քանզի ո՛չ եթէ յիշեսցին արդարութիւնք նորա զոր արար. բայց քանզի դու ո՛չ զգուշացուցեր նմա՝ զարիւն նորա ‘ի ձեռաց քոց խնդրեցից։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: