Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։30

Ա. Լոպուխին

«Իսկ քո մասին, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիները խոսում են պատերի տակ և տների դռների մոտ և ասում են մեկմեկու, եղբայրը՝ եղբորը. «Եկե՛ք ու լսե՛ք, թե ի՛նչ խոսք է եկել Տիրոջից»»։ [30] (Սինոդական թարգ․)
   

   Ճիշտ է, մարգարեի գերության ընկերներն ավելի լավն էին, քան Հուդայում մնացած ամբարտավան մեղավորները, սակայն մարգարեի և նրա խոսքի հանդեպ նրանց վերաբերմունքը ստիպում էր շատ ավելի մեծ սպասումներ ունենալ այդ գերյալներից և, ըստ երևույթին, նրանց է հասցեագրվում մի առանձին ելույթ՝ սույն գլխի 30-33-րդ համարներում բովանդակված հայտնությունը, որը թեև ամսաթվային հիշատակությամբ չի նշանավորվում, դեռ մի բան էլ՝ առանց կարծրացած բնույթ ստացած նախաբանի («Տիրոջ խոսքը հասավ ինձ») է հնչեցվում: Երուսաղեմի անկման վերաբերյալ Եզեկիելի մարգարեությունների նմանօրինակ ճշգրիտ կատարումից հետո գերիների մեջ մարգարեի ունեցած դիրքն անմիջապես և շատ կտրուկ փոխվեց. նա բոլորի ուշադրության առարկան դարձավ։ Մարդիկ ոչ միայն առիթ էին փնտրում մարգարեին լսելու համար, այլ նաև՝ Եզեկիել մարգարեն դարձավ խոսակցության սովորական թեմա, որն արծարծվում էր մարդկանց տներում ու փողոցներում։ Այս համարը փոխանցում է արևելյան կյանքի, քաղաքային առօրյայի կենդանի պատկերը. տների պատերի ստվերներում և դռների ու գավիթների զովության ներքո Բաբելոնի հրեական ավանի խաղաղ բնակիչները հավաքվում և փոխանակում էին օրվա անցուդարձը բովանդակող նորությունները։ Այդօրինակ բոլոր խմբակներում խոսվում էր միայն Եզեկիել մարգարեի և ա՛յն մասին, որ Երուսաղեմի անկման վերաբերյալ նրա մարգարեական վերջին շրջանի կանխասացություններն ապշեցուցիչ ձևով, բայց և ցավալիորեն ի կատար էին ածվել: Տվյալ ժամանակը շատ մոտ էր տեղի ունեցած արհավիրքին, և այդ արհավիրքի թողած տպավորությունը բոլորովին թարմ էր։ Այժմ արդեն գերիները որսում են Եզեկիելի յուրաքանչյուր խոսքը, և ամենքին էլ ամենից շատ հետաքրքրում էր այն, թե մարգարեն այսօ՛ր ինչ կասեր («Եկե՛ք ու լսե՛ք, թե ի՛նչ խոսք է եկել Տիրոջից»): Մարգարեն իր կյանքի ընթացքում մի այնպիսի ժողովրդականություն ձեռք բերեց, որի մասին նա նույնիսկ չէր էլ կարող մտածել, ու դա չէր կարող նրան չուրախացնել որպես անհատականության, մանավանդ որ դա Եզեկիելի համար երկրի վրա Աստծո գործի երաշխիքն էր ու վկայում էր այդ գործի հաջողության մասին: Սակայն մարգարեն գիտեր նաև այդ ժողովրդականության իրական գինը. նրան ավելին էր պետք, կամ ավելի ճիշտ՝ նրան բացարձակապես էլ դա պետք չէր։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. քո ժողովրդի զաւակները շրջում են, քրթմնջում քո հասցէին պարիսպների մօտ, պալատների դռներին եւ մէկը միւսին, եղբայրն իր եղբօրն ասում է. «Հաւաքուենք գնանք եւ լսենք Տիրոջ կողմից ասուած պատգամները»:
(Արարատ թարգ․) «Իսկ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիները, որ պատերի մոտ և տների դռներում խոսակցում են քո մասին և մեկմեկու հետ խոսում են՝ իրար ասելով. Եկե՛ք ու լսե՛ք, թե ի՛նչ բան կա Տիրոջից եկած։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ, որդիք ժողովրդեան քոյ շրջին, քրթմնջեն զքէն առ պարսպօքն և 'ի դրունս ապարանիցն, ս ասեն մի ցմի՝ այր ցեղբայր իւր. Ժողովեսցուք երթիցուք լուիցուք զպատգամսն որ ելին 'ի Տեառնէ։