Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
Ընդդեմ Սեիրի։ Մինչև այժմ Իսրայելի՝ դեպի իր երկիր վերադարձի մասին խոսվում էր որպես ինքնին հասկանալի մի իրողության մասին: Սակայն այդպիսի վերադարձի համար կան խոչընդոտներ, որոնք են շրջակա հեթանոսական ժողովուրդները, հիմնականում՝ եդոմացիները: Ընտրյալ ժողովրդի վերականգնումը, որը նկարագրված է սույն մարգարեության 34-րդ գլխում, անհնար կլիներ առանց Սուրբ Երկրի վերադարձի՝ առանց այն Իսրայելին վերադարձնելու։ Եվ ահա, Եդոմն ասում է. «Այս երկու ազգերը և այս երկու երկրներն իմն են լինելու» (Եզեկ․ 35:10)։ Այստեղ հարց է առաջանում՝ նշված խոսքերի հեղինակը Եդո՞մն էր, թե՞ Յահվեն (Բերթոլետ)։ Պատասխանը, թերևս, միայն մեկն է՝ Եդոմը, որն այստեղ Իսրայելին նախանձող մյուս բոլոր ժողովուրդների ներկայացուցիչն է (որի համար խիստ բնութագրական է հեթանոսության մեջ խորասուզված լինելու հանգամանքը), որը և խոչընդոտել է ընտրյալ ժողովրդի վերականգնմանը և Սուրբ Երկրի նկատմամբ տիրապետության հաստատմանը (իհարկե, խոսքը հիմնականում հոգևոր տիրապետության մասին է) ուստի այն պետք է ոչնչացվի։Այդպիսով, Սուրբ Երկրի վերականգնումը, որի մասին մարգարեն այժմ՝ սույն գլխում պետք է խոսի պետության վերականգնման մասին իր ելույթից (34-րդ գլուխ) հետո և մինչև ժողովրդի վերականգնման մասին ելույթն (37-րդ գլուխ) ընկած միջակայքում, ներկայացվում է և 36-րդ գլուխներում՝ երկու տարբեր տեսանկյունից․ 35-րդ գլուխում ներկայացվում է բացասական շեշտադրմամբ, իսկ 36-րդ գլխում՝ դրական, և, ի դեպ, առաջինը լավ նախադրյալ է ապահովում երկրորդի համար: Այս գլուխը լրացումներ է կատարում 25։12-14-րդ համարներին։
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ» - այս «բանաձևը» չի կրկնվում 36:1-ին համարում, այլ միայն՝ 36:6-րդ համարում՝ նպատակ ունենալով մատնացույց անել գլուխների միջև առկա սերտ կապը:
1-9. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ «Մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ դեպի Սեիր լեռը և մարգարեացի՛ր նրա դեմ»։ «Եվ ասա՛ նրան. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես քեզ դեմ եմ, ո՛վ Սեիր լեռ, և քեզ վրա պիտի մեկնեմ Իմ ձեռքն ու քեզ ամայի և անմարդաբնակ պիտի դարձնեմ»»։ «Քո քաղաքները պիտի վերածեմ ավերակների, և դու ինքդ պիտի ամայանաս ու պիտի գիտենաս, որ Ես եմ Տերը»։«Որովհետև դու մշտնջենական թշնամություն ունեիր և դու Իսրայելի որդիներին սրի մատնեցիր նրանց դժբախտության ժամանակ, նրանց վերջնական կործանման ժամանակ»։ «Ուստի կենդանի եմ Ես, - ասում է Տեր Աստված, - քեզ արյուն եմ դարձնելու, և արյունը պիտի հետապնդի քեզ․ քանի որ դու արյունը չատեցիր, ուստի արյունն էլ պիտի հետապնդի քեզ»։«Սեիր լեռը ամայի և անմարդաբնակ տափաստան պիտի դարձնեմ ու նրանից պիտի վերացնեմ եկողին ու գնացողին»։«Եվ նրա բարձունքները նրա սպանվածներով պիտի լցնեմ․ քո բլուրների վրա և քո հովիտներում ու քո բոլոր ձորերում սրով սպանվածներ պիտի ընկնեն»։«Եվ քեզ հավիտենական անապատ պիտի դարձնեմ, և քո քաղաքներում չպիտի բնակվեն, և պիտի գիտենաք, որ Ես եմ Տերը»։
Տերը վրեժխնդիր է լինելու եդովմացիներից Իսրայելի դեմ գործադրած վերջին դաժանությունների համար։ Ուստի նրանք սրից ընկնելու են, իսկ նրանց երկիրն ամայանալու է։ 10-15-րդ համարներում էլ խոսվում է այն մասին, որ եդովմացիները պետք է ցավալիորեն համոզվեն, որ Տիրոջ երկրի հանդեպ իրենց ունեցած ձգտումների ու Աստծուն ծաղրելու միջոցով Յահվեին հասցված վիրավորանքը, նրանց հնչեցրած ծաղրուծանակի խոսքերը լսելի են եղել ամենագետ Տիրոջ կողմից, ուստի Տերը նրանց հատուցելու է այն նույն բանով, ինչով եդովմացիները խոցել էին Իր ժողովրդին։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: