Ա. Լոպուխին
«Եվ այն պաշարման տա՛կ առ, և նրա դեմ պաշարման ամրությո՛ւն հիմնիր ու նրա շուրջը պատվա՛ր դիր, և ռազմական ճամբա՛ր կանգնեցրու նրա դեմ, և նրա դեմ՝ շուրջբոլորը, պարսպակործան մեքենանե՛ր տեղադրիր»։ (Սինոդական թարգ․)[2]
«Եվ այն պաշարման տա՛կ առ» - փոխարենն ասելու՝ «գծագրի՛ր այն․․․»։ Սա մի ընդհանուր բնույթ ունեցող արտահայտություն է, որը դիտարկելի է Եզեկիելի մարգարեության 32:18-րդ և Երեմիայի մարգարեության 1:10-րդ համարների համատեքստում)։ Այս խոսքով մարգարեին կարծեք թե ասվում է՝ «պատկերի՛ր պաշարման այն բոլոր աշխատանքների ամբողջությունը, որոնք հետագայում մանրամասնորեն թվարկվում են»։
«Եվ նրա դեմ պաշարման ամրությո՛ւն հիմնիր» - «․․․հիմնի՛ր», բառացիորեն՝ «կառուցի՛ր»։ Այստեղ կիրառվող եբրայեցերեն «դայեկ» բառը պետք է որ նշանակի հին ժամանակներում գործածված, ներկայումս անհայտ պաշարողական մի կառույց, որն ամենայն հավանականությամբ պետք է հատուկ բաբելոնական «ծագում» ունենա, քանի որ այն հիշատակվում է միայն Եզեկիելի (13:17, 21:27, 24:8) և Երեմիայի (42:4, Դ Թագ․ 25:1) կողմից: Կամ էլ այն նշանակել է պահակակետային աշտարակ, պահակակետ, որտեղից հետևում էին, թե քաղաքում ինչ է կատարվում (հմմտ․ Ես․ 39: 3), կամ գուցե՝ աշտարակ՝ դեպի քաղաք քարեր նետելու համար, կատապուլտ (եթե այն աշտարակ է եղել, ապա հավաքական անուն է ունեցել, որովհետև Երեմիայի մարգարեության մեջ և Դ Թագավորաց գրքում բառը գործածվում է «շուրջ» լրացումի հետ)։ Կամ գուցե այս բառը կիրառվել է ներկայումս գործածվող խրամատներին համապատասխանող «պաշտպանողական պարիսպ» նշանակությամբ, որն էլ նպատակ է ունեցել հետ մղելու թշնամիների հարձակումները։ Կամ, հնարավոր է, այն եղել է պաշարողական բարձրադիր կառույց (որտեղից որ ամբարտակը հարվածում էր պաշարված քաղաքի պարիսպներին․ այդ մասին մասին խոսվում է ավելի ուշ)։
«Ու․․․պատվա՛ր դիր» - Այն պատրաստված է եղել ոչ միայն ավազից, այլև քարերից, տորֆից և փայտից։ Դրա վրա դրվում էին պաշտպանողական ծածկեր, և այն ծառայում էր որպես ծածկոց թշնամու նետերից պաշտպանվելու համար։ Հունարեն՝ «casaka» («ճակատային հատված»), սլավոներեն՝ «բանտ»։ Եթե նախորդ՝«դայեկ» բառը նշանակում էր «ամրություն», «պատնեշ», ապա այս բառի ներքո պետք է հասկանալ այդ պատնեշից դուրս եկող և քաղաքի պարսպին հենված պատնեշ (հմմտ․ Երեմ․ 6, 32:24․ )։
«Ռազմական ճամբա՛ր կանգնեցրու» - բառացիորեն՝ «ճամբարներ», այսինքն՝ հոգնակի թվով։ Ինչո՞ւ «ճամբարներ», քանի որ թշնամական զորքերը գտնվում էին ամբողջ քաղաքի շուրջը՝ համախմբված ոչ թե մեկ ճամբարում, այլ մի քանի ճամբարներում։ Միգուցե այս մատնանշումը խոսում է նաև պաշարողական զորքերի տարասեռության մասին (Հերոնիմոս Երանելի՝ «զինվորական պահակախումբ»):
«Եվ․․․պարսպակործան մեքենանե՛ր տեղադրիր» - բառացիորեն՝ «հոյ», այսինքն՝ խոյեր (պաշարողական տեխնիկա, հմմտ․ Եզեկ 26:9; Հովսեփոս Ֆլավիոս, De bello judaico III, 7, 19): Ասորեստանում տեղի ունեցած հայտնագործությունները ցույց են տալիս, որ այդ գործիքներն այնտեղ հայտնի են եղել հնագույն ժամանակներից ի վեր։ Դրանք պատկերված են Նեմրութի պալատի խորաքանդակների վրա, որոնք պատկանում են Ք․ ա․ 12-րդ դարին (Layard, Nineveh, t. II, p. 868)։ Կյունջիկում գտնվող Սենեքերիմի պալատի պատկերները ցույց են տալիս, որ մի քաղաքի պաշարման ժամանակ օգտագործվել են առնվազն յոթ խոյեր, այսինքն՝ պաշարողական տեխնիկա։ Այս ամենն աղյուսի վրա փորագրելը դյուրին չէր, ուստի գուցե մարգարեն այդ ամենը նշանագրել է միայն գծերի ու կետերի միջոցով։ Մարգարեի հրահանգով այստեղ խորհրդանշական գործողությունների վերաբերյալ բավականին սահուն կերպով հիշատակվում է պաշարման բոլոր մանրամասների մասին կանխատեսումը. այս հրահանգներում պաշարման պատկերն այնքան վառ է ներկայացված, որ միայն շատ հմուտ փորագրիչը կարող էր այն «տեղափոխել» քարի վրա:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) շուրջը կը հաստատես նրա պաշարումը: Նրա շուրջը մարտական աշտարակներ կը շինես, կը շրջապատես պատնէշներով, շուրջը բանակներ կը կանգնեցնես ու նետաձիգներ կը դնես չորս կողմը:
(Արարատ թարգ․) Եվ այն պաշարման տա՛կ առ, նրա դեմ պաշարման հողապատնե՛շ հիմնիր, նրա դեմ պատվա՛ր դիր, բանակատեղինե՛ր կանգնեցրու նրա դեմ և նրա դեմ շուրջբոլորը պարսպակործաննե՛ր տեղադրիր։
(Գրաբար) և տացես շուրջ զնովաւ պաշարումն. և շինեսցես շուրջ զնովաւ մարտկոցս. և պատեսցես շուրջ զնովաւ պատնէշ. և տացես շուրջ զնովաւ բանա՛կս, և ածցես շուրջ զնովաւ նետակա՛լս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: