Ա. Լոպուխին
«Եվ այն ավելի ու ավելի լայնանում էր շուրջանակի դեպի վերև՝ կողային սենյակներով, քանի որ տաճարի շրջագիծն ավելի ու ավելի բարձրանում էր տաճարի շուրջը, և դրա համար էլ տաճարը վերևում ավելի մեծ լայնություն ուներ, և ստորին հարկից բարձրանում էին վերին հարկը՝ միջին [հարկով]»։ [7] (Սինոդական թարգ․)
Այս համարը հասկանալի կլինի, եթե ենթադրենք, որ Գ Թագ․ 6:6-րդ համարում առկա՝ Սողոմոնի տաճարի նկարագրության հետ նմանությամբ՝ տաճարի հիմնական պատը (որ ձգվում էր դեպի վերև) ուներ երեք եզրեր․․․ինչի շնորհիվ հավելյալ կառույցի յուրաքանչյուր հաջորդ հարկի սենյակներն ավելի լայն էին, քան նախորդ հարկի սենյակները (այդ եզրի լայնությունը Սողոմոնի տաճարում 1 կանգուն էր - Գ Թագ․ 6:6): Հնարավոր է, որ Սողոմոնի տաճարի հետ համեմատությամբ կատարյալ նմանությունն է պատճառը, որ այստեղ նկարագրությունը չափազանց հակիրճ է, ինչից էլ, հետևաբար, բխում են բազմաթիվ երկիմաստությունները․․․
«Եվ դրա համար էլ («al-ken», «ահա թե ինչու», «idcirco») տաճարը (այսինքն՝ խոսքը դարձյալ կողային սենյակների մասին է․ Յոթանասնից թարգմանության մեջ այս բառը բացակայում է) վերևում ավելի մեծ լայնություն ուներ» - Պրոֆեսոր Ա. Օլեսնիցկին այս հատվածը հասկանում է այնպես, որ բուն տաճարի կառույցն ինքնին ընդարձակվել է դեպի վեր՝ այս առումով ներկայացնելով Սողոմոնյան տաճարի բոլորովին հակառակ պատկերը․ «Չնայած այն բանին, որ պատմականորեն Սողոմոնի տաճարը վերևում գնալով ավելի ու ավելի նեղանում էր՝ պատկերելով հինկտակարանյան մարմնական ու երկրաքարշ պաշտամունքի կերպը, այստեղ՝ Եզեկիելի կողմից կանխատեսված ապագա տաճարը միայն մի նեղ հիմնաշերտով է կանգնած գետնի վրա՝ ավելի ու ավելի ընդարձակվելով դեպի վեր և այդպիսով պատկերելով ապագայում կրոնական ոգու ավելի ու ավելի ազատական լինելը՝ երկնային հորիզոններում» («Հինկտակարանյան տաճարը Երուսաղեմում, Սանկտ Պետերբուրգ, 1689, էջ 311): Մինչդեռ Պրոֆեսոր Մ. Մուրետովն էլ այս առթիվ նշում է, որ Եզեկիելի տաճարը, որը բոլոր մանրամասնություններով համապատասխանում էր Սողոմոնի տաճարին, հազիվ թե այս պարագայում շեղվեր իր նախատիպից (Հինկտակարանյան տաճարը, M. 1890, էջ 169):
«Եվ ստորին հարկից բարձրանում էին վերին հարկը՝ միջին [հարկով]» - բառացիորեն՝ «Եվ այսպես, ստորինը (այսինքն՝ «ստորին սենյակը») բարձրանում էր դեպի վերին սենյակը՝ միջին սենյակի միջով»։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «իսկ երկար [սենյակներից] բարձրանում են դեպի վերին [սենյակներ], իսկ միջիններից՝ դեպի երրորդ հարկ» («ta triwrofa» – «երրորդ հարկի»)։ Խոսքն ակնհայտորեն սանդուղքի մասին է, որը տանում էր դեպի տարբեր հարկերում գտնվող 90 կամ 99 սենյակներ։ Սողոմոնի տաճարում այն մի ոլորապտույտ սանդուղք էր, որը Գ Թագ․ 6:8-րդ համարում կոչվում էր «լուլիմ»: Այդպիսի ոլորապտույտ աստիճանների հետքեր են հայտնաբերվել Միջագետքում և Փյունիկիայում, ինչպես և՝ Բաալդեկում։ Բաալդեկում հայտնաբերված աստիճանները կոչվում էին «hil» կամ «hul», հոգնակի թվում՝ «hilani» (Olesnitsky A. Old Testament Temple in Jerusalem 249): Սենյակները կարող էին միմյանց միանալ իրենց արտաքին, հաստ պատերի միջև առկա միջանցքով, որում կային սենյակներից դեպի գավիթ տանող երկու ելքեր (11-րդ համար):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Վերին դռան կողմերին, պատերի կողքերի միջեւ, տան շուրջը, վերին կողմում, մի լայն տարածութիւն կար, որպէսզի տան մէջ, վերեւից ու ներքեւից ընդարձակ տեղ լինէր, որտեղով ներքին յարկերից բարձրանային միջնայարկերը, այնտեղից էլ՝ վերնայարկերը:
(Արարատ թարգ․) Եվ կողմնակի սենյակները լայնանում էին բարձրանալիս. այնտեղ գնում էին պտտաձև. տաճարի շուրջը պտտվելով էին բարձրանում՝ տաճարը շրջապատող աստիճանավանդակով. դրա համար սենյակները լայնանում էին դեպի վերև, և այսպես ստորին հարկից բարձրանում էին, վերին հարկը՝ միջինով։
(Գրաբար) Եւ զլայնութիւն կողմանց վերին դրանն, ըստ առանցից կողմանց յորմոցն առ 'ի վերին կողմն շուրջ զտամբն. զի ընդարձակութիւն լինիցի տանն 'ի վերուստ և' ի ներքուստ, որոց ելանիցեն 'ի վերնայարկսն, և' ի միջնայարկացրն յերրո՛րսրն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: