Եզեկիելի մարգարեության մեկնություն 45։15

Ա. Լոպուխին

««Իսրայելի պարարտ արոտների հոտերից՝ մեկ ոչխար՝ երկու հարյուր ոչխար ունեցող հոտից։ Այս բոլորը հացի ընծայի, ողջակեզի և գոհության զոհի համար է, որպեսզի նրանց համար մաքրագործում (քավություն) լինի», - ասում է Տեր Աստված»։ [15]
   
    Ոչխարներից տրվող տուրքը նույնիսկ ավելի քիչ էր, քան յուղից տրվող տուրքը` վերջինիս ուղիղ կեսի չափով` 1/200։ Այստեղ տեսնում ենք, որ տուրքը խիստ չափավորված է: Սակայն Յոթանասնից թարգմանությունը, ըստ Բ Օրին. 14:23-րդ համարի, այստեղ շտկում է մտցնում` առաջարկելով «1/100» տարընթերցումը։

    «Մեկ» - եբրայեցերենում նույնպես այս բառը պատկանում է իգական սեռին, քանի որ մեծ նախիրները հիմնականում բաղկացած են լինում էգ ոչխարներից։

    «Ոչխար» - եբրայեցերենում` «se», ինչպես Ելից 12:3-րդ համարում է. այդ բառը մատնաշում է բոլոր մանր եղջերավոր անասունների (այդ թվում` այծերի) առանձին ներկայացուցիչներին: Մինչդեռ Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «probaton» եզրույթը: Որպես տուրք պահանջվում են «Իսրայելի պարարտ արոտների» ոչխարները: «Պարարտ արոտներ» արտահայտությունը եբրայեցերեն բնագրում արտահայտված է «mishkeg» բառով, որն էլ նշանակում է «առատորեն ոռոգված», ինչպես որ Ծննդ. 13:10-րդ համարում կոչվում էր Հորդանանյան հովիտը: Սա իհարկե չի նշանակում, որ ոչ պարարտ արոտավայրերի տերերն ազատված են եղել տուրք վճարելու պարտականությունից, այլ նշանակում է, որ նոր Սուրբ Երկրում բոլոր արոտավայրերն էլ պարարտ են լինելու: Այս բառը շփոթելով նմանատիպ գրելաձև ունեցող մեկ այլ բառի հետ` Յոթանասնից թարգմանությունը տարընթերցում է «մասնակցություն («տուրք», «afairema» = «terumah») Իսրայելի բոլոր շրջաններից»:

    «Այս բոլորը» - ... այստեղ հատկանշականն այն է, որ զոհաբերությունների թվում չեն հիշատակվում բուն մեղքի համար մատուցվող զոհաբերությունները (ինչով ակնարկվում էր ապագա Իսրայելի համեմատական ​​անմեղության մասին):

    «Որպեսզի նրանց համար մաքրագործում (քավություն) լինի» - «le apper», որ բառացիորեն նշանակում է «որպեսզի ծածկի». սա զոհաբերության գործընթացում կիրառվող հայտնի եզրույթ է, որից էլ ծագում են տապանի անվանումը ու ծածկը։ Յոթանասնից թարգմանությունն ավելի լավ տարընթերցում է առաջարկում՝ «որպեսզի ողորմություն լինի» - «tou exilaskesqai»։

    «Նրանց համար» - այսինքն՝ հարկատուների համար, սակայն Յոթանասնից թարգմանությունը, համաձայն 13-րդ համարի, առաջարկում է «ձեր մասին» տարընթերցումը: Հարկ տալու նպատակներից մեկը` գլխավոր, բայց ոչ միակ նպատակը, զոհաբերությունների ծախսերը հոգալն էր, սակայն որոշ զոհաբերությունների դեպքում այդ տուրքը չափազանց մեծ էր լինում: Ուստի տուրքը հիմնականում ծառայում էր իշխանի կեցությանը և նրա ծախսերին։ Եվ, իմիջիայլոց, պաշտամունքի մեջ գարին որևէ կիրառություն չի ունեցել։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տասը ոչխարից մէկը նուէր կը լինի Իսրայէլի բոլոր հօտերից՝ ձեր քաւութեան եւ փրկութեան զոհերի ու ողջակէզների համար», - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի ջրարբի արոտների հոտերից՝ մեկ ոչխար՝ երկու հարյուրից։ Սրանք պիտի մատուցեն իբրև հացի ընծա, ողջակեզ և խաղաղության զոհ, որպեսզի նրանց համար քավություն լինի»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ ոչխար մի ‘ի տասն ոչխարէ, նուէրք յամենայն ազգացն Իսրայէլի, ‘ի զոհս և յողջակէզս քաւութեան և փրկութեան ձերոյ՝ ասէ Տէր Աստուած։