Ա. Լոպուխին
«Սա նրա հողն է, նրա սեփականությունը` Իսրայելում, որպեսզի Իմ իշխաններն այլևս չկեղեքեն Իմ ժողովրդին և որպեսզի հողը տան Իսրայելի տանը՝ նրանց ցեղերի համեմատ»։ [8] (Սինոդական թարգ․)
Իշխանին հատկացվում է համեմատաբար մեծ այնպիսի մի հողակտոր (մոտավորապես 17 քմ` եթե նկատի ունենանք խոստացված երկրի իրական լայնությունը` Երուսաղեմի եզրագծով), որպեսզի այդ ապագա իշխանները (որոնց Տերն այստեղ հատկանշականորեն անվանում է Իրենը («Իմ իշխանները». իմիջիայլոց, Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է «Իսրայելի իշխանները») և որոնց մարգարեն պատկերում է որպես ժառանգական-իրավահաջորդություն կազմող մի ամբողջ շարք` ի տարբերություն Մեսիայի, որը մյուս մարգարեների կողմից հատկորոշվում է Իր անվախճան թագավորությամբ) իրենց նախորդների նմանողությամբ (Եզեկ. 22:6) չճնշեն ժողովրդին, որը նույնպես պատկանում էր Տիրոջը (ինչպես և հենց իրենք` իշխանները), և որ ամենակարևորն է` որպեսզի իշխաններն Իսրայելի ցեղերից չխլեն նրանց ժառանգությունը։ Այս համարի սկզբնահատվածը` «Սա նրա հողն է» («laaretz» - «հողի համար»), ըստ Յոթանասնից թարգմանության, պետք է վերագրել նախորդ համարին (տե'ս նախորդ համարի բացատրությունը):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ դա նրա համար լինելու է իր կալուածքն Իսրայէլում: Եւ իշխանները չեն բռնանալու այլեւս իսրայէլացիների՝ իմ ժողովրդի վրայ. բաժանուած հողն էլ Իսրայէլի տունն է ժառանգելու սերնդից սերունդ»:
(Արարատ թարգ․) Իսրայելում նրա կալվածքը սա կլինի, և իմ իշխաններն այլևս չեն կեղեքի իմ ժողովրդին, այլ հողը պիտի տան Իսրայելի տանը՝ նրանց ցեղերի համեմատ։
(Գրաբար) և եղիցի նմա ‘ի կալուածս ‘ի մէջ Իսրայէլի։ Եւ ո՛չ ևս բուռն լիցին իշխանք որդւոցն Իսրայէլի ժողովրդեան իմում. և զերկիրն վիճակեալ ժառանգեսցեն տունն Իսրայէլի ըստ ազգս իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: