Եզեկիելի մարգարեության մեկնություն 46։2

Ա. Լոպուխին

«Իշխանը պիտի մտնի դարպասի արտաքին նախասրահի ճանապարհով, և պիտի կանգնի այդ դարպասի դրանդիների մոտ. և քահանաները պիտի մատուցեն նրա ողջակեզը և նրա գոհաբանության զոհերը. և նա դարպասի շեմին երկրպագություն պիտի անի Տիրոջը և պիտի դուրս գա, բայց դարպասը չպիտի փակվի մինչև երեկո»։ [2] (Սինոդական թարգ․)
   

    Չնայած որ նախկինում թագավորները տաճարի ներքին գավթում ունեին իրենց համար նախատեսված հոյակապ սենյակներ (Դ Թագ. 16:18) և ներքին գավթում գտնվող հատուկ դարպաս, որը, հավանաբար, համապատասխանում էր ավելի ուշ հիշատակվող հարավային դարպասին, և այդ ամենը տրամադրվել էր բացառապես միայն նրանց (Եզեկ. 43:8), սակայն, այդուամենայնիվ, այժմ իշխանը չի համարձակվում մտնել ներքին գավիթը և միայն կարող է ներս նայել արևելյան բաց դարպասի միջով (որը գտնվում էր հենց զոհասեղանի դիմաց) և տեսնել, թե ինչպես են իր զոհաբերությունները մատուցվում այդ զոհասեղանի վրա։ Նա նույնիսկ չէր կարող կանգնել բուն դարպասի կառույցի ներսում, այլ միայն` դրա նախասրահում, որն իրենից ներկայացնում էր մի ամբողջ դահլիճ և գտնվում էր ներքին դարպասում` նրա արտաքին կողմում, որն էլ իր հերթին տանում էր դեպի արտաքին գավիթը: Յոթանասնից թարգմանության մեջ «արտաքին» բառը ոչ իրավացիորեն վերագրվում է դարպասին. այս նախասրահի մեջ վերոնշյալ բառը կարող էր վերաբերել հենց դարպասին, իսկ ավելի ճիշտ՝ դարպասի շրջանակին - «mezazat» («դրանդի», Յոթանասնից թարգմանության մեջ` «նախադուռ», «գավիթ» - տե'ս Եզեկ. 45:19-րդ և 41:21-րդ համարների բացատրությունը)…Այստեղից ուղիղ («en fасе») տեսարան էր բացվում դեպի զոհասեղանը. այս տեղագրությունն ավելի մոտ էր տաճարին և այդպիսով իշխանն ավելի պատվաբեր դիրք էր զբաղեցնում, քան ժողովրդի կանգնելու համար նախատեսված տեղն էր (3-րդ համար): Սակայն մեծ տոներին իշխանը որևէ կերպ չէր առանձնանում ժողովրդից (10-րդ համար)՝ «տարբերվելով» միայն շաբաթ օրերին և ամսամուտներին, երբ տաճարում ժողովրդի քչաքանակ լինելու պատճառով ավելի հեշտ էր իշխանին առանձնացնել ժողովրդի միջից։ «Ողջակեզը» պետք է մատուցվեր ըստ 4-րդ համարում նկարագրված չափերի, բայց «գոհաբանության» զոհաբերությունները պիտի մատուցվեին կամավորաբար: Դարպասը բացվում էր ոչ միայն իշխանի, այլ նաև ժողովրդի համար, որպեսզի մարդիկ նույնպես իրենց սեփական աչքերով («en face») տեսնեին զոհասեղանը: Այդ իսկ պատճառով էլ իշխանի հեռանալուց հետո դարպասները չէին փակվում (ինչպես արվում էր այն պարագաներում, երբ դրանք բացվում էին հատուկ միայն իշխանի համար – տե'ս 12-րդ համարի վերջնահատվածը), «որպեսզի իշխանից հետո երկրի ամբողջ ժողովուրդն աղոթեր այդ բաց դարպասների առջև» (Հերոնիմոս Երանելի): Կիմխին ասում է. «Այստեղ թագավորը Մեսիան է, քանի որ սույն մարգարեությունից հետո Հուդայում թագավորներ չեն եղել, այլ եղել են միայն առաջնորդներ, ինչպես երևում է Մակաբայեցիների գրքերից»։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Առաջնորդը կը մտնի արտաքին կամարի դռնով ու կը կանգնի դռան սեմին: Քահանաները նրա համար ողջակիզում կը կատարեն, զոհ կը մատուցեն նրա փրկութեան համար: Ինքը կ՚երկրպագի դռան սեմին ու դուրս կը գայ:
(Արարատ թարգ․) Իշխանը պիտի մտնի դրսից՝ դարպասի նախասրահի ճանապարհով, և կանգնի դարպասի սյան մոտ, քահանաները նրա ողջակեզը և նրա խաղաղության զոհերը պիտի մատուցեն, և նա երկրպագություն պիտի անի դարպասի շեմին և դուրս գա, բայց դարպասը չպիտի փակվի մինչև իրիկուն։
(Գրաբար) Եւ մտցէ առաջնորդն ընդ ճանապարհ կամարի դրանն արտաքնոյ, կ կացցէ 'ի վերայ սեմոց դրանն. և արասցեն վասն նորա ողջակէզս քահանայքն. և զփրկութեանցն վասն նորա. և երկի՛ր պագցէ 'ի վերայ սեմոց դրանն՝ և ելցէ. և դուռն մի՛ փակեսցի մինչև ցերեկոյ: