Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։10

Ա. Լոպուխին

«Եվ նրա մոտ պիտի կանգնեն ձկնորսներ` Ենգադդից մինչև Ենեգլայիմ, պիտի փռեն ուռկանները: Ձուկը պիտի լինի իր տեսքով և, ինչպես մեծ ծովում, ձկները խիստ շատ պիտի լինեն»։ [10] (Սինոդական թարգ․)
   

    Ծովում ձկների առատությունը բանաստեղծականորեն նկարագրված է ծովի ափին մի քանի մղոն երկայնքով կանգնած ձկնորսների մի ամբողջ շարանի գեղարվեստական պատկերի միջոցով։ Ենգադդը` «Ingadein», սլավոներենում` Ինգադդ, ներկայումս` Էն-Ջիդի, մի քաղաք է, որը գտնվում է Մեռյալ ծովի արևմտյան ափի հենց կենտրոնական հատվածում: Այս Ենգադդ քաղաքից մինչև Մեռյալ ծովի հարավային ափը ընկած հատվածը պետք է որ անմարդաբնակ եղած լիներ: Քաղաքը հաճախ հիշատակվում է Աստվածաշնչում՝ սկսած Հեսու 15:12-րդ համարից: «Ենգադդ» բառը նշանակում է «այծի ձագի աղբյուր» (այսինքն` այն ունեցել է քաղցրահամ, տաք ջրեր):

    «Ենեգլայիմ»-ը, եբրայեցերենից ավելի ստույգ` «Ենգլայիմ» - «Enagalleim», սլավոներենում` Ինհալիմ, այս դեպքից բացի Աստվածաշնչում այլևս երբեք չի հիշատակվում: Ըստ Հերոնիմոս Երանելու` այս Ենեգլայիմ  բնակավայրը գտնվում էր «ծովի սկզբնահատվածում, որտեղ թափվում է Հորդանանը»…Որոշ ապացույցների հիման վրա աստվածաշնչագետներն այս բնակավայրը նույնացնում են մեր օրերի Էն-Ֆեշկա քաղաքի հետ, որը ներկայումս գտնվում է Մեռյալ ծովի հյուսիս-արևելյան ծայրամասում։ Հազիվ թե կարելի է այս «Ենեգլայիմ» քաղաքը նույնացնել Մեռյալ ծովից դեպի արևելք ընկած մովաբական Եգլայիմ (Ես. 15:8) քաղաքի հետ, ինչպես որ դա «անում է» ռուսերեն թարգմանությունը։ Մարգարեն, ըստ երևույթին, ծովի արևելյան կողմը թողնում է «արևելքի որդիներին» (18-րդ համար): Իսկ ահա այս «Ենեգլայիմ» բառը նշանակում է «երկու հորթուկների աղբյուր»։ Կոռնելիուս Ալալիդեն մեր ուշադրությունը հրավիրում է այն ​​փաստի վրա, որ այծն ու հորթը մեղքերի համար մատուցվող զոհաբերության ժամանակ զոհաբերվող կենդանիներ էին։

    «Պիտի փռեն ուռկանները» -…Յոթանասնից թարգմանության մեջ` «պիտի չորացնեն ուռկանները», Վուլգաթայում` «siccatio sagenarum», բայց այստեղ դժվար թե նկատի է առնվում այդ իմաստը, այլ հավանաբար գործածվում է ուռկանները նետելու իմաստով։

    «Ձուկը պիտի լինի իր տեսքով» - բառացիորեն` «նրա տեսքով պիտի լինի», այսինքն՝ տարբեր տեսակների ձկներ պետք է լինեն: Յոթանասնից թարգմանության մեջ` «ինքն իրենով պիտի լինի» (գուցե նկատի է առնվում, որ ձկներն ինքնաբերաբար պիտի պտղաբերեն, այսինքն` բազմանան)...

    «Մեծ ծովում» - այսինքն` Միջերկրական ծովում: Հերոնիմոս Երանելին ասում է. «Առաքյալներն ամենքին որսացին, ոչինչ (ոչ ոք) առանց «որսվելու» չմնաց, քանի որ գիտունները և անգետները, հարուստներն ու աղքատները` բոլոր տեսակի մարդիկ այս ժամանակների (դարաշրջանի) ծովից դուրս են քաշվում դեպի փրկություն (որսվում են փրկության համար)»:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նրա մէջ կանգնելու են ձկնորսներ՝ Ենգադիայից մինչեւ Ենգադիք: Ուռկանները գցելու տեղեր են լինելու. նրա ձկներն էլ մեծ ծովի ձկների պէս շատ, խիստ շատ են լինելու:
(Արարատ թարգ․) Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդից մինչև Ենեգլայիմ. ուռկաններ փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, Մեծ ծովի ձկների պես և խիստ շատ։
(Գրաբար) Եւ կացցեն ‘ի նմա որսորդք յԵնգադեայ մինչև ցԵնգադիս. ձգանք ուռկանաց առանձինն եղիցին. և ձկունք նորա իբրև զձկունս ծովուն մեծի, և բազմութիւն բազում յոյժ․