Ա. Լոպուխին
«Եվ այն վիճակահանությա'մբ բաժանեք որպես ժառանգություն ձեր և ձեր մեջ բնակվող այն օտարականների միջև, որոնք ձեր մեջ երեխաներ են ծնել. և նրանք Իսրայելի որդիների մեջ ձեզ համար հավասար պիտի լինեն բնիկներին, և նրանք (օտարականները) ձեզ հետ բաժին պիտի ունենան Իսրայելի ցեղերի մեջ»։ [22] (Սինոդական թարգ․)
Մասորեթական բնագրում այս համարը սկսվում է «և պիտի լինի» արտահայտությամբ, որը բացակայում է Յոթանասնից թարգմանության մեջ: Նորագույն շրջանի մեկնաբանները ենթադրում են, որ այստեղ սրբազան տեքստին տենդենցիալ (միտումնավոր) հավելում է արված, որպեսզի այս համարում հրեաների համար անհաճո սույն պատվիրանի կատեգորիկ բնույթը փոխարինվի հիպոթետիկությամբ:
«Օտարականների» («օտարերկրացիների») – «gerim»: Յոթանասնից թարգմանության մեջ` «proshlutoi»: Այստեղ օտարերկրացիներն իրավահավասար են դիտվում հրեաների հետ, սակայն խոսքը վերաբերում է միայն այն օտարերկրացիներին, որոնք վերջնականապես հաստատվել են Իսրայելում և սերունդ են թողել: Հրեաները մշտապես էլ շատ մարդասիրական վերաբերմունք են ունեցել օտարերկրացիների նկատմամբ (Ղևտ. 19:34-րդ համարը պատգամում է օտարականներին վերաբերվել որպես հայրենակիցների և սիրել նրանց): Բ Օրին. 23:3-9-րդ համարներն էլ թույլ են տալիս օտարականներին ընդունել Տիրոջ համայնքից ներս (պետք է որ դա տեղի ունենար թլփատման միջոցով)` որոշ բացառություններով (խոսքը մովաբացիների և ամմոնացիների մասին է) և որոշ սահմանափակումներով (խոսքը երրորդ սերնդի մասին է)։ Մարգարեները շատ մեծ ջանքեր թափեցին նույնիսկ այսօրինակ վերաբերմունքն էլ ավելի բարելավելու համար (Ես. 56-րդ գլուխ, Երեմ. և այլն)։ Եզեկիելի մարգարեության մեջ անհնարին է օտարականների նկատմամբ ցուցաբերվող մի առանձնահատուկ մտահոգություն չնկատել (Եզեկ. 14:7, 22:7, 29): Բացի այդ` Եզեկիել մարգարեն նաև դրական կարծիք ուներ հեթանոսների մասին (Եզեկ. 3:6): Գերությունը կարող էր զգալիորեն նպաստել հեթանոսների նկատմամբ հրեաների ունեցած կարծիքների «մերձեցմանը» և առավել բարելավմանը։ Ու այստեղ, ահա, մարգարեն հստակորեն նկատի է ունենում Իսրայելի հետ գերությունից վերադարձած հեթանոսներին։ Հնարավոր է նաև, որ այդպիսով փորձ էր արվում ամրացնել փոքրաթիվ ժողովրդի ուժերը (Եզեկ. 36:37-րդ, 37:1-ին համարներ և այլ տեղիներ): «Այդպես կրոնը գերակշիռ դիրք էր զբաղեցնում ազգության նկատմամբ» (տե'ս ակնկալիքները Հռոմ. 10:2, Գաղ. 3:28, Եփես. 3։6, Կող. 3:11, Հայտն. 9։10)։ Հատկանշական է, որ թլփատությունը չի սահմանվում որպես հավասարության հասնելու պայման: Այդ հավասարությունը տրվում է ոչ թե միայն 3-րդ սերնդին, ինչպես Մովսեսի պարագայում էր, և ոչ էլ նույնիսկ 1-ին սերնդին, այլ պարզապես այն դեպքում, երբ հեթանոսների կողմից Իսրայելի երկրում սերունդ էր թողնվում:
«Բաժին պիտի ունենան» - եբրայեցերենում գործածված է այն նույն բառը, որն օգտագործվել էր նաև համարի սկզբում` «վիճակահանությամբ բաժանեք որպես ժառանգություն» արտահայտությունն ընթերցողին փոխանցելու համար, սակայն համարի այդ սկզբնահատվածում բայը դրված էր պատճառական շեշտադրումով («gifil»), իսկ այստեղ՝ միջին հնչերանգով («kal»): Այս ամենի արդյունքում համարի վերջնահատվածում տվյալ բառի կիրառությամբ, ըստ էության, այնպես է ստացվում, որ օտարերկրացիները պետք է դառնային Իսրայելի ժառանգությունը (հմմտ. Զաք. 2:9): Այստեղ կրկին տենդենցիալ (միտումնավոր) փոփոխության հավանականություն է ենթադրվում...
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այն ժառանգութիւն է ստանալու ամէն ոք, եղբօր պէս, որովհետեւ ես, ձեռքս բարձրացրած, երդուել էի ձեր հայրերին յանձնել այն: Եւ այժմ երկիրը ձեզ է հասնում որպէս ժառանգութեան բաժին:
(Արարատ թարգ․) Եվ ամեն մարդ այն իր եղբորը հավասար պիտի ժառանգի, որի համար երդվեցի, որ այն ձեր հայրերին տամ, և այս երկիրը ձեզ հասնի իբրև ժառանգություն։
(Գրաբար) և ժառանգեսցեն զնա իւրաքանչիւրոք՝ որպէս և եղբայրն իւր, յոր ամբարձի զձեռն իմ տալ հարցն նոցա. և անկցի երկիրն այն ձեզ ‘ի վիճակ ժառանգութեան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: