Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։19

Ա. Լոպուխին

19-22․ «Իրենց արծաթը նրանք փողոցները պիտի գցեն, և նրանց ոսկին անտեսված պիտի լինի։ Տիրոջ ցասման օրը նրանց արծաթն ու նրանց ոսկին ոչ մի կերպ չեն կարողանալու փրկել նրանց։ Նրանք դրանցով չեն հագեցնելու իրենց հոգիները և իրենց որովայնը չեն լցնելու, որովհետև դրանք պատճառ դարձան նրանց անօրենության համար»։ [19] «Եվ իրենց գեղեցիկ հանդերձանքներով նրանք այն վերածեցին հպարտության, դրանից իրենց պիղծ կուռքերի պատկերներ սարքեցին, ուստի այն անմաքուր պիտի դարձնեմ նրանց համար»։ «Եվ այն օտարների ձեռքը պիտի տամ իբրև ավար և երկրի ամբարիշտներին՝ իբրև թալան, և նրանք պղծելու են այն»։ «Եվ Իմ դեմքը պիտի թեքեմ նրանցից, և նրանք պիտի պղծեն Իմ գանձը, և ավազակները պիտի մտնեն այնտեղ և պիտի պղծեն այն»։ (Սինոդական թարգ․)
   
   Այս համարներում բացահայտվում է այն ամենի ոչնչությունը, ինչի վրա որ դրել էին իրենց հույսը՝ հարստություններ (19-րդ համարը), կուռքեր (20-21-րդ համարները) և հենց ինքը՝ տաճարը (22-րդ համարը):

   «Իրենց արծաթը նրանք փողոցները պիտի գցեն, և նրանց ոսկին անտեսված պիտի լինի։ Տիրոջ ցասման օրը նրանց արծաթն ու նրանց ոսկին ոչ մի կերպ չեն կարողանալու փրկել նրանց։ Նրանք դրանցով չեն հագեցնելու իրենց հոգիները և իրենց որովայնը չեն լցնելու, որովհետև դրանք պատճառ դարձան նրանց անօրենության համար» - Սովի ժամանակ արծաթն ու ոսկին գին չունեն, քանի որ դրանցով հաց գնելն անհնարին է. որպես աղբ՝ փողոց են նետվելու այդ թանկարժեք մետաղները, որոնք այդքա՜ն դառնորեն հուսախաբ արեցին իրենց տերերին և պատճառ դարձան բազմաթիվ մեղքերի (շռայլություն և այլն, սակայն ոչ թե այն պատճառով, որ դրանցից կուռքեր են պատրաստվել, ինչի մասին հատուկ պիտի խոսվի) և, հետևաբար նաև, ներկա պատուհասի համար:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Նրանց արծաթն ընկած է մնալու հրապարակներում, իսկ ոսկին արհամարհուելու է: Տիրոջ բարկութեան օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու փրկել նրանց: Նրանց հոգիները չեն յագենալու, ոչ էլ որովայնները՝ լցուելու են, որովհետեւ տանջանքները նրանց են տրուել անիրաւութիւնների պատճառով:
(Արարատ թարգ․) Իրենց արծաթը փողոցները պիտի գցեն, և նրանց ոսկին անմաքուր իրի նման պիտի դառնա. Տիրոջ ցասման օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու ազատել նրանց։ Նրանք չեն հագեցնելու իրենց անձերը և իրենց ստամոքսը չեն լցնելու, որովհետև դրանք եղան նրանց անօրենության գայթակղությունը։
(Գրաբար) Արծաթ նոցա անկեալ կայցէ ‘ի հրապարակս, և ոսկի նոցա արհամարհեսցի՛։ Արծաթ նոցա և ոսկի նոցա ո՛չ կարասցէ փրկել զնոսա յաւուր բարկութեան Տեառն. և անձինք նոցա մի՛ յագեսցին, և որովայնք նոցա մի՛ լցցին. զի տանջանք եղեն անիրաւութեանց նոցա։