Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։4

Ա. Լոպուխին

«Եվ Իմ աչքը քեզ չպիտի խնայի, և ոչ էլ պիտի ողորմեմ, և քեզ պիտի հատուցեմ քո ճանապարհների համեմատ, և քո պղծությունները քեզ հետ պիտի լինեն, ու կիմանաք, որ Ես եմ Տերը»։ [4] (Սինոդական թարգ․)
   

   Այս 4-րդ համարի ա) հատվածը «համազոր» է 5։11-րդ համարին։ «Քո վախճանն է» - այս մասին խոսվում է արդեն երրորդ անգամ: 4-րդ համարի բ) հատվածը թեև կրկնում է 3-րդ համարի արտահայտությունները, սակայն ավելի է զարգացնում ու բացատրում է դրանք․ «Պիտի դատեմ ճանապարհների համեմատ» նշանակում է «պիտի հատուցեմ ճանապարհների համեմատ» (սլավոներենում ավելի ճշգրիտ ձևով՝ «Քո ճանապարհը քեզ պիտի տամ»։ Մեղքը և պատիժն այնպիսի բնական կապով են իրար շաղկապված, որ իրականում այդ վերջինը, այսինքն՝ պատիժը, առաջինի միայն փոփոխված տարբերակն է)։

   «Քեզ վրա պղծություններ պիտի դնեմ» - «քո պղծությունները քեզ հետ պիտի լինեն», ասել է թե՝ դրանք տեսանելի կլինեն բոլորի համար։ Քանի դեռ պղծությունը երկրի ներսում է, այն մնում է չփրկագնված, քանի որ արյունը աղաղակում է հատուցման մասին, մինչև որ հողը չի բացվում, որպեսզի իր մեջ առնի այն:

   «Պղծություն» ասելով, ինչպես ցույց է տալիս 5:11-րդ համարը, մարգարեն նկատի ունի կռապաշտությունը։ Հետևաբար, «չար ճանապարհներ» ասելով էլ նկատի ունի բարոյական այլասերվածությունը։

   «Ու կիմանաք (հունարենում և Պեշիթոյում՝ եզակի թվով), որ ես եմ Տերը» - Եզեկիելի մարգարության մեջ Աստծո բոլոր պատժիչ դատաստանների նպատակը միշտ նույնն է. Յահվեին ճանաչեցնելը։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում, վերջ ի վերջո նպատակաուղղված է Աստծո փառքին (հմմտ․ Եզեկ․ 6։7):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Աչքս չի խնայելու քեզ, ոչ էլ ողորմելու եմ, որովհետեւ քո վարքին համապատասխան հատուցել եմ տալու քեզ, եւ քո գարշելի գործերը երեւալու են քո մէջ: Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը»:
(Արարատ թարգ․) Եվ իմ աչքը քեզ չպիտի խնայի, և ոչ էլ պիտի ողորմեմ, այլ քեզ պիտի պատժեմ քո ճանապարհների համար և քո մեջ եղած պիղծ կուռքերի համար։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը»։
(Գրաբար) Եւ ո՛չ խնայեսցէ ակն իմ ‘ի քեզ և ո՛չ ողորմեցայց. զի ըստ գնացից քոց հատուցից քեզ, և գարշելիքն քո ‘ի միջի քում եղիցին. և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր։