Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
Թագավորության կործանումը։ Ավարտին հասցնելով մարգարեական խոսքերի առաջին բաժինը՝ այս գլուխը լրացնում է նախորդիվ հնչած խոսքերը նրանով, որ մոտալուտ աղետը դիտարկում է պետական-հասարակական կառույցների հետ առնչակցության տեսանկյունից և, ընդհանուր առմամբ, ավելի որոշակիորեն է պատկերում այն։ Միևնույն ժամանակ, մարգարեական խոսքի խստաշունչ շեշտադրությունն իր տեղը զիջում է լիրիկային։ Զգացմունքայնության վերելքը դեպի լիրիկական պաթոս, որը հակված է արտահայտվելու կարճառոտ, մինչև վերջ չավարտվող նախադասություններով և մոտալուտ ավերածությունների ու արհավիրքների արագ փոփոխվող պատկերներով, բացատրվում է, ինչպես վերջին գլուխների տեսանելի բնութագրի պարագայում էր, ա՛յն գաղափարի վախճանաբանական ընկալումով, համաձայն որի՝ վախճանը մոտենում է (ի դեպ, աստիճանաբար այս գաղափարին էին հանգում նաև մարգարեի նախորդող ելույթները): Այս դիրքորոշումը առաջ է բերում մի թեմա, որը հնչում է ամբողջ գլխում. վախճանը հենց մարգարեի աչքերի առջև է։ Բանաստեղծական հանգավորմամբ չափավորված լինելով՝ այս գլուխը բաժանվում է չորս մասերի՝ բաժինների։ Առաջին բաժնի հիմնական գաղափարն ամփոփված է 2-9-րդ գլուխներում․ մեղավոր Իսրայելի կործանումն անխուսափելի է։ Սույն գլխի այն հատվածում, որտեղ խոսվում է այդ թեմայի մասին, կրկնություններն այնքան շատ են, որ 2-4-րդ համարներում առկա յուրաքանչյուր արտահայտություն կրկնվում է 5-9-րդ համարներում՝ բացառությամբ 9b-ի։ Սակայն այդ կրկնություններն էլ աչքի են ընկնում նշանակալի լրացումներով, ուստի կարիք չկա 2-րդ, 4-րդ և 5-9-րդ համարներում փնտրելու երկու, մեխանիկորեն իրար շաղկապված ակնարկներ։ Կրկնաբանությանը դիմելը Եզեկիելին բնորոշ հատկանիշ է:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, կ՚ասես.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: