Ա. Լոպուխին
«Եվ Իսրայելի Աստծո փառքը վեր բարձրացավ այն Քերովբեի վրայից, որի վրա այն գտնվում էր՝ դեպի տան շեմը։ Եվ Նա կանչեց քաթանե հագուստով զգեստավորված այն մարդուն, որը գոտկատեղում գրագրի թանաքաման ուներ»։ [3] (Սինոդական թարգ․)
«Եվ Իսրայելի (ոչ թե միայն՝ «Տիրոջ», տե՛ս Եզեկ․ 8:4) Աստծո (կիրառված է «Էլոհիմ» անունը, ինչպես 8։4-րդ համարում է․ տե՛ս այդ հատվածում) փառքը վեր բարձրացավ այն Քերովբեի (Հին Կտակարանում առաջին անգամ այս բառը գործածված է եզակի թվով, բայց հստակորեն մատնանշելով հավաքական իմաստ) վրայից, որի վրա այն գտնվում էր՝ դեպի տան շեմը», այսինքն՝ սրբավայրի և սրբություն սրբոցի կառույցների վրա։ Սլավոներենում՝ «բացօթյա տան մեջ», այսինքն՝ չծածկված սյունասրահում՝ սրբավայրի գավթում։ Աստծո փառքի ներկայությունը խորանում և տաճարում դրսևորվեց ամպի տեսքով (Շեխինա)։ Այդ դեպքում, փաստորեն, Տիրոջ փառքն այստեղ փոխում է իր տեղը, ինչպես երևում է 10։3-4-րդ համարներից: Սակայն ո՞ր քերովբեից կամ քերովբեներից է իջել Աստծո փառքը. Ուխտի տապանակի քերովբեների՞ց, թե՞ 10:3-րդ համարում հայտնված և ներքին գավթի աջ կողմում կանգնած քերովբեներից։ Այն հանգամանքը, որ մարգարեն տեսիլքի խորհրդավոր կենդանիներին դեռևս քերովբեներ չէր անվանել և այն, որ միայն 10:15-րդ համարում է, ըստ երևույթին, վերջնականապես համոզվում այդ արարածների՝ քերովբեների հետ «նույնականության» հարցում մեջ, կարծես թե մեզ որոշակի հիմք է տալիս այստեղ Սրբոց Սրբոցի քերովբեների վերաբերյալ մատնանշում տեսնելու համար: Մյուս կողմից էլ, տաճարի նմանատիպ պղծումից հետո, որը ներկայացված է 8-րդ գլխում, արդյոք հնարավո՞ր էր, որ Շեխինան ներկա գտնվեր Սրբոց Սրբոցում: Ինչպես որ մենք տեսանք 8։12-րդ համարի բացատրության մեջ՝ հնարավոր է, որ նույնիսկ Ուխտի տապանակն այդ ժամանակ արդեն իսկ գոյություն չունենար: Այնուամենայնիվ, այստեղ կարելի է հասկանալ թե՛ մեկ և թե՛ մյուս քերովբեներին, ու այդ երկու պարագաներում էլ Աստծո փառքի շարժման իմաստը գրեթե նույնն է լինելու։ Եթե Աստծո փառքը տաճարի շեմն անցավ Ուխտի տապանակի վրայից, ապա դա առաջին քայլն էր Աստծո փառքի՝ տաճարից հեռանալու ուղղությամբ, ի դեպ՝ շեմին կանգ առնելը կարող էր ցույց տալ, թե Աստծո փառքի համար որքան դժվար էր իր սիրելի բնակավայրը թողնելը։ Տեսիլքի ժամանակ Աստծո փառքը ևս մեկ անգամ է հայտնվում այս շեմի մոտ (10:4-րդ համար), իսկ քաղաքից հեռանալիս էլ կանգ է առնում լեռան վրա: Իսկ եթե Աստծո փառքն ընթանում էր տեսիլքի քերովբեների վրայից, ապա ուրեմն Աստված թողնում է գահակառքը, որն իրականում նախատեսված էր Նրան Երուսաղեմից հեռացնելու համար, և դարձյալ քայլում է դեպի Իր նախկին բնակության շեմը, որպեսզի այդտեղից հրաման տա քաղաքը և նրա բնակչությանը կործանելու կամ Երուսաղեմի նկատմամբ դատավճիռ իրականացնելու համար (խոսքը քաղաքի դարպասների մոտ իրականացվող դատավճռի մասին է)։ Կամ գուցե թե դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ հրաժեշտ իր նախկին բնակավայրին: Քանի որ Սրբություն Սրբոցում գտնվող քերովբեները միայն պատկերներն էին իրական քերովբեների, որոնք այժմ հայտնվեցին տաճարում, ուստի Աստծո փառքը, որը հանգչում էր թե՛ մեկի և թե՛ մյուսի վրա, չէր կարող միևնույնը չլինել, այդ իսկ պատճառով էլ, թերևս, մարգարեն չի նշում, թե հատկապես ո՛ր քերովբեներից է այն անցել դեպի տաճար շեմը: Ընդ որում, «բարձրացավ» բայը՝ այն դեպքում, երբ գոյականը նախորդում է դրան («և Աստծո փառքը բարձրացավ», ու ոչ թե՝ «և բարձրացավ Աստծո փառքը»), կարելի է հասկանալ որպես հեռավոր անցյալ ժամանակով կիրառության համատեքստում, ուստի այդ դեպքում արդեն ինքնին շատ ավելի պատեհ է, որ Աստծո փառքը նույնիսկ դեռ 1-ին համարից առաջ փոխում է իր տեղը։
«Եվ․․․կանչեց» - արտահայտությունը շարունակում է մնալ առանց ենթակայի։
«Նա» - հավելումը ռուսերեն թարգմանության հեղինակի հավելումն է։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եւ Իսրայէլի Աստծու փառքը, որ տաճարում էր, քերովբէներից վեր օդ բարձրացաւ: Կանչեց այն մարդուն, որ սքեմ էր հագել ու մէջքին գօտի ունէր:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելի Աստծու փառքը վեր բարձրացավ այն քերովբեի վրայից, որի վրա էր, դեպի տան շեմը։ Եվ կանչեց քաթանով զգեստավորված այն մարդուն, որ գրագրի թանաքաման ուներ մեջքին։
(Գրաբար) Եւ փառք Աստուծոյ Իսրայէլի վերացան ‘ի քրովբէիցն յօդն որ ‘ի մէջ տաճարին։ Եւ կոչեաց զայրն որ զգեցեալ էր զպճղնաւորն, և ունէր զկամարն ընդ մէջ իւր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: