Ելից գրքի մեկնություն 1։1

Ա․ Լոպուխին

1-6․ Սրանք են Իսրայելի այն որդիների անունները, որոնք Հակոբի հետ մտան Եգիպտոս, յուրաքանչյուրն իր տնով մտավ. [1] Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար, Զաբուղոն և Բենիամին, Դան և Նեփթաղիմ, Գադ և Ասեր: Հակոբից սերված բոլոր մարդիկ յոթանասուն հոգի էին, իսկ Հովսեփն արդեն գտնվում էր Եգիպտոսում: Վախճանվեց Հովսեփը, նաև նրա բոլոր եղբայրներն ու նրանց ողջ սերունդը: (Սինոդական թարգ․)
   
   Եգիպտոս մտած Իսրայելի որդիների թվարկումով և Հովսեփի մահվան հիշատակությամբ, Մովսեսը ընթերցողին տեղափոխում է Ծննդոց գրքի վերջին գլուխները (46:8-27 և 50:26) և դրանով իսկ հուշում է, որ Ելից գիրքն ու այս գլուխները սերտ կապի մեջ են գտնվում: Այս գլուխների նմանությամբ, Ելից գիրքը նկարագրում է Եգիպտոսում Հակոբի սերնդի կյանքը և սկսելով այն Հովսեփի մահից, հանդիսանում է դրանց շարունակությունը:

   Հակոբի որդիների, այսինքն սերնդի գլխավորների թվարկումը նշվում է ըստ մայրերի հերթականության (Ծննդ. 35:23-26): Վերաբնակների ընդհանուր թիվը (Ծննդ. 46:27, Բ Օր. 10:22) եբրայական բնագրի համեմատ հունա-սլավոնական թարգմանության մեջ հինգ հոգով ավելի է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Յոթանասնից թարգմանության հեղինակները այդ հաշվարկի մեջ ներառում են Հովսեփի երեք թոռներին և երկու ծոռներին (Ծննդ. 46:20)՝ առանց ներառելու Հակոբի որդիների կանանց (Ծննդ. 46:26) և նահապետական ընտանիքին պատկանող ծառաներին ու աղախիններին (Ծննդ. 32:6): Վերջիններիս ավելացնելով, որի իրավունքը տալիս է 1-ին համարի՝ «յուրաքանչյուրն իր տնով մտավ» արտահայտությունը, և որը նշանակում է ընտանիքներով, ներառյալ կանանց, երեխաներին, ծառաներին (Ծննդ. 7:1), և ընդհանրապես ամբողջ սերնդով (Ա Թագ. 20:16), ապա Եգիպտոս մտածների քանակը արդարացիորեն կկազմի մի քանի հարյուր: Հովսեփի և ողջ հին սերնդի մահը դիտարկվում է իբրև Հակոբի ընտանիքի ստորև նկարագրված նոր ժամանակաշրջանի սկիզբ, որն էլ բնութագրվում է երկու հատկանիշներով. հրեաների արագ բազմացումով և նրանց նկատմամբ եգիպտացիների նորովի վերաբերմունքով:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք իրենց հօր հետ մտան Եգիպտոս, իւրաքանչիւրն իր ամբողջ ընտանիքով մտաւ.
(Արարատ թարգ․)Ահա սրանք են Իսրայելի որդիների անունները, որ գնացին Եգիպտոս, գնացին Հակոբի հետ՝ յուրաքանչյուրն իր տնով.
(Գրաբար) Այս են անուանք որդւոցն Իսրայէլի մտելոցն յԵգիպտոս հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց. իւրաքանչիւր ըստ համաւրէն տանց իւրեանց մտանէին: