Ելից գրքի մեկնություն 14։1

Ա. Լոպուխին

1-2․ Տերը, խոսելով Մովսեսի հետ, ասաց. [1] «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ վերադառնան և հաստատվեն Պի-Հախիրոտի առջև, Մագդողի և ծովի միջև՝ Բեեղսեփոնի դիմաց: Եվ դրա դիմաց՝ ծովի մոտ, բանակատեղի կհաստատեք: (Սինոդական թարգ․)
   
   Ճանապարհը նախկին արևելյան ուղղությամբ շարունակելը հավասարազոր կլիներ սահմանամերձ ամրոցների կայազորների հետ սեփական ուժերից վեր պայքարի մեջ մտնելուն: Միևնույն ժամանակ մի ողջ ժողովուրդ չէր կարող աննկատ անցնել նրանց կողքով, քանի որ նույնիսկ մեկ մարդը՝ վերոհիշյալ Սինեխը, միայն գիշերով կարողացավ սողոսկել ամրությունների շարանի միջով: Այս ամենը նկատի առնելով՝ իսրայելացիները Ոթոմում փոխում են իրենց ճանապարհի ուղղությունը՝ «վերադառնում են» ըստ Աստծո հրամանի: Քանի որ այս պարագայում օգտագործված եբրայերեն «շուվ» բայը նշանակում է շարժում արևմտյան կողմից դեպի հանդիպակաց՝ արևելյան կողմ և ընդհակառակը (Հեսու 19:12, 27, 29, 34), ապա ակնհայտ է, որ նախկին արևելյան ուղղության փոխարեն հրեաներն այժմ ընտրում են արևմտյանը, ավելի ճիշտ՝ հարավարևմտյանը:

   Ճամփորդության հետագա նկարագրությունից երևում է, որ Կարմիր ծովը անցնելուց հետո նրանք գտնվում են դրա արևելյան կողմում, ուստի մինչև անցումը գտնվում էին արևմտյա՛ն հատվածում: Ոթոմից դեպի հարավարևմուտք թեքվելով՝ նրանք գնացին Կարմիր ծովի արևմտյան կողմով և բանակեցին Պի-Հախիրոտում՝ Մագդողի և ծովի միջև, Բեեղսեփոնի առջև: Պի-Հախիրոտը գտնվում էր հարավային կողմում, Մագդողը՝ արևմտյան, ծովը՝ արևելյան, իսկ Բեեղսեփոնը արևելքում էր՝ բանակ դրած հրեաների դիմաց, ծովի արևելյան կողմում: Ահա նրանց երրորդ կայանատեղիի առավել ճշգրիտ տեղագրությունը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.