Ա. Լոպուխին
10-20. Փարավոնը մոտեցավ: Իսրայելացիները, բարձրացնելով իրենց աչքերը, տեսան, որ եգիպտացիները իրենց հետևից էին գալիս. սաստիկ վախեցան: Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը: [10] Եվ ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատի մեջ մեռնելու: Այս ի՞նչ արեցիր մեզ՝ Եգիպտոսից դուրս բերելով: Մի՞թե Եգիպտացիների երկրում քեզ չասացինք, թե՝ «Թո՛ւյլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին»: Մեզ համար ավելի լավ կլիներ, որ ծառայեինք եգիպտացիներին, քան մեռնեինք այս անապատում»: Բայց Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, սպասե՛ք, և կտեսնեք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ, որովհետև այս եգիպտացիներին, որ այսօր տեսաք, հավիտյան պիտի չտեսնեք: Տերը պիտի պատերազմի ձեզ համար, դուք հանգի՛ստ եղեք»: Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես Ինձ աղաղակում: Ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան: Դու բարձրացրո՛ւ գավազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա և ճեղքի՛ր այն, որպեսզի Իսրայելի որդիները ծովի միջով անցնեն, ինչպես ցամաքով: Ես կկարծրացնեմ եգիպտացիների սիրտը, և նրանք պիտի գնան նրանց ետևից: Եվ Ես պիտի փառավորվեմ փարավոնի ու նրա բոլոր զորքերի՝ նրա կառքերի ու նրա հեծյալների առաջ: Եվ եգիպտացիները կիմանան, որ Ե՛ս եմ Տերը, երբ փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի ու հեծելազորի առաջ»: Եվ Աստծո հրեշտակը, որ գնում էր իսրայելացիների առջևից, ելավ ու անցավ նրանց ետևը: Ամպի սյունը հեռացավ նրանց առջևից ու կանգնեց նրանց ետևում: Եվ եկավ-կանգնեց եգիպտացիների և իսրայելացիների միջև: Ամպ ու խավար եղավ եգիպտացիների համար, բայց գիշերը լույս էր տալիս իսրայելացիներին, և նրանց բանակներն ամբողջ գիշեր միմյանց չմոտեցան: (Սինոդական թարգ․)
Խոստացված աստվածային օգնությունը՝ առաջին հրաշքը, նախ դրսևորվեց հրեաների՝ ուր որ է իրենց հասնող եգիպտացիներից «առանձնացումով»: Դա իրականացավ մինչ այդ հրեաների առջևից ընթացող ամպի սյան միջոցով, որն այժմ կանգնեց հրեաների և եգիպտացիների միջև: Այս նոր դիրքում այն երկու գործառույթներ էր իրականացնում. մթին կողմով՝ եգիպտացիների, իսկ լուսավոր կողմով հրեաների կողմը շրջված լինելով՝ ամպի այդ սյունը նախ քողարկում էր հրեական ճամբարը, և ապա նաև լուսավորում էր վերջիններիս ճանապարհը: Այս միտքն արտահայտված է ինչպես եբրայերեն տեքստում, այնպես էլ, ըստ այդմ, նաև ռուսերենում: Նույնպիսի ընկալում ունեն նաև Ակյուղասի և Օնկելոսի թարգմանությունները:
Սրան հակառակ՝ Յոթանասնից թարգմանության տեքստը համաձայնում է Հեսու Նավեի վկայությանը (Հեսու 24:7), որը խոսում է միայն մեկ գործառույթի՝ խավար տարածելու մասին: «Երբ ամպի սյունը եգիպտացիների ու իսրայելացիների բանակների միջև էր, խավար ու մեգ պատեց, գիշերն անցավ» (Ելք 14:20): Հաշվի առնելով այն, որ եգիպտացիները գտնվում էին հրեաների արևմուտքում, միանգամայն իրական է, որ եգիպտացիների ու հրեաների միջև եղած միևնույն ամպը ծածկում էր արևը եգիպտացիների կողմի համար և գիշերվա զգացողություն էր առաջացնում նրանց ճամբարում, մինչդեռ հրեաների կողմի համար այն արև էր ծագեցնում և էլ ավելի էր պայծառացնում արևի լուսավորությունը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Փարաւոնը մօտեցաւ: Իսրայէլացիները բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ եգիպտացիները կայք են հաստատել իրենց թիկունքում. սաստիկ վախեցան:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը մոտեցավ նրանց: Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերը և տեսան, որ ահա եգիպտացիները գալիս են իրենց ետևից, ու շատ վախեցան: Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը:
(Գրաբար) Եւ եհաս մաւտ փարաւոն: Եւ համբարձեալ որդւոցն Իսրայէլի զաչս իւրեանց տեսանէին` զի բանակեցան Եգիպտացիքն ի թիկանց նոցա, եւ երկեան յոյժ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: