Ա. Լոպուխին
16-18․ Ահա թե ինչ է Տերը պատվիրել. «Յուրաքանչյուր ոք դրանցից թող հավաքի այնքան, որքան անհրաժեշտ է մեկ մարդու համար, ըստ ձեր ընտանիքների շնչերի թվի: Հավաքեցե՛ք ըստ վրանում գտնվող յուրաքանչյուր մարդու թվի»»: [16] Իսրայելացիներն այդպես էլ արեցին. հավաքեցին ոմանք շատ, ոմանք՝ քիչ: Եվ չափեցին ըստ ընտանիքների շնչերի թվի և տեսան, որ ումը որ շատ էր, սահմանված չափից չավելացավ, իսկ ումը՝ քիչ, սահմանված չափից չպակասեց: Յուրաքանչյուրը իր կարիքի չափով էր հավաքել: (Սինոդական թարգ․)
Հավաքվելու ենթակա մանանայի քանակը չափվում էր օմերով (եբր.՝ վեճ): Այս եզրն անհայտ չափի տարողության միավոր էր: Եզրույթն ունի նաև խմելու համար նախատեսված անոթի նշանակություն, «որից սովորաբար իրենց հետ ունենում են արևելքի բնիկները անապատում ճամփորդելիս աղբյուրներից ջուր վերցնելու համար» (Միքայելիս): Ճիշտ այդպիսի կարծիք է հայտնում նաև Կաննե անունով մեկ այլ մեկնաբան: Եվ քանի որ այդ տնային անոթներն իրենց հարաբերական հավասարությամբ հանդերձ կարող էին տարբեր տարողություններ ունենալ, ապա հենց դրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ օմերով չափելու դեպքում ո՛չ շատ մանանա հավաքողների (Ելք 16:17) մոտ էր ավելցուկ լինում, ո՛չ էլ քիչ հավաքողների մոտ՝ պակասություն:
Մեծ ընտանիքները մեծ օմերներ ունեին, ինչի շնորհիվ դրանց մեջ կարող էր ավելի շատ քանակությամբ մանանա տեղավորվել, որի շնորհիվ մանանայի ավելցուկ չէր լինում: Ավելի փոքր ընտանիքները համապատասխանաբար ավելի փոքր օմերներ ունեին, որոնց մեջ այնքան մանանա էր տեղավորվում, որքան պետք էր այդ ընտանիքին, ուստի այս պարագայում ևս պակասություն չէր լինում: Եթե «օմեր» եզրի ներկայացված ըմբռնումը բավարար չափով բացատրում է Ելք 16:18-րդ համարը, ապա Ելք 16:36-րդ համարի մեկնաբանությունը՝ «օմերը արդուի մեկ տասներորդն է», դրան չի հակասում («արդու»-ն ալյուրի և ընդեղենի չափման հին պարսկերեն միավոր է = 29,376 կգ – ծանոթ. թրգմ.): Օմերի՝ ոչ միատեսակ տարողություն ունենալու տեսանկյունից դրա հարաբերությունը որևէ հստակ սահմանված չափման միավորի հետ նշելը միանգամայն բնական է:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Տէրը հետեւեալն է պատուիրել. «Իւրաքանչիւր ոք դրանցից թող հաւաքի այնքան, որքան անհրաժեշտ է մէկ մարդու համար, ըստ ձեր ընտանիքների շնչերի թուի: Հաւաքեցէ՛ք ըստ վրանում գտնուող իւրաքանչիւր մարդու թուի»»:
(Արարատ թարգ․) Տերը պատվիրել է. “Թող յուրաքանչյուրը հավաքի դրանից իր կերածի չափով, յուրաքանչյուրը՝ մեկ օմեր, ամեն մեկը վերցնի իր վրանում գտնվողների համար՝ ըստ անձանց թվի”»:
(Գրաբար) եւ այս բան է` զոր պատուիրեաց ձեզ Տէր: Ժողովեցէք ի դմանէ իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում. չափով ըստ գլուխ. ըստ թուոյ անձանց ձերոց, ըստ իւրաքանչիւր ըստ վրանս ձեր ժողովեցէք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: