Ա․ Լոպուխին
8-11․ Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ [8] Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը։ Բայց յոթներորդ օրը քո Տեր Աստծո հանգստի օրն է: Ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո դուստրը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո տանը եղող օտարականը։ Որովհետև Տերը վեց օրվա մեջ արարեց երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և նրանց մեջ բոլոր եղածները, և յոթներորդ օրը հանգստացավ: Այդ պատճառով Տերն օրհնեց շաբաթ օրը և սրբացրեց այն: (Սինոդական թարգ․)
Շաբաթ օրվա հրահանգի մասին հրեա ժողովուրդն արդեն տեղյակ էր (Ծննդ. 2:3, Ելք 16:23 և այլն), այդ պատճառով այն ուղղակի հիշեցվում է՝ «Հիշիր շաբաթ օրը…», և չի հայտարարվում որպես նոր օրենք: Իսրայելը պետք է հիշի շաբաթ օրը սուրբ պահելու (Ելք 31:13-14, Ղևտ. 19:3, 30, 26:2: Բ Օր. 5:12), այսինքն՝ այն շաբաթվա մյուս օրերի շարքից տարանջատելու մասին: Այդ տարանջատումը արտահայտվում է նրանում, որ շաբաթվա վեց օրերը տրամադրվում են տարբեր տեսակի աշխատանքների համար (Ելք 31:15, 34:21, Ղևտ. 23:3), իսկ յոթերորդ օրը պատկանում է Տիրոջը: Առաջին վեց օրերը երկրային հոգսերը հոգալու համար են, իսկ յոթերորդ օրը հրեան պետք է ազատվի առօրյա հոգսերից և հրաժարվի երկրի հանդեպ ունեցած կապվածությունից: Դրա միջոցը ցանկացած տեսակի աշխատանքի դադարեցումն է (Ղևտ. 23:3), ինչպիսիք են մանանայի հավաքումը (Ելք. 16:26), սննդի պատրաստումը թե՛ թխված և թե՛ եփված վիճակում (Ելք 16:23), ցանքսը և հունձը (Ելք 34:21), կրակ վառելը (Ելք 35:3), փայտի հավաքումը (Թվ. 15:32), ծանրության բարձրացումը (Երեմ. 17:21), առևտուրը (Ամ. 8:5), հնձանների տրորումը, խրձերի և բեռների տեղափոխումը (Նեեմ. 13:15): Աշխատանքն արգելվում է ոչ միայն հրեային՝ իր ընտանիքով հանդերձ, այլև նույնիսկ ստրուկին, պանդուխտին և անասուններին: Հակառակ դեպքում, այսինքն՝ ստրուկի աշխատանքի պարագայում, հրեա-տերն ակամա, մտովի տեղափոխվելու էր նրա աշխատանքի «տիրույթ» և, հետևաբար, չէր ձերբազատվելու երկրային հոգսերից:
Շաբաթ օրվա հանգստյան համար հիմք է ծառայում շաբաթ օրվա սրբացումն հենց Իր՝ Աստծո կողմից (Ելք 20:11). այն, ինչ սրբացված է, չի կարող մարդու կողմից ներգրավվել կենցաղային կիրառության շրջանակի մեջ (Ելք 31:13-14): Բ Օրինաց 5:15-ի համաձայն՝ շաբաթը տոնախբվում է ի հիշատակ Եգիպտոսից ելքի: Ստրկությունից ազատումը հրեաների ընտրությունն էր որպես Աստծո ժողովուրդ, նաև՝ աստվածպետության սկզբնավորումը: Աստվածպետության գաղափարի համաձայն՝ Իսրայելը պետք է ծառայեր Բարձրյալին: Շաբաթ օրը տոնախմբելը՝ այն Աստծուն նվիրելը, ծառայում էր որպես հինկտակարանյան աստվածպետության հիմնական գաղափարի արտահայտման ուղղակի միջոց, ինչպես նաև հրեաների՝ որպես Աստծո ժողովուրդ ընտրվելու և, այստեղից բխող, Տիրոջը ծառայելու գաղափարի իրագործում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն:
(Արարատ թարգ․) Հիշի՛ր հանգստյան օրը՝ այն սուրբ պահելու համար:
(Գրաբար) Յիշեսջիր զաւրն շաբաթուց սրբել զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: