Ելից գրքի մեկնություն 21։1

Ա․ Լոպուխին

1-2․ «Ահա օրենքները, որ պիտի հայտնես նրանց։ [1] Եթե մի հրեա ստրուկ գնես, վեց տարի թող նա ծառայի քեզ և յոթներորդ տարում առանց փրկագնի թող ազատ արձակվի: (Սինոդական թարգ․)
   
   Օրենքի համաձայն՝ աղքատացած հրեան պարտքի չվճարման դիմաց կարող էր ստրուկ դառնալ (Ղևտ. 25:39): Ստրուկ կարող էր լինել նաև գողը, որն ի վիճակի չէր վճարել գողության համար (Ելք 22:3): Ստրկության վեցամյա ժամկետը (Բ Օր. 15:12, 18, Երեմ. 34:14) համապատասխանեցվում է վեցօրյա աշխատանքային պատվիրանի և յոթերորդ օրվա հանգստի հետ: Ստրուկի ազատագրման յոթերորդ տարին ոչ թե հոբելյանական տարին է, այլ՝ յոթերորդ տարին հաշվվում է յուրանքանչյուր ստրուկի համար առանձին՝ իր ստրկության ժամանակահատվածից սկսած: Եթե այն յոթերորդ հոբելյանական տարին լիներ, ապա ստրուկը ստիպված կլիներ ծառայել ոչ թե յոթ տարի, այլ այնքան ժամանակ, ինչքան ժամանակ որ մնացել էր նրա՝ ստրուկ լինելու սկզբից, որոշ դեպքերում՝ մեկ ամիս կամ ավելի քիչ: Եվ, իսկապես, օրենքը ուղղակիորեն ցույց է տալիս, որ յոթերորդ հոբելյանական տարում ստրուկները գտնվում են իրենց տերերի մոտ և ազատություն չեն ստանում (Ղևտ. 25:4-6): Վեցամյա ծառայությունից հետո ստրուկը ազատվում էր ոչ միայն ձրիաբար՝ առանց փրկագնի, քանի որ այդ ժամանակահատվածում նա աշխատել էր վարձկանի վարձի կրկնակիի չափով (Բ Օր. 15:18), այլ նաև տիրոջից ստանում էր ամեն անհրաժեշտ բան սեփական տնտեսությունը հիմնելու համար՝ «ոչխարներից, ցորենից ու հնձանի բարիքից» (Բ Օր. 15:14):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Սրանք են այն կանոնները, որ պիտի յայտնես նրանց.
(Արարատ թարգ․) Ահա սրանք են այն օրենքները, որոնք պիտի դնես նրանց առաջ:
(Գրաբար) Եւ այս իրաւունք են զոր դիցես առաջի նոցա: