Ելից գրքի մեկնություն 22։2

Ա․ Լոպուխին

2-4․ Եթե մի գող գտնվի տան պատին անցք բացելիս, և հարվածեն նրան ու նա մեռնի, ապա արյունը հարվածողին չի վերագրվի: [2] Եթե արևն արդեն ծագել է նրա վրա, ապա պետք է հատուցվի նրա արյան համար: Գողը պետք է ամբողջը հատուցի, իսկ եթե ոչինչ չունի, այնժամ նա պետք է վաճառվի իր գողացածի դիմաց:  «Եթե գողացածը նրա ձեռքում ողջ գտնվի՝ լինի դա եզ, էշ, թե ոչխար, պետք է կրկնակի հատուցի։ (Սինոդական թարգ․)
   
   Գիշերով գողին սպանելը հավասարազոր է ոչ դիտավորյալ սպանությանը, քանի որ մթության մեջ դժվար է որոշելը, թե որ հատվածին է հասցվում հարվածը, ինչպես նաև՝ հարվածի ուժգնությունը կանխորոշելը: Որպես ոչ դիտավորյալ սպանություն՝ այն մահվամբ չի պատժվում: Իսկ ցերեկվա լույսի ներքո գողի սպանությունը, երբ տան տերը կարող էր խուսափել դրանից՝ իր ունեցվածքը պահպանելու համար այլ միջոցներ կիրառելով, համարվում է գիտակցաբար կատարված հանցագործություն և, ընդունված օրենքի համաձայն (Ելք 21:12), պատժվում է մահվամբ:

   Այն դեպքում, երբ գողը բռնվում է գողոնը ձեռքին՝ չհասցնելով կատարել իր մտադրությունը, այն է թե՝ վաճառել կամ մորթել գողացված կենդանուն, նա տան տիրոջը վնաս հասցրած չի լինում և պատժվում է միայն հենց հանցանքի համար՝ արջառի կամ ոչխարի փոխարեն կրկնակի է վճարում: Այսպիսի կարգը բացարձակապես կիրառելի չէր աղքատ գողերի պարագայում, քանի որ, ի դեպ, հենց այդ աղքատությունն էլ կարող էր նրանց գողության դրդել: Այսպիսի պարագայում, որպեսզի գողություն կատարող մարդիկ անպատիժ չմնան, օրենքի մեջ նոր կետ է մտցվում. եթե գողն իր կարողությամբ չի կարող փոխհատուցել պատճառած վնասը, ապա նա պետք է վաճառվի, և ստացված գումարը պետք է տրվի տուժածին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եթէ գողին մահացու հարուած հասցնեն տան պատին անցք բացելիս, թող դա սպանութիւն չդիտուի:
(Արարատ թարգ․) Եթե մի գող գտնվի տան պատին անցք բացելիս, և հարվածեն նրան ու նա մեռնի, նրա արյան համար չպետք է պահանջվի:
(Գրաբար) Իսկ եթէ յական գտանիցի գող. եւ խոցեալ մեռցի, չէ այն նմա ի սպանութիւն: