Ելից գրքի մեկնություն 26։36

Ա. Լոպուխին

Եվ խորանի մուտքի համար վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։ (Սինոդական թարգ․)[36]
   

   Խորանի արևելյան կողմում, որտեղ մուտքն էր, փայտյա պատ չկար։ Այն որևէ բանով չէին ծածկում. ներքևինը ընդհանրապես չէր կախվում  արևելյան կողմի վրա, իսկ երկրորդն իջնում էր մի փոքրիկ մասով միայն։ Այս ի նկատի ունենալով՝ արևելյան կողմը ցանկապատելու և դեպի սրբություն մուտք ստեղծելու համար այստեղ տարածվում էր մի վարագույր, որը մուտքի բակի վարագույրի գործվածքից ոչնչով չէր տարբերվում։ Ըստ Հովսեփիոս Փլավիոսի վկայության՝ այն վերևից կախվում ու տարածվում էր  խորանի միայն կեսի չափով։ Սակայն այս ցուցումը հասկացվում է այն իմաստով, որ վարագույրներն ունեին օգտագործման հատուկ եղանակ՝ օղակների և կեռիկների միջոցով, որոնց օգնությամբ արարողությունների ժամանակ վարագույրը որոշակի չափով բարձրացվում էր։
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից կը պատրաստես վրանի դռան առագաստը՝ նկարազարդ մի գործ:
(Արարատ թարգ․) Եվ վրանի մուտքի համար նկարագործ մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից ու մանված նրբահյուս բեհեզից:
(Գրաբար) Եւ արասցես սրահակ դրան խորանին. ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ, եւ ի կարմրոյ մանելոյ, եւ ի բեհեզոյ նիւթելոյ. գործ նկարակերպ: