Ա. Լոպուխին
19-32. Եվ տապանակը բերեց խորանից ներս, կախեց վարագույրը և ծածկեց վկայության տապանակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: [19] Եվ սեղանը դրեց վկայության խորանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմում, վարագույրից դուրս: Եվ դրա վրա՝ Տիրոջ առջև, շարքով դրեց հացերը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: Եվ աշտանակը դրեց վկայության խորանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմում: Եվ ճրագամանները դրեց Տիրոջ առաջ, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին: Եվ ոսկե զոհասեղանը դրեց վկայության խորանի մեջ՝ վարագույրի դիմաց: Եվ նրա վրա խնկարկեց անուշահոտ խնկարկությամբ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: Եվ վարագույրը կախեց խորանի մուտքի դիմաց: Եվ ողջակեզների զոհասեղանը դրեց վկայության խորանի մուտքի մոտ և դրա վրա ողջակեզներ ու հացի ընծաներ մատուցեց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: Եվ ավազանը դրեց վկայության խորանի և զոհասեղանի միջև ու դրա մեջ ջուր լցրեց՝ լվացվելու համար: Եվ Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը: Երբ նրանք մտնում էին վկայության խորան և մոտենում էին զոհասեղանին, այդ ժամանակ լվացվում էին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: Եվ վկայության խորանի ու սեղանի շուրջը կանգնեցրեց գավիթը, որի մուտքին վարագույր կախեց: Եվ այդպիսով Մովսեսն ավարտեց գործը: Եվ ամպը ծածկեց վկայության խորանը, և Տիրոջ փառքը լցրեց խորանը: (Սինոդական թարգ․)
Ամպը Տիրոջ ներկայության խորհրդանիշն էր (Ելք 14:19-20, 24:15-17, 33:9): Մի ժամանակ այն հովանի էր լինում վրանին (Ելք 33:9), որը Մովսեսը դուրս հանեց բնակավայրից այն բանից հետո, երբ Իսրայելի ժողովուրդը, ոսկե հորթ կերտելով, երկրպագեց դրան։ Իսկ այժմ այն ծածկում էր վկայության խորանը, և դա համարվում էր Աստծո բարեհաճության նշանը:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Դրա վրայ Տիրոջ առաջ դասաւորեց առաջաւորութեան հացը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
(Արարատ թարգ․ 40։23) Եվ նրա վրա Տիրոջ առջև շարքով դրեց հացերը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
(Գրաբար) Եւ յաւրինեաց ի վերայ նորա զհացն երեսաց առաջի Տեառն, զորաւրինակ հրամայեաց Տէր Մովսիսի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: