Եսայու մարգարեության մեկնություն 10։12

Ա. Լոպուխին

Եվ կլինի այնպես, որ երբ Տերն իրականացնի Իր ամբողջ գործը Սիոնի վրա և Երուսաղեմում, կասի․ «Կնայեմ Ասորեստանի թագավորի ամբարտավան սրտի հաջողություններին և նրա ամբարտավան աչքերի սնափառությանը»։ (Սինոդական թարգ․) [12]
   
   12-19-րդ համարներ․ Ասորեստանին թույլ տալով պատժել Երուսաղեմին՝ Տերը ասորական թագավորին կփոխհատուցի իր ամբարտավանության համար, և Ասորեստանի թագավորությունը կթուլանա, բացի այդ, մեծապես կնվազի ասորական բանակի թվաքանակը, որն էլ, իրականում, կազմում էր այդ թագավորության հզորությունը։

   «Իր գործը», այսինքն՝ դատաստանը Հուդայի և մասնավորապես Երուսաղեմի նկատմամբ, որը չէր ցանկանում ենթարկվել Աստծո կամքին, որ հրեա ժողովրդին հայտնում էր, օրինակ, Եսայի մարգարեն (գլուխ 7)։

   «Կնայեմ»․ եբրայերեն բայը, որ արտահայտվում է «պակադ» բառով, հաճախ «պատժել» նշանակությունն ունի։

   «Ամբարտավան սրտի հաջողություններին» արտահայտությունը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «հպարտության պտուղը», այսինքն՝ նկատի են առնվում այն հպարտ, ամբարտավան խոսքերը, որոնք ասորեստանցիների թագավորի ներքին ամբարտավանության պտուղն էին։

   «Սնափառությանը»․ ավելի ճիշտ և դյուրընթեռնելի կլինի թարգմանել՝ «նրա պարծենկոտ հպարտությանը»։

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այնպէս պիտի լինի, որ, երբ Տէրը վերջացնի ամէն ինչ, որ կատարելու է Սիոնի բարձունքի վրայ եւ Երուսաղէմում, իր բարկութիւնը պիտի թափի նաեւ մեծամտացողի վրայ, Ասորեստանի իշխանի եւ գոռոզութեամբ փայլող նրա աչքերի վրայ:
(Արարատ թարգ․) Երբ Տերը իր բոլոր գործերն ավարտի Սիոն լեռան վրա և Երուսաղեմում, նա պիտի ասի՝ «Ես կպատժեմ Ասորեստանի թագավորի մեծամիտ սրտի պտուղը և նրա ամբարտավան աչքերի սնափառությունը»։
(Գրաբար) Եւ եղիցի յորժամ կատարեսցէ Տէր առնել զամենայն ինչ ի լերին Սիոնի եւ յԵրուսաղէմ, ածցէ ի վերայ մեծամտին բարկութիւն. ի վերայ իշխանին Ասորեստանեայց, եւ ի վերայ հպարտացեալ փառաւորաց աչաց նորա: