Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Աստծու երկիւղի հոգին պիտի լցնի այն: Ո՛չ ըստ կարծիքի պիտի դատի նա եւ ո՛չ էլ ըստ խօսքերի յանդիմանի:
Եվ դարձյալ Հոգին նրան լցնելու է Աստծո երկյուղով.
Ուր Տիրոջ երկյուղն է, այնտեղ բոլոր պատվիրանների պահպանությունն է: Քանզի երկակի է երկյուղը. մեկը ծառայական ու վատթար, ինչպես ասում է Հովհաննեսը, թե՝ «Ով վախենում է, նա կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ. 4։18): Մյուսը մեծարելի երկյուղն է. այն, որի մասին ասում է մարգարեն. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. 22։4): Ավելին. տե՛ս, որ Որդին Հորը ոչ մի տեղ չի ասում, թե՝ «վախեցա Քեզանից», այլ թե՝ «սիրեցի Քեզ», քանզի Որդին սիրում է Հորը և ոչ թե վախենում Նրանից, ինչպես ասում է Մաղաքիան. «Որդին փառավորում է Հորը, իսկ ծառան վախենում է Տիրոջից» (Մաղաք. 1։6): Իսկ որ ասում է՝ «Հոգին նրան կլցնի», երկու իմաստ ունի։ Նախ՝ որպեսզի ցույց տա, թե Քրիստոս ընդունեց ոչ թե Սուրբ Հոգու մասնակի, այլ՝ բովանդակ լրումը, ինչպես Ավետարանն է ասում. «Աստված ոչ թե չափով է տալիս Հոգին Որդուն․․․» (Հովհ. 3։34): Մինչդեռ բոլոր մարդկանց չափով և մասնակիորեն է տալիս Հոգին, ինչպես գրում է Պողոսը. «Հոգու կողմից մեկին տրված է իմաստություն, մյուսին գիտություն» (Ա Կորնթ. 12։8):
Երկրորդ՝ ցույց է տալիս Հոգու՝ Որդու հետ հավասարությունը, որովհետև Որդուն կարող է ամենայն ինչ լիալրել, իսկ եթե Որդին մեծ լիներ Հոգուց, տկարը չէր կարող մեծին լիալրել: Սակայն ի՞նչ է իմաստությունը և ի՞նչ է հանճարը. իմաստությունը համաձայն նկարագրի այն է, երբ գիրը [ճանաչվում է] իմացությամբ և մտքով, իսկ հանճարն այն է, երբ գտնում է դժվարին և խորին խոսքերի պատասխանը, իսկ խորհուրդը բարին չարից զանազանելն է: Եվ գիտությունը արվեստ է, որ իմանում ենք զգայարանների միջոցով:
Ա. Լոպուխին
Եվ Տիրոջ երկյուղով պիտի լցվի: Ո՛չ ըստ Իր աչքերի տեսածի պետք է դատի և ո՛չ էլ ըստ Իր ականջների լսածի պիտի լուծի հարցերը: (Սինոդական թարգ․) [3]
«Տիրոջ երկյուղով պիտի լցվի»․ ռուս սինոդական թարգմանությունը, ինչպես և սլավոնականը, այստեղ կրկնում են 2-րդ համարի վերջին բառերը, սակայն եբրայական տեքստը պետք է թարգմանվի հետևյալ կերպ. «Նրա (Մեսիայի) բարյացակամությունը նրանց հանդեպ, ովքեր ունեն Աստծո երկյուղը»: Այսպիսով՝ այս խոսքերի միջոցով մարգարեն սկսում է նկարագրել Մեսիայի գործունեությունը: Այս ամենի մեջ մարգարեի հայացքն առաջին հերթին հառնում է ապագա թագավորի՝ Մեսիայի այն առանձնահատկության վրա, որով Նա տարբերվում էր հրեական մյուս թագավորներից, որոնք իրենց բարյացակամությունը ցուցաբերում էին ո՛չ թե բարեպաշտ մարդկանց, այլ անմաքուր չարագործների հանդեպ:
«Դատելը» թագավորի առաջին պարտականությունն էր (Ա Թագ. 8:5): Մեսիա-Թագավորի կողմից դատն իրականացվելու է ոչ միայն հասարակ հետաքննության կամ մարդու մասին տարածված լուրերի հիման վրա, որոնք կարող են սխալ լինել, այլ ներթափանցելով հարցի էության մեջ:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աստծու երկիւղի հոգին պիտի լցնի այն: Ո՛չ ըստ կարծիքի պիտի դատի նա եւ ո՛չ էլ ըստ խօսքերի յանդիմանի:
(Արարատ թարգ․) Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի. նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի
(Գրաբար) եւ լցցէ զնա հոգի երկիւղի Աստուծոյ: Ոչ ի կարծ դատեսցի, եւ ոչ ըստ խաւսից յանդիմանեսցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: