Ա. Լոպուխին
17-18․ «Ահա, Ես նրանց դեմ հանելու եմ մարերին, որոնք չեն գնահատում արծաթն ու անտարբեր են ոսկու նկատմամբ»: [17] «Նրանց նետերը խոցելու են երիտասարդներին ու չեն խնայելու որովայնի պտղին. նրանց աչքը չի գթալու երեխաներին»: (Սինոդական թարգ․)
«Մարեր»․ այս անվանումը (հմմտ. Ծննդ. 10:2, Դ Թագ. 17:6, 18:11) միգուցե վերաբերում է ոչ միայն հին Մարաստանի բնակիչներին, այլև Իրանի արիական բոլոր բնակիչներին: Եսայի մարգարեի ժամանակաշրջանում մարերը բավականաչափ վնասներ էին հասցնում Ասորական թագավորությանը: Ասորեստանի Թիգլաթպալասար և Սարգոն թագավորները հնազանդեցրել էին այս անհնազանդ ժողովրդին, իսկ Սարգոնն անգամ մեծաքանակ մարերի բնակեցրել էր Եմաթում և Կելեսիրիայում (712 թ.): Սակայն որքան թուլանում էր Ասորեստանի հզորությունը, այնքան ավելի էր մեծանում Մարաստանի դերակատարությունը, ուստի և Բաբելոնն իր հերթին պետք է հաշվի նստեր այդ ժողովրդի հետ: Պարսիկների մասին՝ որպես մարերի դաշնակիցների, մարգարեն չի հիշատակում, քանի որ Եսայի մարգարեի օրոք պարսիկները դեռևս անծանոթ էին հրեաներին (էլամացիները, որոնք հիշատակվում են Եսայու մարգարեության 21:2-ում, ոչ մի ընդհանրություն չունեն պարսիկների հետ):
«Չեն գնահատում արծաթը»․ մարերը Բաբելոնի վրա չեն հարձակվելու պարզապես այդ հարուստ քաղաքը թալանելու նպատակով: Եսայի մարգարեն ցանկանում է ասել, որ նրանք լինելու են Բաբելոնի վերաբերյալ Աստծո կամքն անգիտակից կերպով կատարողները (հմմտ. Եր. 51:11, 28):
«Նետը» հյուսիսային ժողովուրդների գլխավոր զենքն էր (Հերոդոտոս, Պատմություն, VII, 61, Քսենոֆոն, Կյուրոպեդիա, II, 1, 1), ու այդ զենքը՝ հայտնված մարերի ձեռքում, մահացու է լինելու բաբելոնացիների երիտասարդների համար, որոնց մարերն անխնա կոտորելու են, քանի որ երիտասարդ, ուժեղ մարդիկ, բնականաբար, թշնամիների համար վտանգավոր էին թվում:
«Չեն խնայելու որովայնի պտղին»։ Հնում թշնամական քաղաքները գրավելու պարագայում հաղթանակած ազգը երբեմն հատում էր անգամ հղիների արգանդը, որպեսզի մինչև վերջին մանուկը կոտորեր թշնամի ազգին (Դ Թագ. 8:12 և այլ հատվածներ):
«Աչք» արտահայտությունն այստեղ օգտագործվում է «սիրտ» բառի փոխարեն:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) «Ահա նրանց վրայ պիտի հանեմ մարերին, որոնք արհամարհում են արծաթն ու ոսկին:
(Արարատ թարգ․) «Ահա ես նրանց դեմ պիտի հանեմ մարերին։ Նրանք բանի տեղ չեն դնում արծաթը և ոսկին չեն ախորժում։
(Գրաբար) Ահաւասիկ յարուցանեմ ի վերայ ձեր զմարս` որ ոչինչ համարին զարծաթ եւ զոսկի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: