Եսայու մարգարեության մեկնություն 15։7

Ա. Լոպուխին

7-9. «Այդ պատճառով նրանք ունեցվածքի մնացորդներն են ու այն ամենը, ինչը որ նրանք ձեռք են բերել, տեղափոխելու են Արաբական գետից այն կողմ»: [7] «Քանի որ ողբը Մովաբի ամբողջ տարածքում է, մինչև Եգլայիմ ու Բեեր-Ելիմ լսվում է նրա լացը»։ «Որովհետև Դիմոնի ջրերը լցվել են արյամբ, ու Ես Դիմոնի վրա դեռ նոր աղետ եմ ուղարկելու՝ առյուծներ Մովաբից փախչողների ու երկրում մնացողների վրա»: (Սինոդական թարգ․)
   
   «Արաբական գետից այն կողմ»՝ եբրայերենից ավելի հստակ թարգմանությամբ՝ «տափաստանային հոսքից այն կողմ»: Սա վերջին՝ հարավ-արևելյան ներհոսքն է դեպի Մեռյալ ծով, որտեղ էլ որ այն թափվում է՝ հոսելով Գորէս-Սաֆիեով:

   «Եգլայիմը» հավանաբար գտնվում էր Մեռյալ ծովի հարավային ափին:

   «Բեեր-Ելիմ»՝ եբրայերենից թարգմանաբար՝ «տերևինթների ակունք» կամ «հերոսների ակունք» («էլ» բառը կարող է նշանակել և՛ «տերևինթ», և՛ «ուժեղ, հերոս»): Այս ակունքը պետք է փնտրել Մովաբից դեպի հյուսիս-արևելք՝ անապատում (Թվ. 21:16 և այլն):

   «Դիմոնի ջրերը»։ Հայտնի «Դիվոն» անվան փոխարեն մարգարեն այստեղ օգտագործում է «Դիմոն» բառն այն պատճառով, որպեսզի ակնարկ հնչեցնի այն ճակատագրի մասին, որը սպասվում է այս տարածաշրջանին: Դիմոնն իր արմատով նման է «դամ»՝ «արյուն» բառին, ու քանի որ Դիվոնը (սա Մովաբի երկրի կարևորագույն քաղաքներից էր) թշնամիների կողմից ենթարկվելու է դաժան կործանման, ուստի մարգարեն այդ իսկ պատճառով այն անվանում է «Դիմոն», այսինքն՝ քաղաք, որտեղ արյուն է թափվելու:

   Իսկ «նրա ջրերը» ասելով մարգարեն նկատի ունի Արիոն գետը, որտեղ, մարգարեի պատկերացմամբ, առատորեն հոսում է թշնամիների կողմից սպանված մովաբացիների արյունը:

   «Ու Ես ուղարկելու եմ»՝ եբրայերենից թարգմանաբար՝ «որովհետև Ես…»: Հետևաբար, թշնամիների հարձակումներից փրկված մովաբացիների վրա առյուծներ ու այլ վայրի գազաններ են հարձակվելու: Չնայած որոշ մեկնիչներ «առյուծներ» ասելով հասկանում են հենց մովաբացիների թշնամիներին:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրա ձորերի վրայ պիտի բերեմ արաբացիներին, որ գրաւեն,
(Արարատ թարգ․) Դրա համար իրենց ձեռք բերած վաստակը և դիզածը տանելու են Ուռիների ձորը։
(Գրաբար) միթէ եւ այնպէս ապրելո՞ց իցէ: Քանզի ածից ի վերայ ձորոց զարաբացիս, եւ առցեն զնա: