Եսայու մարգարեության մեկնություն 19։1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն:
   
   Ահավասիկ Տերը, բազմած թևթևասահ ամպերի վրա, գալու է Եգիպտոս.
   Թեթև ամպ է կոչում կույս Մարիամ Աստվածածնին: Եվ սա բազում պատճառներով է.
նախ քանի որ այդ ամպը թեթև է, այդ պատճառով էլ բարձր է երկրի բոլոր բարձունքներից: Նույնպես և սուրբ կույս Մարիամն իր ամենամաքուր սրբությամբ հույժ թեթևացած ու զերծ է մնացած ամեն տեսակ երկրաքարշ խորհուրդներից: Հանձին նրա իսկ Դավիթ մարգարեն ասում է. «Սուրբ է քո տաճարը սքանչելի արդարությամբ» (Սաղմ. 64։5,6):       Երկրորդ՝ որովհետև այդ ամպը նվազագույն աղտեղություն իսկ չունի: Նույնպես և սուրբ կույս Աստվածածինը չուներ աղտեղի մարմնական ցանկություն, որի պատճառով Եսայի մարգարեի կողմից Կույս է անվանվում. «Ահա կույսը պիտի հղիանա և որդի ծնի» (7։14): Քանզի կույս բառը լիակատար սրբություն է նշանակում, ըստ որում առանց սերմի հղիացավ և անապական մարմնով ծնեց Աստված Բանին:
   Երրորդ՝ որովհետև այն ամպը պայծառ և լուսավոր է՝ ուրիշներից առավել իր կողմը ձգած լինելով արեգակի ճառագայթները: Նույնպես և սուրբ կույս Աստվածածինն իր մեջ կրելով արդարության հոգևոր արեգակին՝ Քրիստոսին, պայծառագույն ու գերազանց եղավ բոլոր ազգերի մեջ, ինչպես Աստծո Մայր լինելու պատիվն առավել է բոլորից: Նույնպես առավել են նրան տրված շնորհները, քան բոլոր արարածների վրա հեղված շնորհները, որի պատճառով ասում է. «այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան» (Ղուկ. 1։48):
   Չորրորդ՝ որովհետև  ամպն արագընթաց է և արագորեն աճում է: Նույնպես սուրբ կույս Մարիամը փութկոտ է ամեն տեսակ բարեգործության մեջ, մինչ օրըստօրե ներգործական փառքն աճում և զորանում է շնորհական [փառքի] նկատմամբ:
   Հինգերորդ՝ որովհետև ամպը հովանի է լինում տոթ ժամանակ: Նույնպես և սուրբ կույս Տիրուհին հովանավորվելով Հորից, համաձայն հրեշտակի, տոթ ժամանակ, երբ  սատանայի փորձությունների տապը տագնապի էր մատնել մեր բնությունը, ծնեց մեր Փրկչին՝ Քրիստոսին՝ բովանդակ աշխարհի հովանուն: Այս պատճառով մարգարեն ասում է.«Քո թևերի հովանու տակ ես պիտի ցնծամ» (Սաղմ. 62։8): Սրա մեջ խորհրդանշորեն պատկերվեց ամպի սյան խորհուրդը, որ հովանի եղավ Իսրայելին, և լույս էր տալիս նրան գիշերը, այսինքն՝ անգիտության խավարից բերեց դեպի աստվածգիտության լույսը ու վերացրեց սատանայի բռնությունը:
   Վեցերորդամպը ծածուկն ու անգիտելին է նշանակում, այդպես էլ՝ տնօրենության բովանդակ խորհուրդը, ծածուկ ու թաքուն կատարվեց սուրբ Կույսի մեջ, նախ որովհետև սրբությամբ սնվեց տաճարում, համաձայն կույսերի օրենքի և հետո նշանվեց արդար Հովսեփի հետ, որ վախենում էր հղիությունից, բայց հրեշտակը փարատեց [նրա վախը]. «Մի վախեցիր Հովսեփ Դավթի որդի» (Մտթ. 1։20): Եվ սա եղավ, որպեսզի նրան չտեսնի անարժան աչքը (հմմտ. Հոբ 3։9), ասում է Հոբը:
   Յոթերորդ՝ որովհետև ինչպես երբեմն ամպը ծածկում է արեգակի լույսը, նմանապես և սուրբ Կույս Տիրամայրը իննամսյա ժամանակով իր մեջ քողարկում էր բովանդակ աշխարհի լույսը, և հետո եղավ հոգևոր արևելք ու ծննդյամբ ծագեցրեց արդարության արեգակին երկրի վրա, համաձայն այն խոսքի, թե արեգակը մեզ այցելեց բարձունքից (Ղուկ.1։78), որպեսզի լույս ծագեցնի մեզ վրա ու մեր ոտքերն ուղղի դեպի խաղաղության ճանապարհները:
   Ութերորդ՝ որովհետև ամպը ծովից աներևութապես առնելով, այնուհետ հայտնպես անձրև է ցողում և այն լցնում ամեն տեսակ բարիքով, այդպես էլ սուրբ Կույսը երկնավոր և իմանալի ծովից այսինքն՝ Հայր Աստծո ծոցից իր մեջ կրեց կենդանի Ջուրը և հեղեց մեր բանական երկրի ցամաք բնության վրա և առատապես լիացրեց մեր կարոտությունն ամեն տեսակ բարիքով, ինչպես ասում է. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհ. 7:37):
   Իններորդ՝ համաձայն այլ օրինակի, երբ ամպը գոյանում է ջրի խոնավ գոլորշիներից, և ջուրն ունի բնական դառնություն֊աղիություն, սակայն քամիների հետևանքով այս դառնությունը մեղմվում է, և հեղվելով երկրի վրա, քաղցր և ախորժելի է դառնում: Սրա նման էլ Կույս Մարիամը Ադամի բնության դառնացած զանգվածից էր, և Սուրբ Հոգու գալստյամբ ձերբազատվեց սկզբնական մեղքից ևս, ապա ամենամաքուր Կույսից քաղցր ցողը՝ Քրիստոս իր քաղցրաբուխ վարդապտությամբ սփռվեց հավատացյալների սրտի մեջ, ըստ այն խոսքի, թե «Իմ քիմքին մեղրից քաղցր են քո խոսքերը» (Սաղմ.///): Եվ ինքն ասում էր. «Իմ լուծը քաղցր է» (Մատթ. 11:29) և այլն:
   Տասներորդ՝ որովհետև ամպը ոչ միայն ցող է անձրևում, այլև՝ ձյուն, կարկուտ և կրակ է իջեցնում: Այսպես էլ սրբուհի Կույսից ծնված Աստված հավատացյալների համար կյանքի ու պտղաբերության անձրև եղավ, իսկ անհավատների և սատանայի համար՝ հրախառն կարկուտ և անպտուղ ձմեռ: Համաձայն այն խոսքի,թե ՝«Բարձրյալը  ձայն տվեց» (Սաղմ. 45:7), որ Քրիստոս է. նա կարկուտ և կայծակ, հուր եղավ, այսինքն՝ սատանայի վրա, քանզի  կործանելով այրեց և աշխարհից վերացրեց դիվամոլ կռապաշտությունը, ինչպես և այստեղ ասում է մարգարեն, թե՝ պիտի շարժվի, այսինքն՝ կործանվելու են Եգիպտոսի ձեռագործները, որ կուռքերն էին, և «Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են» (Սղմ. 95:5), ասում է մարգարեն: Եվ ինքը՝ Տերը սպառնում է անհավատներին. «Ով չի հնազանդվում Որդուն՝ Աստծո բարկությունը նրա վրա կմնա» (Հովհ. 3:36): Որովհետև «Նա կա ի կանգնումն և ի գլորումն շատերի» (Ղուկ. 2:34), ասում է Սիմեոն ծերունին: Եվ այլ կերպ. որովհետև Քրիստոսի առաջին գալուստը բրդի վրա իջած ցողի նման է: Իսկ երկրորդն ահագին և զարհուրելի է, քանզի կրակի նման սաստիկ որոտմամբ ու փողի ձայնով է հայտնվելու դատաստանն ու պատիժը, համաձայն գործերի:
   

Ա. Լոպուխին

Մարգարեություն Եգիպտոսի մասին. «Ահա՛, Տերը նստելու է թեթև ամպի վրա ու հասնելու է Եգիպտոս: Եվ Նրա հայացքից սասանվելու են եգիպտական կուռքերը, ու Եգիպտոսի սիրտը հուսալքվելու է»: (Սինոդական թարգ․) [1]
   
   1-15-րդ համարներ։ Քանի որ և՛ իսրայելական, և՛ հուդայական թագավորները հարաբերություններ էին հաստատել Եգիպտոսի հետ, որպեսզի, ի դեմս նրա, հենարան գտնեին Ասորեստանի դեմ պայքարում, ուստի Եսայի մարգարեն իր հայրենակիցներին ներշնչում է այն միտքը, որ այդ հենարանը խիստ անհուսալի է: Բարձրյալի կամքով Եգիպտոսը բազմաթիվ անարգությունների է ենթարկվելու (1): Եգիպտոսում ժողովուրդը սկսելու է պայքարել մեկմեկու դեմ (2), ու թեև այդ չարիքի վերացման համար Եգիպտոսը օգնություն է խնդրելու իր կախարդներից ու վհուկներից (3), ոչինչ նրան չի օգնելու, ու այս բախումների պատճառով թուլացած Եգիպտոսը ենթարկվելու է օտարազգի դաժան տիրակալի (4): Քաղաքական անկումից հետո տեղի է ունենալու նաև Եգիպտոսի տնտեսական անկումը: Այն բանի հետևանքով, որ Եգիպտոսը սնուցող Նեղոս գետը ցամաքելու է, Եգիպտոսում ամեն ինչ է չորանալու (5-7), վերանալու է ձկնորսությունը (8) ու դադարելու է տարատեսակ բույսերից իրեր պատրաստելու գործը, իրեր, որոնք պատրաստվում էին Նեղոսի ափերին աճող բույսերից (9): Եգիպտոսի վերին ու ստորին կաստաներն անկում են ապրելու (10), հոգևորականներն ու իմաստունները կորցնելու են իրենց իմաստությունը (11-12) ու մեծապես վնաս են հասցնելու պետությանն իրենց անխոհեմ խորհուրդներով (13-14): Մի խոսքով՝ Եգիպտոսում ամեն ոլորտ խորը ճգնաժամ է ապրելու (15):

   «Մարգարեություն…»։ Տե՛ս 13:1:

   «Եգիպտոս» (տե՛ս Толковая Библия, Т. 1. С. 123-124; Т. 2. С. 472, 489-490): Այս երկիրը հենց եգիպտացիների կողմից հնում անվանվում էր «Կամ», ավելի ուշ «Կեմի»՝ «սև», այն բանի պատճառով, որ այդպիսի սև գունավորում ունի այն տիղմը, որը մնում էր եգիպտական դաշտերում Նեղոսի վարարումից հետո: Հրեաները Եգիպտոսն անվանում էին «Միցրայիմ», այսինքն՝ «ցանկապատներ», հավանաբար սրանով նկատի ունենալով այն պարիսպը, որը Եգիպտոսը բաժանում էր արաբական անապատից: «Եգիպտոս» բառը փյունիկյան ծագում ունի ու նշանակում է «ծովային կոր ափ»: Այս լայնածավալ երկիրն իր մեջ ներառում է և՛ բերքառատ տարածքներ՝ Նեղոսի ափերի մոտ, և՛ հսկայածավալ անապատներ: Բացի Նեղոսից՝ հին ժամանակներում Եգիպտոսը ոռոգվում էր նաև բազմաթիվ ջրանցքների միջոցով, որոնցով ջուրը հասցվում էր այնպիսի վայրեր, որոնք անհասանելի էին Նեղոսի ջրերի համար: Ներկայումս գիտությունը պարզել է Նեղոսի ամենամյա վարարումների պատճառը․ դա ամեն տարի նույն ժամանակահատվածում Նեղոսի ակունքներում կրկնվող տրոպիկական անձրևներն են, որոնց պատճառով հալչում է մոտակա լեռների բարձր գագաթներին գտնվող ձյունը: Հնում Եգիպտոսն իր բուսականությամբ ավելի հարուստ էր, քան թե ներկա ժամանակներում, իսկ Նեղոսի վտակն իր պտղաբերությամբ անսպառ շտեմարան էր ամբողջ Ասիայի ու Եվրոպայի համար: Եգիպտոսի կենդանական աշխարհը նույնպես հարուստ ու բազմազան էր:

   Հին եգիպտացիները Եգիպտոսը բաժանում էին վերին և ստորին մասերի: Առաջինը՝ գլխավոր քաղաք Նո-Ամմոնով կամ Ֆիվամով, առանձնանում էր իր հարստությամբ ու պալատների և տաճարների մեծությամբ, իսկ երկրորդը՝ գլխավոր քաղաք Նոֆով կամ Մեմֆիսով, հայտնի էր իր քառասուն բուրգերով:

   Եգիպտոսում ապրում էին Քամի սերունդները՝ ծնված նրա երկրորդ որդուց (Ծննդ. 10:7, 13), ուժեղ և գեղեցիկ մի ցեղ, որը գլխավորապես զբաղվում էր հողագործությամբ, բայց և միևնույն ժամանակ բարձունքների էր հասել նաև մշակութային ու կրթական ոլորտներում: Եգիպտոսի քաղաքական կյանքը վաղուց ի վեր աչքի էր ընկնում երկրում հաստատված անսահմանափակ, ժառանգական իշխանության համակարգով: Եգիպտոսի առաջին թագավորը (ըստ Լեպսիուսի) Մենեսն էր, ով գահ էր բարձրացել Ք. ա. 3892 թվին։ Գիտնականները հաշվել են շուրջ 30 թագավորական դինաստիաներ, որոնք Եգիպտոսում հաջորդել են մեկը մյուսին: Ի վերջո՝ Եգիպտոսը սկզբում դառնում է հունական, իսկ հետո էլ հռոմեական կայսրության նահանգներից մեկը:

   «Ամպի վրա»։ Այս պոետիկ եղանակով մարգարեն ցանկանում է մատնանշել այն արագությունը, որով Տերն իրականացնելու է Իր արդար դատաստանն ընդդեմ Եգիպտոսի (հմմտ. Սաղմ. 17:11; 67:34):

   «Հասնելու է», ավելի հստակ՝ «մոտենալու է»:

   «Եգիպտական կուռքերը»։ Եգիպտացիները չափազանց մեծ քանակությամբ աստվածներ ունեին, որոնք համարվում էին մարդկային կյանքի տարբեր բնագավառների հովանավորները: Եգիպտոսի կրոնական կյանքը երբեք միաստվածնյա չի եղել, ու աստվածների և երկրպագության առարկա հանդիսացող կուռքերի թիվը Եգիպտոսում ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էր մեծանում։ Այդ «աստվածների» կամ կուռքերի արտաքին տեսքը խիստ տարբեր էր մեկը մյուսից: Այստեղ կային և՛ մարդկային կերպարներ, և՛ ցլի, թռչունների, մողեսների ու այլ կենդանիների տեսքով կուռքեր:

   «Եգիպտոսի սիրտը»։ Եգիպտոսը կորցնելու է իր ողջ համարձակությունը, իսկ նրա բնակիչների շրջանում խուճապ է սկսվելու:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն:
(Արարատ թարգ․) Պատգամ Եգիպտոսի մասին։ Ահա Տերը, որ բազմել է արագասահ ամպի վրա և գալիս է Եգիպտոս։ Եգիպտոսի կուռքերը պիտի դողան նրա ներկայությունից, և եգիպտացիների սիրտը պիտի հալվի իրենց մեջ։
(Գրաբար) Ահաւասիկ Տէր նստեալ ի վերայ թեթեւ ամպոյ, եկեսցէ յԵգիպտոս: եւ շարժեսցին ձեռագործք եգիպտացւոց յերեսաց նորա. եւ սիրտք նոցա լքցին ի նոսա: