Ա. Լոպուխին
Բայց Դու լքել ես Քո ժողովրդին՝ Հակոբի տանը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։ (Սինոդական թարգ․) [6]
6-22 համարներ: Ցավոք սրտի, հրեաները մարգարեին ներկայանում են որպես անկարող էակներ՝ իրականացնելու նրա անկեղծ ցանկությունը: Նրանք խոնարհվել են հեթանոսության խավարի և ամեն տեսակի անբարոյականությունների առջև: Գուշակությունները և կուռքերին մատուցած պաշտամունքներն արդեն իսկ արմատ են գցել Հուդայի թագավորությունում: Այդ իսկ պատճառով Հուդա-Իսրայելը հեթանոսներից էլ առաջ պետք է իր վրա զգա Աստծո դատաստանի ծանրությունը: Մարգարեն վառ գույներով նկարագրում է իրենց արտաքին հաջողություններով հպարտացող հրեաների ստորացումները և նսեմացումն ա՛յն կուռքերի, որոնց զորությանը նրանք ապավինել են:
Մարգարեն հրեաներին հայտնում է, որ Բարձրյալն արդեն իսկ երես է թեքել նրանցից՝ օտար սովորույթներով տարված լինելու պատճառով: Նրանք շատ բան են փոխառել Արևելքից (եբր. «միկկեդեմ») կամ, ինչը որ, կարծես թե, ավելի ճիշտ է, «գուշակություններից և կախարդություններից» («միկեդամ»՝ Գուբիգանի ուղղված տեքստի համաձայն): Նրանց մեջ եղող մոգերը նույնքան հմուտ են, որքան փղշտացիների երկրում ապրողները, այն դեպքում, երբ փղշտացիների երկիրը հայտնի է իր գուշակություններով (Դ Թագ. 1:2):
Այլազգիների հետ հրեաները շփվում էին և՛ առևտրի, և՛ քաղաքականության, և՛ ամուսնական կապերի միջոցով:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Յակոբի տնից, որովհետեւ նրանց երկիրը, ինչպէս այլազգիներինը, առաջուայ պէս լցուեց կախարդներով, եւ նրանք բազում այլազգի որդիներ ունեցան:
(Արարատ թարգ․) Դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։
(Գրաբար) քանզի եթող նա զժողովուրդ իւր զտունն Յակովբայ. զի լցաւ իբրեւ զառաջինն աշխարհ նոցա հմայիւք իբրեւ զայլազգեաց, եւ որդիք բազումք` այլազգիք ծնան նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: