Ա. Լոպուխին
26-29․ Եվ այդպիսի կարգի է նրա Աստված նրան սովորեցրել. Նա սովորեցնում է նրան։ [26] Քանի որ անջրդեղը ատամնավոր կամնասայլով չեն կալսում, և կամնասայլի անիվները չամանի վրա չեն պտտեցնում, այլ թակիչով են անջատում անջրդեղը, և չամանը՝ փայտով։ Ցորենի հացահատիկը կալսում են, սակայն այն չեն կոտրում, և նրա վրայով քշում են կամնասայլը՝ իր ձիերով, սակայն այն չեն փշրում։ Եվ այս ամենը տեղի է ունենում Զորությունների Տիրոջ կողմից. սքանչելի են Նրա ճակատագրերը, մեծ է Նրա հանճարը։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն արդեն ասել էր, որ հողագործը միանման չի ցանում տարբեր տեսակի հացահատիկները։ Այժմ նա իր ընթերցողների ուշադրությունը սևեռում է ա՛յն հանգամանքի վրա, որ արդեն իսկ հասունացած հացահատիկի տարբեր տեսակները հողագործը տարբեր կերպերով է մշակում, որպեսզի դրանք պիտանի լինեն կերակրի մեջ օգտագործելու համար։
26-րդ համարը կարելի է այսպես թարգմանել. «Եվ նա հատուկ, համապատասխան եղանակներով է անջատում դրանք (հացը) – նրան Աստվա՛ծ է դա սովորեցնում»։ Դա նշանակում է, որ հողագործը զգուշությամբ հանում, հեռացնում է ցորենի շապիկը՝ նկատի ունենալով դրանց ամրությունը, և դա նա անում է՝ հիմնվելով Աստծո կողմից հաստատված կյանքի համակարգության ու բույսերի աճի ուսումնասիրության վրա (այստեղ խոսք չի գնում Աստծո կողմից անմիջական ինչ-որ ուսուցման մասին)։
«Անջրդեղը ատամնավոր կամնասայլով չեն կալսում…»: Առավել նրբիկ սերմերը, ինչպիսիք են անջրդեղը կամ չամանը, իրենց մշակման համար խոշոր մեքենաների գործածություն չեն պահանջում, ինչպիսին է, օրինակ, մեծ կամնասայլակը, որը դրված էր ակների վրա և հատուկ մամլիչ ուներ։ Հենց նույն կերպ էլ հողագործը զգուշությամբ կալսում է ցորենի հացահատիկը՝ վախենալով ճզմել կամ փշրել այն։
«Եվ այս ամենը տեղի է ունենում Տիրոջ կողմից»: Մարգարեն ցանկանում է ասել, որ եթե Տերը հոգ է տարել անգամ հացի մշակման մասին, ուրեմն Նա ինչքա՜ն ուշադիր կլինի Իր ժողովրդի հանդեպ։ Եվ այդ պատճառով էլ մարգարեն այս գլուխն ավարտում է Տիրոջ փրկության և իմաստության փառաբանությամբ (ռուսերեն թարգմանության մեջ «ճակատագիր» բառի փոխարեն ավելի ճիշտ կլինի ընթերցել «խորհուրդ, իմաստություն» բառերը, իսկ «հանճար» բառի փոխարեն պետք է կարդալ՝ «փրկություն»)։ Իրականում Տերը մեկ պատժում էր Իր ժողովրդին, մեկ էլ պարգևատրում էր նրան, այսպես ասած՝ փոխում էր նրանց հանդեպ Իր վերաբերմունքը։ Անգամ այն պատիժները, որոնք Տերն ուղարկում էր Իսրայելի վրա, շատ փափուկ էին. դրանցում արտահայտվում էր Բարձրյալի իմաստուն հանդուրժողականությունն Իր ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Տիրոջ հոգատարությունը հրեա ժողովրդի բարոյական վիճակի բարելավման հարցում։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Իսկ դու պիտի սովորես դա քո Աստծու արդարութեամբ, որով եւ ուրախ ես լինելու:
(Արարատ թարգ․) Նրա Աստվածը կրթել է նրան ուղղամտությամբ և ուսուցանել է նրան,
(Գրաբար) Եւ խրատեսցիս դու իրաւամբք Աստուծոյ քոյ, եւ ուրախ եղիցես:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: