Ա. Լոպուխին
1-2․ Վա՜յ Արիելին, Արիելին՝ ա՛յն քաղաքին, որտեղ որ ապրում էր Դավիթը, տարին տարվա վրա ավելացրե՛ք, թող զոհերը մորթվեն։ [1] Սակայն Ես կամաչեցնեմ Արիելին, և լաց ու հեծեծանք կլինի, և նա կմնա Ինձ մոտ, ինչպես Արիելը։ (Սինոդական թարգ․)
Տխուր ապագա է սպասվում Երուսաղեմին, քանի որ նա կենթարկվի պաշարման բոլոր սարսափներին։ Սակայն քաղաքը թշնամիների կողմից չի գրավվի, այլ այդ թշնամիները շուտով կանհետանան։ Բայց Երուսաղեմի բնակիչները անտարբերությամբ էին լսում սպասվող իրավիճակի վերաբերյալ մարգարեի սույն խոսքերը։ Հոգևոր կուրության մեջ լինելով՝ նրանք անգամ ի վիճակի չէին հասկանալու մարգարեի այս խոսքերը։
Ահա թե որն է մարգարեի խոսքի՝ այստեղ արծարծվող թեման։ Արիելը, այսինքն՝ Աստծո քաղաքը կամ Երուսաղեմը, չնայած այն բանին, որ նա Արիելն է, այսինքն՝ Աստծո առյուծը, կընկնի մեծ նեղության մեջ, սակայն ամեն դեպքում կմնա որպես Արիել՝ որպես Աստծո օջախ։ Ահա թե ինչու այստեղ մենք միևնույն բառը տեսնում ենք երեք տարբեր նշանակություններով․ առաջին հերթին մարգարեն «Արիել» անունը օգտագործում է «Աստծո կարկուտ» (եբր․՝ «առ» - քաղաք, և «էլ» - Աստված, իսկ «ի» մասնիկը համակցող բնույթ ունի) նշանակությամբ։ Երկրորդ իմաստով (2-րդ համարի առաջին հատվածում) «Արիել» անունը նշանակում է «Աստծո առյուծ», այսինքն՝ ուժեղ քաղաք, որը կընկնի ծայրահեղ ծանր կացության մեջ։ Երրորդ իմաստով էլ (2-րդ համարի վերջին բառը) «Արիել» անունը նշանակում է «Աստծո օջախ կամ զոհասեղան»։ Երկրորդ համարի այս վերջին արտահայտության իմաստն էլ է այն, որ, չնայած բոլոր դժբախտություններին, Երուսաղեմը՝ որպես Աստծո ճշմարիտ զոհասեղան, կպահի իր գլխավորող դերը հրեական քաղաքների մեջ։
«Տարին տարվա վրա ավելացրե՛ք»։ Այս խոսքերը պետք է պարունակեն որոշակի ցուցում Երուսաղեմի պաշարման սկսվելուց առաջ մնացած որոշակի ժամանակի մասին, որովհետև հակառակ դեպքում դրանք ամբողջովին անիմաստ սպառնալիքներ կլինեին․ Երուսաղեմի բնակիչները կարող էին ենթադրել, որ իրենք շուտով ստիպված չէին լինելու հանդիպել իրենց թշնամիներին։ Այս հատվածն ավելի ճիշտ կլինի այսպես թարգմանել․ «Ավարտվող տարվան դուք կարող եք միայն մեկ ամբողջական տարի ավելացնել, ընդամենը ևս մեկ տոնական տարվա պտույտի կհասցնեք ականատես լինել (․․․մինչև շրջափակումը)»։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Վա՜յ քեզ, Արիէ՛լ քաղաք, Արիէլ, որը Դաւիթը պաշարեց, քանզի տօները խառնուեցին իրար: Արմտի՛ք հաւաքեցէք եւ տարէցտարի կերէ՛ք, կերէ՛ք Մովաբի հետ միասին:
(Արարատ թարգ․) Վա՜յ քեզ, Արիե՛լ, Արիե՛լ, Դավթի բանակատեղի քաղաք։ Ավելացրե՛ք տարին տարվա վրա. քո ուխտագնացության տոները թող հաջորդեն միմյանց։
(Գրաբար) Վայ քեզ Արիէլ քաղաք. Արիէլ զոր Դաւիթն պաշարեաց, զի տաւնքն ամբոխեսցին: ժողովեցէք արմտիս եւ կերայք ամ յամէ. եւ կերիջիք Մովաբաւ հանդերձ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: