Եսայու մարգարեության մեկնություն 3։25

Ա. Լոպուխին

25-26․ Քո տղամարդիկ կընկնեն սրից, իսկ քո քաջամարտիկները կընկնեն պատերազմում: [25]Եվ մայրաքաղաքի դարպասները պետք է ողբան ու սուգ անեն:
   
   Քանի որ շատ հրեաներ պետք է ընկնեին պատերազմի դաշտում, ուստի ոչ ոք չէր լինելու, որ հավաքվեր քաղաքային դարպասների մոտ, ուր սովորաբար դատաստաններ էին գործադրվում և շուկայական առևտուր էր կազմակերպվում:

   Մարգարեի խոսքերը, որոնք բովանդակվում են երրորդ գլխում (բացառությամբ 10-11-րդ համարների, որոնք իրենցից ներկայացնում են բարեպաշտական սաղմոսների հուզումնալից արտահայտություններին նմանվող մի բացականչություն) լավագույն քննադատների կողմից հռչակվում են իբրև Եսայի մարգարեի գրչին պատկանող ստեղծագործություններ: Նրանք, սակայն, ասում են նաև, որ Եսայի մարգարեին բնորոշ չէ ա՛յն մանրամասնություների իմացությունը, որոնք մարգարեն հայտնում է կանանց զարդարանքների մասին, սակայն այդ տեսակետն ինքնին բավարար հիմնավորում չունի:

   Այս խոսքերը գրի են առնվել, հավանաբար, Հովաթամի թագավորության վերջին տարիներին կամ էլ, որ ավելի հավանական է, նրա մահից անմիջապես հետո, գուցե հենց Աքազի՝ Հուդայի թագավորության գահին բարձրանալուց մի փոքր առաջ: Արտաքին թշնամիների կողմից ոտնձգությունների ենթարկված լինելով (Դ Թագ. 15:37)՝ Երուսաղեմը ներսից «հանձնվել» էր անարխիայի: Երիտասարդ Աքազը դեռևս իր ձեռքը չէր առել կառավարումը, և շատերը, հավանաբար, վախենում էին նրա թագավորումից՝ ցանկանալով, որ իրենց վրա իշխի առավել շատ կարողություններ ունեցող մի կառավարիչ: Սակայն այդպես էլ չգտնվեցին այնպիսիք, որոնք կցանկանային իրենց վրա վերցնել Հուդայի թագավորության կառավարման դժվարին գործը:

   Այս խոսքերը, Condamin-ի համաձայն, դյուրությամբ կարող են բաժանվել հետևյալ հատվածների միջև.

1-7 համարներ … … … հատված 1 3, 3, 2, 2
8-15 համարներ … … … հատված 2 3, 3, 2, 2
16-23 համարներ … … … հատված 1 3, 2, 3
24-26 համարներ … … … հատված 2 3, 2, 3

 

   Պետք է նկատի ունենալ, որ Condamin-ը 19-րդ համարը բաժանում է երկու մասի, ինչպես որ դա արված է եբրայական մասսորեթական Աստվածաշնչում, որի հետևանքով այնտեղ երրորդ գլուխն ունի ոչ թե 25, այլ 26 համար:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Քո գեղեցիկ զաւակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները եւս սրով պիտի ընկնեն:
(Արարատ թարգ․) Քո մարդիկ պիտի ընկնեն սրով, քո քաջամարտիկները՝ պատերազմում։
(Գրաբար) Եւ որդիդ քո սիրելի զոր սիրես` սրով մեռցի. եւ իշխանք ձեր սրով անկցին: